Foto

Հասարակությունը մեղսակից է դառնում ֆարսին

Ապրելով Հայաստանում՝ այնպիսի տպավորություն ես ստանում, թե ապրում ես զուգահեռ իրականություններում՝ մեկը դաժան ու ողբերգական, որտեղ ազգային ու պետական շահերն ու ընկալումներն այլ են, մյուսում՝ քար անտարբերություն է ու «պոֆիգիզմ» մարդիկ թքած ունենք և՛ հայրենիքի վրա, և՛ պետության ու պետականության: Նրանք ունենք մեկ օրակարգ՝ ապրել տվյալ պահի թելադրանքով ու ամենակարևորը՝ կուշտ ստամոքս ունենալ։ Ողբերգական է այն փաստը, որ ասվածը, գնալով, ավելի է խորանում և օր-օրի ականատես ենք դառնում անտարբերության աճի։

Շուրջ մեկ ամիս է՝ Երևանը պատրաստվում է ամանորյա տոնակատարություններին, ավելին, Սուրբ Ծննդյան և ամանորյա տոներից մեկուկես ամիս առաջ արդեն մեկնարեկել են  գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները։ Հավելենք նաև, որ ամեն օր փողոցներ են փակվում՝ տոնական լուսավորության աշխատանքներ իրականացնելու համար, առաջիկայում բացվելու է ամանորյա տոնավաճառ, բյուջեից միլիոնավոր գումարներ են ծախսում: Կարճ ասած՝ Երևանը պատրաստվում է Ամանորին և պատրաստվում է սովորականից մեծ շուքով։ Այնպիսի տպավորություն ունեմ, որ անհայրենիք իշխանությունները որոշել են անցած երկու՝ պատերազմի պատճառով, հարաբերականորեն համեստ նշված տոնակատարություններից դուրս մնացած ճոխությունը լրացնել այս տարի։ Դա իրենց բնորոշ է, քանի որ նախորդ տարներին վախենում էին, որ որևէ ճոխություն կամ ամանորյա շռայլություն հնարավոր է վնասի իրենց աթոռին և հանրային բունտ առաջացնի, ուստի «ստրախովկաներ» էին անում։

Վերը նկարագրվածին զուգահեռ՝ նույն Երևանում, տեղի ունեցող զարդարանքներից մի քանի մետր հեռավորւթյան վրա, կա մեկ այլ՝ ամենևին ոչ տոնական ու ոչ շքեղ իրականություն՝ 44-օրյա պատերազմում ու անցած սեպտեմբերյան ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների, անհետ կորածների, գերիների ծնողների բողոքն ու ողբը, գրեթե ամենօրյա ինքնահրկիզոումների ու ինքնասպանությունների դիմող քաղաքացիների իրականությունը։ Սա է այսօրվա հայաստանյան առօրյան։ Ամանորին ճոխությամբ պատրաստվող քաղաքում այդ մարդկանց վիշտը բազմապատկվում է, ցավը՝ թանձրանում։ Այդ մարդիկ գործնականում միայնակ են մնացել իրենց կորստի ու ողբերգականության հետ, միայնակ են մնացել ոչ միայն իշխանությունների կողմից լքվածության ու անթաքույց ցինիզմի, այլ նաև հանրության անտարբերության պատճառով։

Բնական է, որ կյանքը շարունակվում է և շարունակվելու է իր բնական հունով, բնական է նաև այն, որ հասարակությունը պետք է ապրի նաև նորմալ ժամանակներին բնորոշ սովորություններով, բայց այս մոտեցումը չի կարող բացարձակ լինել և բացարձակության մեջ դառնալ գռեհիկ, որոշ դեպքերում՝ վուլգար։ Իսկ քանի դեռ կա մեկ անթաղ մարմին ու Ադրբեջանում պահվող գեթ մեկ հայ ռազմագերի, ցանկացած ճոխ տոնակատարություն, մեղմ ասած, անպարկեշտություն է՝ դասական անբարոյականություն։ Յուրաքանչյուր առողջ հասարակություն չի կարող զվարճանալ, երբ իր անդամներից թեկուզ մեկի երեխայի մարմինն անգամ գտնված չէ, իսկ մյուսի որդին տառապում է գերության մեջ։

Դաժան է իհարկե, բայց հանրային այս անտարբերության գլխավոր պատճառներից մեկն այն է, որ պատերազմի ողբերգականությունն այդպես էլ չդարձավ ամբողջ հասարակության ցավը, այն մնաց միայն հայրեր ու որդիներ կորցրած ընտանիքներում։ Մինչդեռ, այդ ցավը հաղթահարելու համար այն պետք է գոնե ինչ-որ ժամանակ դառնար բոլորինը։ Արդյունքում՝ մենք հիմա ապրում ենք մի քանի իրականություններում, որոնց միջև կա սարսափելի մեծ խզում, փոխբացառող անհասկացվածություն, վիրավորանքի հասնող անտարբերություն։

Արձանագրենք, որ տեղի ուենցող այս ողջ պրոցեսում առանցքային է օրվա իշխանության վարքագիծը, որն անշուշտ էական նշանակություն ունի։ Բայց այն հանդես է գալիս ոչ թե որպես այս հակամետ իրականությունները հաշտեցնող, ինչպես պետք է աներ նորմալ իշխանությունը, այլ՝ որպես ստեղծված իրավիճակի շահառու։ Հասարակության տարանջատմամբ, մարդկանց «սև-սպիտակի», յուրայինների ու օտարների բաժանած իշխանության համար այս իրավիճակը, որքան էլ հակամարդկային է հնչում, ևս մեկ առիթ է՝ մարդկանց միջև բաժանարար գծեր քաշելու, իրար հակադրելու, այդ կերպ հանգիստ իշխելու համար։ Բացի այդ, իշխանությունն ամեն ինչ անում է պատերազմը, դրա վերքերը մոռացության մատնելու համար, ոչ թե հանրությանը ապաքինելու մղումով, այլ՝ որովհետև դա անհրաժեշտ է «խաղաղության դարաշրջանի» համար։

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը չի հուզում, որ գլխավոր տոնածառի գագաթից պարզորոշ երևում են Եռաբլուրում ծածանվող դրոշները։ Ավելին, նրան անհրաժեշտ է, որպեսզի հանրությունը մասնակցի խրախճանքին, դառնա իր մեղսակիցը, իսկ հասարակությունն էլ դեմ չէ և լուռ մասնակցում է այդ ֆարսին։

Արմեն Հովասափյան