Այն նույն պահին, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև Իրանի դեմ պատերազմը, որը երկու շաբաթով կասեցվել է նոր դիվանագիտական բանակցությունների համար, ավելի քան մեկ ամիս է, ինչ ցնցում է համաշխարհային տնտեսությունը, Իրանն ու Չինաստանը օգտվել են հնարավորությունից՝ համաշխարհային ֆինանսական համակարգին ազդող ընդհանուր խնդիրը լուծելու համար, գրում է Al Jazeera-ն։
Նրանց ընդհանուր նպատակն է՝ վերջ դնել ԱՄՆ դոլարի գերիշխանությանը։
Ըստ նրանց՝ տարիներ շարունակ Վաշինգտոնն օգտագործել է դոլարի գերիշխանությունը միջազգային առևտրում՝ իր հակառակորդներին և մրցակիցներին, այդ թվում՝ Իրանի և Չինաստանի վրա ազդելու և նրանց վնասելու համար։
Դոլարի գերիշխանությունը հատկապես ակնհայտ է համաշխարհային նավթի շուկայում, որտեղ, ըստ JP Morgan Chase-ի 2023 թվականի գնահատականի, գործարքների մոտ 80%-ը կատարվում է այդ արժույթով։
Իրանի կողմից Հորմուզի նեղուցի վերահսկողությունը Թեհրանին և Պեկինին հնբարավորություն է տվել գտնել գործիք՝ չինական յուանը որպես ԱՄՆ դոլարի այլընտրանք ամրապնդելու համար։
Ըստ բազմաթիվ հաղորդագրությունների՝ Իրանի իշխանությունների սահմանած փաստացի վճարային ռեժիմի պայմաններում, առևտրային նավերից տարանցիկ վճարները գանձվում են յուանով։
Յուանի կուրսի բարձրացումը շահավետ է և՛ Իրանին, և՛ Չինաստանին։ Այդ արժույթի օգտագործումը նրանց հնարավորություն է տալիս շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները, որոնք սահմանվել են ֆինանսական համակարգի միջոցով, որում գերիշխում է դոլարը։
Այն նաև հեշտացնում և նվազեցնում է երկու կողմերի միջև առևտրի ծախսերը, որը ծաղկում է ապրել 2021 թվականին ստորագրված 25-ամյա «ռազմավարական գործընկերության» շրջանակում։
Չինաստանի համար այդ քայլը համապատասխանում է Պեկինի նպատակին՝ ստեղծել «բազմաբևեռ ֆինանսական աշխարհ, որտեղ ԱՄՆ դոլարի կենտրոնական դիրքը հավասարակշռվում է զարգացող տերությունների աճող ազդեցությամբ»։
Չինաստանը գնում է Իրանի նավթի արտահանման ավելի քան 80%-ը՝ օգտվելով այն գնումների համար սահմանված արտոնյալ գներից, որոնք ենթադրաբար կատարվում են յուանով։
Իր հերթին, Իրանը ներմուծում է չինական ավտոմեքենաների, էլեկտրոնային սարքավորումների, քիմիական նյութերի և արդյունաբերական բաղադրիչների մեծ ծավալներ։
Ըստ վերլուծական ընկերությունների վերլուծությունների՝ պատերազմը գործնականում ոչ մի ազդեցություն չի ունեցել երկու երկրների միջև նավթի հոսքերի վրա, որոնք մնում են նախապատերազմյան մակարդակներում։
Kpler-ի և TankerTrackers-ի տվյալներով՝ հակամարտության առաջին երկու շաբաթների ընթացքում Իրանն արտահանել է 12- 13,7 միլիոն բարել նավթ, որի մեծ մասն ուղարկվել է Չինաստան։









