Foto

Ողբերգական վթար․ ամուսիններն ու նրանց 3-ամյա տղան մահացել են

Դեկտեմբերի 4-ին, ժամը 23:25-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքը շրջանցող կամրջի վրա տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ԱԻՆ-ից հայտնում են, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19-րդ կմ-ին VAZ-2106 մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 33-ամյա Վահե Հովհաննիսյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, և մոտ 50 մետր արգելապատնեշի մեջ մխրճված առաջ է ընթացել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ 3-ամյա Վաչե Հովհաննիսյանը  և 22-ամյա Արմինե Թորոսյանը տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ գրանցվել է վերջիններիս մահը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ ևս գրանցվել է վերջինիս մահը։