ՌԴ դաշնային խորհրդի
փոխխոսնակ Կոստանտին Կոսաչյովը երեկ հայտարարել է․ «Հայաստանի
և Ադրբեջանի հակամարտությունը, իմ տեսանկյունից, չի մտնում ՀԱՊԿ իրավասության մեջ։
ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքն է որոշում իր վերաբերմունքը խնդրի նկատմամբ»։ Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը զրուցել
է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։
-
Պարո՛ն Հակոբյան,
Կոսաչյովի հայտարարություն ինչպես եք գնահատում։ Այն որքանո՞վ է իրավաչափ՝ հաշվի առնելով
նաև ՀԱՊԿ կանոնադրությունը։
-
Այդ հայտարարությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ ՀԱՊԿ-ը ֆունկցիոնալ
կառույց չէ։ Այն ծրագրային-կանոնադրային հենքը, որ ունի ՀԱՊԿ-ը և, դրանից ելնելով, երկրները որոշումն
են անդամացել իրեն, թե ոչ, ըստ էության, չի կատարվում։ Նման բան հայտարարելը նույն
է, ինչ ցույց տալ, որ այդ կառույցի գործառույթները նույնը չեն ինչ գոյություն ունեն
ՀԱՊԿ կանոնադրությունում և հիմնադիր փաստաթղթերում։ Այդ հայտարարությունը ցույց տվեց,
որ այն ընդամենը ռազմաքաղաքական ակումբ է, որտեղ անդամ երկրների ղեկավարները տարին
մի քանի անգամ հանդիպում են, զրույցներ են անում և արտաքին աշխարհին ցույց են տալիս
այլընտրանքային կառույցի գոյության փաստը, բայց ոչ ավելին։ Իրավաչափ է այնքանով,
որ վերը նշածս միտքը հաստատեց։ Փոխխոսնակն իր հարցազրույցում էլ նշել է, որ այդ կառույցի
անդամ-երկրներից յուրաքանչյուրն ինքն է որոշում ինչ անի՝ ելնելով սեփական շահից։
-
Ալիևն էլ հայտարարեց,
որ ՀԱՊԿ-ում իրենք ավելի շատ բարեկամներ ունեն, քան Հայաստանը։ Սա համընկնո՞ւմ էր, թե՞
մտքի շարունակություն։
-
Ըստ էության, Ալիևը նորից իրողություն փաստեց։ Իսկապես դա փաստ
է, որի մասին ՀԱՊԿ անդամ երկրները բացահայտ են խոսում։ Դա ասում էր Նազարբաևը, դա ասում
է Լուկաշենկոն։
-
Ռուսաստանի պես երկրների դիվանագիտության
մեջ պատահականություններ քիչ են լինում։ Հետևաբար ինչո՞ւ հայտարարությունն արվեց Պուտինի
Հայաստան այցին և ՀԱՊԿ հերթական նիստին ընդառաջ։
-
Քանի որ ՀԱՊԿ գագաթաժողովը նախատեսված է Հայաստանում, այդ հայտարարությունն արվեց, որ ՀՀ ժողովրդի գիտակից մասը գագաթաժողովից առանձնապես
սպասելիքներ չունենա, հետագայում էլ հուզումներ չլինեն։ Կարծում եմ, դա արվել է փոխհամաձայնության
արդյունքում, որ դա դուրս գա ռուսական կողմից և ոչ թե այստեղ արձանագրվի հայկական կողմից։
Կարծում եմ փոխհամաձայնեցումը եղել է Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև։
Համաձայն չեմ Ձեր այն ձևակերպմանը, որ ՌԴ-ից պատահական ոչինչ դուրս չի գալիս՝ կայնքը
ցույց է տալիս, որ վերջին շրջանում ՌԴ այս կամ այն գերատեսչության հայտարարությունը
չի համընկնում գետնի վրա կատարվող իրադարձությունների հետ։ Թեպետ, տվյալ դեպքում, այն
փոխհամաձայնեցված գործողություն է եղել։
-
Որքանո՞վ է ակտուալ
դառնում ՀԱՊԿ կազմից դուրս գալը։
-
ՀԱՊԿ անդամ երկրներին էլ է հայտնի, որ այդ կառույցը ռազմաքաղաքական
ակումբ է և հակամարտության գոտում ոչ գործունակ։ Մենք հիմա խոսում ենք Հայաստանի մասին, բայց ՀԱՊԿ
անդամ երկու երկիր՝ Ղրղստանը և Տաջիկստանը, իրար հետ ունեն սահմանային խնդիր և միմյանց
միջև պատերազմում են։ Պատկերացրեք երկուսն էլ դիմեն ՀԱՊԿ-ին՝ ի՞նչ կլինի։ Երբ խնդիրը
վերաբերում է արտաքին սահմաններին, այդ հարցը նույնիսկ չի բարձրացվում։ ՌԴ-Ուկրաինա
հակամարտության պարագայում ՄԱԿ-ում քվերակությունների ժամանակ ՀԱՊԿ անդամ-երկրները
ձեռնապահ են քվեարկում։ Բոլորն այդ կազմի մեջ մտել են Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները
լավացնելու համար։ Հայաստանի պարագայում ՀԱՊԿ մտել են, քանի որ դրանով է պայմանավորված
ՌԴ-ի հետ այլ հարաբերությունների կարգավորումը։ Երբ ռազմաքաղաքական առումով դիմում
ես ՀԱՊԿ-ին, տվյալ դեպքում Ռուսաստանին, նրան դնում ես անհարմար իրավիճակի մեջ։ ՀԱՊԿ-ում մնալ-չմնալը
ֆունկցիոնալ տեսակետից նշանակություն չունի։ Եթե լինի այլընտրանք՝ օրինակ ՀԱՊԿ-ից դուրս
գալ և միանալ այլ կառույցի, այդ ժամանակ կարելի է մտածել, բայց քանի դեռ այդ այլընտրանքը
չեն առաջարկում, գործնական մակարդակի չեն հասնում եղած հայտարարությունները, պետք է
արձանագրել, որ ՀԱՊԿ-ը ֆունկցիոնալ չէ, բայց կա Ռուսաստան, որը ցանկության դեպքում
ֆունկցիոնալ է։ ՀԱՊԿ-ից դուրս գալով՝ հնարավոր չէ կապեր պահպանել նաև Ռուսաստանի հետ,
որոնք դեռևս կան։ Առաժմ ոչ 44 օրյա պատերազմի, ոչ էլ լոկալ փոքր պատերազմների ժամանակ
ոչ մի կառույց չի եկել ու ասել, որ պատրաստ է փոխարինել Ռուսաստանին։









