Foto

Արդեն Սյունիքում եմ․ Արմեն Խաչատրյան

Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳ նախարարությունը։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը`այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողվի անդամ Արմեն Խաչատրյանը Vesti.am-ի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովն ակտիվ զբաղվում է խնդրով, սակայն, թե ինչ գործողություններ է անում հրապարակման ենթակա չէ։ «Արդեն Սյունիքում եմ, մի քանի համայնքներ պլանավորած այց ունեմ, պիտի այնտեղ գնամ։ Ինչպես գիտեք, գիշերը ճանապարհը փակ լինելու պատճառով, բազմաթիվ քաղաքացիներ՝ կանայք և երեխաներ, գիշերել են Սյունիքի մարզում: Պետք է նաև տեղում հասկանանք, թե ինչի կարիք ունեն և զբաղվեք այդ հարցերով ևս»,- նշեց սյունեցի պատգամավորը։

Խաչատրյանը չասաց՝ արդյո՞ք անձամբ կգնա ճանապարհի փակված հատված, թե՞ ոչ՝ տեղեկատվությունը համարելով հրապարակման ոչ ենթակա։ Նշեց նաև որ ինքն անձամբ, ինչպես նաև թիմը, անելու են ամեն ինչ, միչև հասնեն խնդրի արագ կարգավորմանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան