Արցախում Ռուբեն Վարդանյանի պետական նախարար
նշանակվելուց հետո սկսվել են կադրային փոփոխությունները։ Կարևոր պաշտոններ զբաղեցնող
նախարարները պաշտոնանկ արվեցին։ Որքանո՞վ են դրա հետ համակարծիք կամ ի՞նչ հույսեր ունեն
Արցախում։ Այս և այլ հարցեր Vesti.am-ն
ուղղել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանին։
-
Տիկի՛ն Հակոբյան,
Արցախում նոր կառավարություն է ձևավորվում։ Ինչպե՞ս եք վերաբերում դրան։
-
Հիմքում այն է, որ կա պետնախարարի փոփոխություն և նա նոր կառավորություն
է ձևավորում։ Իր մեկնաբանությամբ՝ դա պայմանավորված է նրանով, որ նոր մարտավարություններ
և մոտեցումներ են պետք և, իր պատկերացումներով, դա պետք է անի նոր թիմով, որի հետ ինքը
պատկերացնում է այդ փոփոխությունները։ Ընդհանուր
առմամբ, պատերազմից առաջ և հատկապես հետո մենք ասել ենք, որ Արցախում, որպես այդպիսին, կառավարման համակարգ չկա և կառավարությունը չի կարող իրականացնել այն գործառույթները,
որը պետք է անի, աշխատանքները համակարգված չեն։ Պատերազմից հետո չեմ հիշում, որ կառավարության
նիստ տեղի ունեցած լինի, քանի որ մեզ ևս խոստացել էին հրավիրել։ Մի գերատեսչություն
մյուսի աշխատանքից տեղյակ չէր, համագործակցություն չկար։ Առ այսօր չկա պետական ռազավարություն,
ինչից պետք է բխեին այդ գերատեսչությունների աշխատանքները։ Կային անձեր, որոնք ղեկավարում
էին իրենց տարմաբանությամբ, ինչն անթույլատրելի է։ Պետական համակարգն անհասկանալի ձևով
էր կառավարվում, ըստ էության, չէր էլ կառավարվում։
-
Այս պահին էլ Արցախի նախագահ շարունակում է մնալ նույն մարդը,
ով ձևավորել էր այդ կառավարությունը։ Այս դեպքում ինստիտուցիոնալ փոփոխություններ սպասո՞ւմ
եք։
-
Երեկ ԱԺ նիստերի դահլիճում նախագահն հարտարարեց մի բան, որը
տարակուսելի է՝ եթե դժգոհ էիք իշխանությունից, ապա խնդրեմ՝ ձեզ նոր իշխանություն, որը
կիրականացի այն, ինչը ցանկանում էիք։ Սրանով փաստեց, որ իր լիազորությունների մեծ մասը
փոխանցել է պետնախարարին։ Այստեղ շատ հարցեր են առաջանում՝ արդյո՞ք սա սահմանադրական
կարգի տապալում չէ։ Ստացվում է, որ փոփոխությունները խորքային են, ինքը վայելում է
իշխանություն, բայց պատասխանատվություն չի կրում, որը ընդունելի չէ և շատ բաների հիմքեր
խարխլելու է։ Ընդհանուր առմամբ, բազմիցս ենք փաստել, որ կարիք կա շատ խորքային փոփոխությունների։
Արցախում այնպիսի սոցիալական անարդարություն է, որ դրանից այն կողմ ուղղակի պատկերացնել
հնարավոր չէ։ Նոր կառավարությունից ակնկալելու ենք սոցիալական արդարության հաստատում:
Եթե կարողնան սա անել, ապա մնացածում հաջողելու են։ Չեմ ուզում գուշակություններ անել,
ըստ էության փորձում են անել այն, ինչը մենք ասում էինք 2,5 տարի առաջ։ Սա այն դեպքն է, երբ անդառնալի ենք ուշացել և չեմ կարող ասել, թե որքանով է ստացվել։









