Ստեփանակերտ-Գորիս մայրուղին արդեն 1 օր երկկողմանի փակ է։ Ադրբեջանցիները հերթական սադրանքին են դիմում՝
փակելով Արցախն աշխարհին կապող փաստացի միակ ճանապարհը։ Հայաստանից Արցախ գնացող քաղաքացինեը՝
կանայք և երեխաները, գիշերել են Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում և Սյունքի մարզում,
իսկ տղամարդկանց մեծ մասը հենց ճանապարհին։
Թշնամին կրկին խախտում
է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Դրան ի պատասխան ի՞նչ են անում և ի՞նչ կարող
են անել հայտարարության մյուս կողմերը։ Հայաստանի իշխանությունը, որը «խաղաղության դարաշրջան» էր խոստանում, հիմքում դնելով հենց նոյեմբերյան փաստաթուղթը՝ սահմանափակվում է անատամ հայտարարություններով և կոչերով։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ օպերատիվ կապ
ունի Ադրբեջանի «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիևի հետ, ինչո՞ւ այդ կապը գործի չի
դրվում, որ խնդիրն արագ լուծվի։ Երեկ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում ԱԳ նախարարությունը
որևէ կերպ չանդրադարձավ խնդիրն։ Միայն օրվա ավարտին, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության»
4-րդ գլոբալ ֆորոմի շրջանակներում, մասնակիցների մի փոքրիկ խմբակի նախարար Միրզոյանը տեղեկացրել
էր և անընդունելի համարել ճանապարհի փակումը։ Նա էլ իր հերթին, կապ է
պահպանում Բայրամովի և Չավուշօղլուի հետ։ Բավական է Ադրբեջանում և Թուրքիայում մի դժբախտ
պատահար տեղի ունենա, անմիջապես ցավակցություն է հայտնում և այլն։ Ցավոք, այդ արագության
կապը չի ապահովվում այսպիսի դեպքերում։ ԱԽ
քարտուղար Արմեն Գրիգորյանը շարունակում է իր պլանային հանդիպումները, ՀՀ ՄԻՊ-ն էլ
արձանագրում, որ մարդու իրավունքների խախտման հերթական դեպքն է և վերջ։ Պաշտպանության նախարարին հավանաբար դեռ
չեն զեկուցել խնդրի մասին, զրո արձագանք։ Պապիկյանը գոնե պետք է հանդիպած լիներ ՌԴ խաղաղապահ
առաքելության ղեկավարի հետ, որոշակի հարցեր ուղղեր և այլն։ Նախարարությունում «աշատանքային
բնականոն» ընթացք է՝ հանդիպումներ և այլն։ Այս իրավիճակը մի փոքր խաթարում են ՊՆ-ում
Փաշինյանի հանձնարարականով իրականացվող ՊՎԾ ստուգումները։
Հայտարարության երաշխավորը
Ռուսաստանն է։ Մինչ այժմ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ ունեցել է մեկ հեռախոսազրույց,
որն արդեն 20 ժամից ավելի է խնդիրը չի լուծել։ Ռուս խաղաղպահները դեռ երեկվանից ճանապարհի
այդ հատվածում զինտեխնիկա և զինուժ են կուտակել։ Ըստ ռուսական տելեգրամյան ալիքների՝ սպսում
են «վերևներից» եկող հրամանի։ Այս տեղեկությունները ենթադրությունների մակարդակից տեղափոխելու
համար, հավանաբար, կարիք կա, որ ՀՀ իշխանության որևէ բարձրաստիճան պաշտոնյան հանդիպի
կամ գոնե ժամանակ գտնի և հեռախոսազրույց ունենա Վոլկովի հետ։ ՌԴ իշխանությունը պարզապես
հետևում է իրադարձություններին, քանի որ իրենցից սպասելիքները հայկական կողմը չի ձևակերպել։
Եվ, իհարկե, այս ամենի
տուժող կողմը՝ Արցախը, փորձում է ինչ-որ բաներ անել։ Արցախում ԱԽ նիստն արդեն կայացել
էր, մինչ ՀՀ-ն դրա մասին հայտարարեց, որոշել են անձամբ դիմել ՌԴ խաղաղխահներին, իսկ
սպասելիքների մասին լռում են։









