Foto

Առողջապահական ապահովագրության նախագիծը վերադառնում է «նորովի»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, որի համաձայն առողջապահության ռազմավարության և համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման նախագիծը լավարկելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել։ Հաստատվել է նաև դրա կազմը, որը ղեկավարելու է Մհեր Գրիգորյանը։ Քարտուղարը կլինի փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը։ Կազմում են նաև ՀՀ առողջապահության, ֆինանսների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների համապատասխան ոլորտը համակարգող տեղակալները, վարչապետի աշխատակազմի ղեկավարի, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը և Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

Նկատենք, որ առողջապահական համապարփակ ապահովագրություն ունենալու գաղափարը կար դեռ Արսեն Թորոսյանի նախարար եղած ժամանակներից և սա հենց նրա մտահղացումն էր։ Ոչ հեռավոր 2019թ-ին Թորոսյանն առաջարկում էր անցնել համապարփակ ապահովագրության, որն այն ժամանակ փաստացի գրանցված 600 000 աշխատողի համար լրացուցիչ 6 տոկոս հարկ էր ենթադրում։ Այսինքն գնում էին սոցիալական պետության մոդելով, թեև կառավարության ծրագրում նշված էր և հիմա էլ նշված է լիբերալ կառավարումը։ Ստացվում է, որ գրանցված աշխատողները վճարելու էին չգրանցված, բայց եկամուտ ունեցող քաղաքացիների համար ևս։ Այսինքն՝ տաքսու վարորդ, երգիչ-երգչուհի, տանից աշխատող ծրագրավորողներ և այլն։ Նրանք ակնհայտորեն ունեն ավելի շատ եկամուտներ, քան՝ վաճառողուհիները կամ պետական համակարգում աշխատող շարքային քաղաքացիները և այդյունքում նրանք վճարելու էին ավելի շատ եկամուտ ունեցող քաղաքացիների համար։ Ըստ Թորոսյանի նախագծի՝ որն, ի դեպ, փորձեց կյանքի կոչել նաև Անահիտ Ավանեսյանը, աշխատող և փաստացի ծրագրի համար վճարող քաղաքացիները նաև չէին ստանալու բուժման համար նախատեսված դեղորայքը։ Նախագիծը, բնականաբար, արժանացավ դիմադրության, իսկ մասնագիտական քննարկումները սառեցրեցին հարցի քննարկումը։ Թեև այն ժամանակ կառավարությունը պնդում էր, որ նախագիծը եզակի է, նմանը չունի, որ ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը և այլն, սակայն հիմա փոխվարչապետը գտնում է, որ այն լավարկելու կարիք կա։ Կարելի է ենթադրել, որ իրենք գիտակցել են իրենց սխալը և գնում են փոփոխությունների։ Սա, իհարկե, ողջունելի է, բայց ինչո՞ւ այն ժամանակ մասնագետների հետ չէի խոսում, խորհուրդներ չէին լսում կամ հիմա ինչո՞ւ է աշխատանքային խումբը բաղկացած միայն փոխնախարարներից ու պետական պաշտոնյաներից, ինչո՞ւ ՀԿ-ներ չեն ներգրավվում։ Այսպես միանձնա քաղաքականությունն է, որ անգամ ամենալավ մատահաղացումները վիժեցնում է։

Հեղինակ: Աննա Ավետիսյան