Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգը» աչքի առաջ անհետանում է՝
սառույցին գրածի պես: Երեկ՝ ՀԱՊԿ ղեկավարների հանդիպման ժամանակ, Ադրբեջանի ղեկավարի
հասցեին հնչեցրած բոլոր մեղադրանքները թեև իրական են, սակայն օդում կրակած փամփուշտ
են: ՀԱՊԿ-ն համառորեն չի ցանկանում խառնվել հայ-ադրբեջանական կոնֆլիկտին, ոչ միայն
այն պատճառով, որ այնտեղ Ադրբեջանն ավելի շատ բարեկամներ ունի, այլև այն պատճառով,
որ իր «խաղաղության օրակարգով» Փաշինյանը թուլացրել է Հայաստանի, ինչու չէ, նաև ՀԱՊԿ անվտանգային դիրքերը: Այո, նա կհայտարարի բոլոր ամբիոններից, թե
բացի նոյեմբերի 9-ի հայտարարությունից այլ պայմանավորվածություններ չկան իր և Ալիևի
մեջ, սակայն նույն հայտարարության մեջ նշված բնագծերից հետ քաշվելը, Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան
հարթակից խնդիրը արևմտյան հարթակներով պտտեցնելը այլ բանի մասին են ասում: Հասկանալի
է, որ Փաշինյանի խոսքի բոլոր ուղերձները դեպի Վլադիմիր Պուտինն են, որովհետև ՀԱՊԿ-ն
փաստացի միայն Ռուսաստանն է: Սակայն այսօրվա իրողությունների պարագայում նույն Ռուսաստանը
դժվար թե անի ավելին, քան անում է, որովհետև Նիկոլ Փաշինյանի անհեռատես ու արկածախնդիր
քաղաքականությունը բերեց ոչ միայն 44-օրյա պատերազմին, այլև դրա նախօրեին և հետո արմատապես
փոխեց տարածաշրջանի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը: Անդրկովկասում Ռուսաստանը
(նույնն է, որ ՀԱՊԿ-ն) գործ ունի ոչ թե միայն Ադրբեջանի, այլ արդեն Թուրքիայի հետ, արդեն խաղին
բացահայտ մասնակցում են Իրանը, Պակիստանն ու Իսրայելը: Ավելին, այսօրվա Հայաստանի Հանրապետությունը
նույնիսկ չի կարողանում իր սուվերեն տարածքը պաշտպանել ադրբեջանական նկրտումներից:
Նիկոլ Փաշինյանը հիմա փորձում է իր ապաշնորհության և քինախնդիր ագահության բոլոր արգասիքները գցել Պուտինի գրպանը, իբր, եթե ստորագրել ես նոյեմբերի 9-ի հայտարարությունը,
ուրեմն ստիպիր Ալիևին՝ կատարել դրանք: Ներքին լսարանի համար շատ համարձակ կեցվածք է,
բայց մենք չենք լսում այն, ինչ ասվում է կուլիսներում: Իսկ հնարավո՞ր է, որ նույն Վլադիմիր
Վլադիմիրովիչը Զվարթնոցից Երևան ճանապարհին Նիկոլ Վովայեվիչի ականջին շշնաջար, որ նոյեմբերի
9-ին ինքը ստորագրել է հայտարարություն և խաղաղապահներ տարել Արցախ ոչ թե իր վիզավիի
տխուր աչքերի, այլ իր երկրի աշխարհաքաղաքական շահերը պաշտպանելու համար: Գուցե ՌԴ նախագահն
իր աչքով չի տեսել Երևանում ուկրաինական դրոշները, բայց նրան զեկուցում են, չէ՞, դրա
մասին: ՌԴ նախագահի ՀԱՊԿ գործընկեր ղեկավարները բոլորովին անկեղծ են Ադրբեջանի հանդեպ
իրենց բարյացկամության մեջ, այդպես չէ՞: Չեմ կարծում, թե նրանցից որևէ մեկը կարող է,
թեկուզ կիսաձայն, դատապարտել ռուսական շահը Անդրկովկասում, նրանք այդքան չկան: Բայց
բոլորն էլ, Փաշինյանի նկատմամբ իրենց վերաբերմունքով, ակնարկում են, որ Ռուսաստանը,
գոնե առժամանակ, ստիպված է բավարարվել այս ստատուս քվոյով, որտեղ Ալիևն առավել անկաշկանդ
է, իսկ Փաշինյանը՝ մուրացիկ: Պուտինը կարող է տեղյակ չլինել Փաշինյան-Ալիև «բանավոր»
պայմանավորվածությունների բոլոր մանրամասներին, բայց Ադրբեջանի նախագահի հետ իր հանդիպումների
ընթացքում Պուտինը զգում է, չէ՞, Ալիևի հանդգնությունը: Ավելին, եթե Փաշինյանը հատուկ
շեշտում է, որ այլ պայմանավորվածություններ չկան, ուրեմն, նվազագունը, այդպիսի կասկածներ
իր նկատմամբ կան:
Հիմա վերադառնանք «խաղաղության դարաշրջանին»: Նիկոլ Փաշինյանը չի կարողանում թաքցնել, որ իր հետպատերազմյան
պացիֆիստական քաղաքական գիծը տապալվել է, որովհետև դրա պայմանագրային հենքը՝ նոյեմբերի
9-ի հայտարարությունը, Ադրբեջանի կողմից ուղղակի արհամարվել է: Բայց դա խոստովանելու
համարձակություն և ցանկություն չունի: Այդպիսի խոստովանությունը բերելու է նրա հրաժարականին,
որից ավելի շատ է վախենում, քան դժոխքից:









