Շատ խոսվեց այն մասին, թե իշխանությունների վուլգարությունն ինչպես է արտահայտվել Հանրապետության հրապարակում: Անկեղծ ասած, որոշել էի չանդրադառնալ, բայց չդիմացա։ Օրը ցերեկով ականատես ենք դառնում, թե ինչպես են չտեսության հասնող ամանորյա քաղաքային լուսավորության ու զարդարանքի շրջանակներում վանդալիզմի ենթարկվում Կառավարության շենքի զարդանախշերով պատերը, դրանք ուղղակի մեխվում են ինչ-որ լարեր անցկացնելու, մի քանի շաբաթվա համար լույսեր կախելու նպատակով։ Համացանցը ողողված էր այդ վանդալիզմը պատկերող լուսանկարներով․ լրագրողները մեկնաբանություն ու բացատրություն ստանալու համար դիմում են այս կամ այն պետական մարմնին, նրանցից ոմանք անհեթեթ ու հիմար հիմնավորումներ են ներկայացնում, և այդպես շարունակ։
Եթե փորձենք երևույթին
նայել հպանցիկ և ոչ խորքային, ապա առաջին հայացքից, կարող է թվալ, թե տեղի ունեցողը
հերթական փնթիությունն է, իշխանությանը բնորոշ հերթական ոչ կոմպետենտ կառավարումը,
անտեղյակության կամ այլ ներելի արատի դրսևորումը, հերթական այն խայտառակություններից
մեկը, որն ամեն օր արձանագրվում է մեր պետական կառավարման համակարգում։ Բայց այս դեպքում նման բացատրությունը մեծագույն նվեր է այն իրականացնող իշխանությանը, որի անտեղյակ
ներկայացուցիչները, հնարավոր է, իսկապես առաջնորդվում են «դե պատ ա, մխում ենք» հիմնավորմամբ։
Եթե վերադառնանք ռեալ
իրականություն, ապա տեղի ունեցած բարբարոսությունն ունի շատ ավելի խորքային պատճառներ
և պարունակում է չափազանց վտանգավոր ուղերձներ։ Ըստ էության՝ իշխանությունը, խիստ մեծ
հավանականությամբ, ոչ առանց Նիկոլ Փաշինյանի հավանության կամ համաձայնության, այլանդակում
է Երևանի ճարտարապետական հպարտությունը համարվող շենքերից, թամանյանական ժառանգության
ամենաշքեղ մոնումենտներից մեկը։
Տրամաբանական է, որ այստեղ
հարց է առաջանում, թե ինչո՞ւ է այդ պատմական շենքի հիասքանչ զարդաքանդակների վրա Փաշինյանը թույլատրում նման ճղճիմություններ կախել։ Այդ հարցի պատասխանը պետք է փնտրել
այն ենթատեքստային ուղերձներում, որոնք Նիկոլը սեփական ճառերի կամ կնոջ միջոցով հղում
է հանրությանը։ Դրանք ընդհանուր առմամբ հանգում են անցյալի ամենայնը զրոյացնելու, պատմության հետ «մեր հարաբերությունները թաղելու» համար տարբեր առիթներով Փաշինյան
ամուսինների կողմից տիրաժավորվող պնդումների մեջ։ Ասել է թե՝ հենց այդտեղ են բանալի
բառերը։ Դրա համար, սակայն, միայն ճառերն ու գրառումները բավարար չեն, անհրաժեշտ են
նաև էքսհիբիցիոնալ, ցուցադրական թաղումներ, որոնցից մեկն էլ թամանյանական զարդանախշերի
հրապարակային մեխումն է։
Ի դեպ՝ այս վանդալիզմն
իր մեջ պարունակում է մեկ այլ նշանակություն ևս։ Գաղտնիք չէ, որ կառավարության շենքը
համարվում է պետության կողմից պահպանվող հուշարձան։ Ստացվում է՝ պետությունը ոչ միայն
չի պահպանում, այլ այլանդակում է այդ հուշարձանը՝ ընդհանրացված ուղերձ հղելով հասարակությանը, որ պետության կողմից
պահպանվող ամեն ինչ գործնականում կարող է այլանդակվել։ Ըստ էության՝ կառավարության
թիվ 1 տունն այս կերպ արժանանում է նույն ճակատագրին, ինչ, օրինակ, Սև լճի տարածքը կամ Ջերմուկի բարձունքները։
Ինչպես կառավարության շենքը, այնպես էլ դրանք և էլի մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր
տարածք գտնվում են պետության պահպանության տակ։ Տարբերությունն այն է, որ այդ տարածքները
գրավվել են ադրբեջանական զինուժի կողմից, իսկ Կառավարության շենքն այլանդակում են քաղաքապետարանի
կամ որևէ այլ կառույցի աշխատակիցներ։
Արմեն Հովասափյան









