Այն ինչ տեղի է ունենում
վերջին 4,5 տարիներին ՀՀ-ում՝ դուրս է բոլոր քաղաքագիտական չափորոշիչներից․ տեղի ունեցող գործընթացները բանական անհատի մոտ առաջացնում են դիլեմա՝ կազուս։ Հայաստանում կա խորը քաղաքական
ճգնաժամ, սակայն, որքան էլ տարօրինակ է, այն դուրս է քաղաքական համակարգից։ Քաղաքական
համակարգը կամ այն, ինչին իներցիայով անվանում են քաղաքական համակարգ, գոնե արտաքուստ
գործում է խռով ու անհաղորդ ռեժիմով։ Դրա մասնակիցները միմյանց վերաբերվում են ցուցադրական
անհաշտությամբ, բայց բոլորին միավորում է այն, որ անհաղորդ են քաղաքացիների, ամենատարբեր
հանրային խմբերի խնդիրներին, մտահոգություններին, պահանջներին։
Ըստ էության՝ այսօր երկրում
գոյություն ունի իշխանություն, որն առաջնորդվում է այն մեկ օր ավելի պահելու
սկզբունքով և ամեն հաջորդ առավոտ գոհ է՝ նախորդ օրն իշխանությունը պահած լինելու մխիթարանքով։
Կա անվանական կամ տիտղոսային ընդդիմություն, որը խորհրդարանից՝ փողոց, փողոցից՝ խորհրդարան
է գնում՝ այդպես էլ խարխափելով արմատականության ու կառուցողականության ոլորաններում։
Մեծ հաշվով, սա է այն քաղաքական ստատուս-քվոն, որում ապրում է Հայաստանը։ Պետք է փաստենք
նաև, որ քաղաքական համակարգի այս երկու բևեռներին զուգահեռ՝ հանրության մեջ կան ամենատարբեր
շերտեր՝ սկսած բացարձակապես անտարբերներից ու պետականության կորստով երջանկացողներից,
մինչև պատեհապաշտ հարմարվողներ ու այս իրականության հետ անհաշտ քաղաքացիներ, քաղաքացիական
խմբեր։
Ինչպես և կարելի էր կանխատեսել՝
հենց այս վերջին խմբի ներկայացուցիչներն էլ հանդիսանում են քաղաքական լուրջ գործընթացների
պոտենցիալ աջակիցները, որոնք ամենատարբեր հարթակներում, ավելի կամ պակաս չափով, ներկայացնում
են քաղաքական պահանջարկ, որը, սակայն, քաղաքական ձևակերպում չի ստանում։ Այս՝ հարաբերականորեն
ակտիվ զանգվածն իշխանությունից որևէ ակնկալիք չունի, պարզորոշ գիտակցում է իշխանության
կործանարարությունը և խնդիրների լուծումը տեսնում է իշխանափոխության մեջ։ Ըստ էության՝
նրանց պահանջն ընդդիմությունից է, որը, սակայն, այս հանրային շերտին իրեն դաշնակից
դարձելու փոխարեն՝ ավելի է վանում՝ ցանկացած քննադատության պատասխանելով՝ «մենք այսքան
ենք կարողանում, եթե ունակ եք ավելիին, որևէ մեկը չի խանգարում»։ Ընդդիմության այս
պատասխանները նման են խնջույքի «ընտրված» թամադայից դժգոհողներին ուղղվող հանդիմանանքին։
Որքան էլ դաժան հնչի՝
մոտավորապես նույն իրավիճակն է նաև քաղաքական համակարգում, որը լավ կամ վատ, արդյունավետ
կամ ոչ, ունի իր կառուցվածքն ու տրամաբանությունը, և այդ կառուցվածքում բևեռներից մեկը
գործող ընդդիմությունն է։ Այս սխեմայից դուրս ցանկացած նախաձեռնություն արտահամակարգային
է և առաջացնում է համակարգի հավաքական հակադարձումը, որը պարտադիր չէ, որ լինի իշխանության
և ընդդիմության ստվերային պայմանավորվածության արդյունք։ Գաղտնիք չէ, որ ցանկացած համակարգ
ունի ներքին դիմադրողականության մեխանիզմներ, և հայկական քաղաքական դաշտն էլ գործում
է այդ սկզբունքով՝ համակարգային կանոններից դուրս ցանկացած քայլի պատասխանելով ինքնապահպանման
ռեակցիայով։ Արդյունքում իրական քաղաքական ճգնաժամը խորանում է, հասարակության և քաղաքական
ուժերի միջև անդունդն ավելի է մեծանում (ինչպես հայտնի է՝ վերջին սոցհարցումների տվյալներով՝
հարցվածների 70 տոկոսը չի վստահում կուսակցություններից ոչ մեկին), բայց արտաքուստ
քաղաքական համակարգը շարունակում է գործել՝ մեկուսանալով հանրությունից ու հեռանալով
սահմանադրական այն անփոփոխ նորմից, ըստ որի՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին։
Ամփոփենք՝ առերեսվելով
ռեալ իրականության հետ․ իրականում ոչ միայն իշխանությունը, այլև, ընդհանուր առմամբ, քաղաքական
համակարգն ու քաղաքականությունը ժողովրդին չի պատկանում։ Ինչպես և նույն այդ քաղաքական
համակարգի պատճառով սոսկ բաժակաճառի առարկայի վերածված պետությունը, որի համար աշխատանքային
ժամերին հակապետական քայլերից հետո, երեկոյան հոտնկայս խմում են բոլորը՝ նայած թե ով է թամադան։
Արմեն Հովասափյան









