Ադրբեջանը մշտապես սադրել և ներկայումս էլ սադրում է սահմանային լարվածության հարցերում։
Ավելին, վերջին օրերին Բաքուն Երևանի դեմ մեծ թափով գործի է դրել տեղեկատվական դիվերսիայի
ավանդական գործիքները՝ ամենօրյա ռեժիմով հայկական կողմին մեղադրելով հրադադարի իբրև
թե խախտումների մեջ։ Անընդհատ ապատեղեկատվություն է տարածվում այն դեպքում, երբ ՀՀ
սահմանամերձ գյուղերն ու դիրքերն են գտնվում թշնամու մշտական կրակոցների թիրախում:
Տեղի ունեցողին զուգահեռ փոխվել են նաև Ադրբեջանի իշխանությունների քաղաքական հայտարարությունները,
որոնք դարձել են ավելի ռազմատենչ ու թիրախային, քան շաբաթներ առաջ էին: Ուշադրություն
է գրավում նաև այն հանգամանքը, որ լուրջ տարաձայնություններ են առաջանում Արցախում
ռուսական խաղաղապահ առաքելության և Ադրբեջանի ԱԳՆ-ի միջև տարբեր դրվագներով. Ավելին,
ադրբեջանական կողմին նախ անհանգստացնում են խաղաղապահ կոնտինգենտի հայտարարություններում
հայկական տեղանունների օգտագործումը, ինչպես նաև հաղորդումները՝ հրադադարի խախտումների
մասին:
Նմանօրինակ մի դրվագ տեղի
ունեցավ բառացիորեն օրերս, երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքեց ՌԴ ՊՆ հաղորդագրությունն այն
մասին, որ Շուշիում հրադադարի ռեժիմը խախտվել է, և այդ մեղադրանքը համարել է «միանգամայն
անհիմն»։ Դրանցի բացի՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել հայկական տեղանուններ չօգտագործելու
զգուշացման վերաբերյալ ռուսական կողմի «քամահրական» վերաբերմունքի կապակցությամբ: Միաժամանակ,
գուցե զուտ զուգադիպություն, հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Շառլ Միշելի
միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը չեղարկվում է:
Ըստ էության՝ խաղաղապահ
կոնտինգենտ-ադրբեջանական կողմ տարաձայնությունները պատահական չեն, ակնհայտ է, որ ռուսական
կողմը տրամադրված է զսպել Ադրբեջանի ամբիցիաները: Դա են ցույց տալիս նաև այն
կոնտակտները, որոնք տեղի են ունենում Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև (տեղեկություններ
կան, որ նախօրեին տեղի ուենցած Լավրով-Բայրամով հանդիպման ժամանակ առանձին անդրադարձ
է եղել հենց այս դրվագին): Փաստ է այն, որ Ադրբեջանն անընդհատ գործի է դնում նույն մեխանիզմը,
երբ ինչ-որ հարցում փոքր-ինչ տարաձայնություն է առաջանում ՀՀ հետ՝ ապատեղեկատվություն
ռազմական գործողությունների մասին, ապա հարձակում կամ կրակահերթեր, որպեսզի բանակցային
գործընթացն իր համար հարմար պայմաններով ընթանա:
Ընդգծենք, որ այս ընթացքում
դիվանագիտական ակտիվ շարժերը ևս Հայաստան-Ադրբեջան գործընթացի շուրջ չեն դադարում,
Բաքուն ընդունում է պատվիրակներ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից, ինչպես նաև ԵՄ-ից։
Ըստ էության՝ բոլոր արևմտյան պաշտոնյաների ուղերձը մեկն է՝ կողմերը պետք է շարունակեն
բանակցությունները, այդ թվում՝ ուղիղ հարթակ ձևավորելով, քաղաքական կամք դրսևորելով
և թուլացնելով լարվածությունը: Արարատ Միրզոյանն իր վերջին հարցազրույցներից մեկում
նշել է, որ չնայած տարբեր ուղղություններով ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի
կողմից չեն դադարում առավելապաշտական և ռազմատենչ հայտարարությունները, հայկական կողմին
ուղղված անհիմն մեղադրանքները և ուժի գործադրման սպառնալիքները։ «Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են գտնվել
ՀՀ ինքնիշխան տարածքում, պարբերաբար Ադրբեջանի կողմից տեղի են ունենում ռազմական սադրիչ
գործողություններ։ Այս փաստերի համադրումը ցույց է տալիս, որ իրավիճակը շարունում է
չափազանց լարված մնալ, և մեր միջազգային բոլոր գործընկերները պիտի հավելյալ ջանքեր
գործադրեն՝ զսպելու Ադրբեջանի նկրտումները և պահպանելու Հարավային Կովկասում առկա փխրուն
խաղաղությունը»,- ընդգծել է Միրզոյանը:
Ըստ էության ակնհայտ է, որ, չնայած ժամանակն անցնում է, Ադրբեջանում էյֆորիկ տրամադրությունները չեն դադարում, որոնք միանշանակ երկրի ղեկավարությանը մղում են անհեռատես ու չգնահատված քայլերի: Այստեղ էական նշանակություն ու դերակատարություն ունի նաև դիվանագիտական ճակատում մեծ արդյունքների բացակայությունը, քանի որ Բաքվում կարծում էին, որ, հատկապես Ուկրաինայում տեղի ունեցող ծանր իրադարձությունների ֆոնին, Հարավային Կովկասը լիովին անտեսվելու և մղվելու է հետին պլան: Իրականում, սակայն, դեպքերի զարգացումները ցույց են տալիս, որ մեր տարածաշրջանում ևս աշխարհաքաղաքական մրցակցությունը միանշանակ ուժեղացել է, և այստեղ այլևս ցանկացած քայլ կարևոր է և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի համար, քանի որ սա տարածաշրջանում ազդեցության մեծացման պայքար է, ու Արևմուտքը, մասնավորապես, ինչը անակնկալ էր, ԱՄՆ-ը, մեծ ու բարձր մակարդակի ջանքեր են ներդնում այդ նպատակին հասնելու համար:
Ներկայումս
հարավկովկասյանում խաղադրույքները չափազանց բարձրացել են: Սա, բնականաբար, դուր չի
գալիս Ադրբեջանին, որը երևի թե չի կարողանում դրա պատճառով ստանալ այն մաքսիմումը,
որը նպատակադրվել էր ստանալ: Հավանաբար հենց դրանով է պայմանավորված, որ սովորության
համաձայն, ուժի գործոնն է ակտիվացնում՝ սկզբում՝ տեղեկատվական դաշտում, հետո, նաև իրականում:
Ի դեպ՝ կարևոր է փաստել, որ Ադրբեջանը նաև փորձում է օգտագործել դիվանագիտական այն
խնդիրները, որոնք կարող են առաջանալ Հայաստանի մոտ, այդ թվում, օրինակ, ՀԱՊԿ-ում (հնարավոր
տարբեր ձևաչափերով նաև ՌԴ տիրույթում հարցերի շրջանակներ քննարկելիս):
Իրավիճակը շատ է տարբերվում նախկինից, քանի որ արտաքին ուշադրությունը
ողջ տարածաշրջանի նկատմամբ աննախադեպ է: Ցանկացած մանրուք կարևոր է, թե որ միջնորդն է կարողանում տարածաշրջանում խաղաղություն ապահովել, այսինքն՝
կողմերի մոտ ունի այնքան հեղինակություն, որպեսզի իրականացնի այդ գործառույթը:
Արմեն Հովասափյան









