Foto

Հայկականը` ԱՄՆ շուկայում. Երևանում ներկայացվեց Armenian business corner նախագիծը

Այսօր Երևանում ներկայացվեց Armenian business corner (Հայկական բիզնես անկյուն) նախագիծը , որի նպատակը ամերիկյան շուկայում հայկական ապրանքների ներկայացումն ու արտահանման ծավալների մեծացումն է, ինչպես նաև Հայաստան նոր ներդրումներ գրավելը։
«Մենք ցանկանում ենք, ճիշտ ներդրումներ բերել Հայաստան, ցույց տալ հայկական շուկայի հնարավորությունները », - նշեց նախագծի հիմնադիր Միքայել Հայրապետյանը։
Նա նկատեց ` մասնակցել է բազմաթիվ մեկօրյա ցուցահանդես վաճառքների, որոնց ժամանակ ներկայացվել է հայկական ապրանքը, մեծ ծավալի աշխատանք է իրականացվել, բայց մեկ օրը բավական չի եղել արդյունավետ գործարար կապեր հաստատելու համար։ Արդյուքնում ծագել է միտքը ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ հայկական ապրանքները ավելի արդյունավետ կցուցադրվեն ու հետագայում կօգնեն ներթափանցել ամերիկյան շուկա ու աշխատել ցանցերի հետ։
«Նախագծի հիմնական նպատակը ` Հայաստան ներդրումներ բերելն է։ Դա կօգնի ոչ միայն հզորացնել երկիրը ու տնտեսությունը, այլև որոշակիորեն անվտանգային հարց կլուծի։ Պատերազմի ժամանակ երկրները պաշտպանում են իրենց շահերը` իրենց ներդրած մեկ դոլլարը իրենց համար ավելի թանկ է, քան մեզ համար շատ թանկ մեր խաչքարերը», – նշեց Հայրապետյանը.
Իր հերթին նախագծի ղեկավար Նազելի Հակոբյանը նկատեց, որ բիզնես անկյունը գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Բըրբանք քաղաքում , որտեղ ներկայացված են բազմաթիվ ընկերություններ։ Տաղավարը, որը բացվելու է հունվարի 21–ին, յուրօրինակ պորտալ է, որը տեղափոխում է մարդկանց ԱՄՆ–ից Հայաստան ։ Անգամ սալիկներն են պատրաստված Հայաստանում ու հայկական հողից։ Ներկայացված են լինելու լավագույն հայկական ընկերությունները։
«Բոլոր հայկական ապրանքները ներկայացված են լինելու մեկ տեղ և չեն տարալուծվելու մնացած ապրանքների մեջ։ Մեր հիմնական նպատակը ոչ թե B2C այն B2B վաճառքն է։Մեր նպատակը ոչ թե ամերիկայի հայկական շուկա մտնելն է, այլ ամերիկյան շուկան է։ Իսկ այն ընկերությունները, որոնք ի վիճակի չեն մտնել այդ շուկա, կուղորդենք դեպի B2B», - ընդգծեց Հակոբյանը ։

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն էլ տեսակապով էր միացել ֆորումին։ Վերջինս շեշտեց, որ առանձնահատուկ կարևորում է նախագիծը, քանզի այն նպաստելու է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը։ Ըստ նրա այս նախագծի կարևորությունը նաև նրանում է, որ միասին հանդես եկող արտադրողները ավելի մրցունակ են և ստանում են առավելություն միասին ներկայանալու ամերիկյան շուկայում։
«Ես վստահ եմ, որ Armenian business corner–ը նոր հնարավորություններ կբացի մեր գործարարների և հայկական արտադրանքի համար։ Ոչ միայն տեղական հայակական շուկայում հարատև մնալու, այլև ամերիկյան շուկա ներթափանցելու առումով», - հավելեց դեսպանը։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն Զարեհ Սինանյանն էլ իր հերթին նկատեց, որ ամերիկյան շուկան միշտ համարվել է բարդ շուկա ու անհրաժեշտ ծավալի աշխատանք չի իրականացվել հայկական ապրանքների առաջխաղացման համար։ Ըստ նրա, այս նախագիծը կարող է այդ աշխատանքների սկիզբը դնել, ու օգնել հայկական արտադրանքի ճանաչելի լինելուն` ամերիկյան շուկայում։
Նախագծի գործընկերը  ԱրմՍվիսԲանկն է։ Բանկի Գործադիր տնօրենի տեղակալ֊բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Մակարյանը նշեց, որ նախագծի հիմնադիր Միքայել Հայրապետյանի հետ արդեն իսկ ունեն համագործակցության դրական փորձ, և ուրախ են` որպես գործընկեր ներգրավվելու համար։ 
Նշենք, որ միջոցառման ավարտին Armenian business corner –ի և ԱրմՍվիսԲանկի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց ։
Հատկանշական էր նաև, որ Armenian business corner-ից մի փոքր հատված ֆորումին ներկայացված էր մշակութային անկյան ձևաչափով,որի ղեկավարն էր արվեստագետ, նկարիչ,քանդակագործ Նուռը։