Foto

Տապալված հայ-իրանական գազային պլատֆորմը

Մինչև ՀՀ-ում իշխանության բռնազավթումը հայ-իրականական տնտեսական հարաբերությունները, հատկապես էներգետիկ ոլորտում, բավական լուրջ դրական տենդենցներ ունեին։ Կանխատեսվածի համաձայն՝ վերջին 4,5-5 տարիների ընթացքում ոչ միայն որևէ նոր ծրագիր չի նախանշվել, այլև ՀՀ իշխանական աթոռից կառչած ապիկարները, ամեն ինչ տապալել են։ Ավելին, անգամ տարիներ առաջ մեկնարկած ծրագրերը չեն կարողանում ավարտին հասցնել: Բնականաբար անիմաստ է խոսել չսկսված ծրագրերի մասին։ Միանշանակ վստահաբար կարող ենք հայտարարել, որ ոչ ոք չի հիշում Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրը, որն, ի դեպ, պետք  է իրականացվեր բացառապես իրանական կապիտալով (արտադրված հոսանքը որոշ ժամանակ պետք է մատակարարվեր Իրան, հետագայոմ՝ ՀԷԿ-ը պետք է դառնար ՀՀ սեփականատությունը)։

Հայ-իրանական տնտեսական, ինչպես նաև քաղաքական հարաբերությունները 2018-ի հայտնի դեպքերից հետո գրեթե փակուղի մտան։ Թեև վերջերս Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարած կարճատև այցի ընթացքում մի հուշագիր ստորագրվեց, որն իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձեցին ներկայացնել՝ որպես «դարի ձեռքբերում», այն իր բովանդակության մեջ որևէ նոր բան չէր պարունակում։ Թեմային տեղյակ մարդիկ գիտեն նաև, որ այդ մասին պայմանավորվածությունները շատ վաղուց էին կայացված, պարզապես մեկ անգամ ևս վերաթարմացվեցին ու ոչ ի նպաստ Հայաստանի։ Տվյալ դեպքում խոսքն իրանական գազի դիմաց էլ. էներգիա մատակարարելու ծրագրի մասին է, որը գործում է դեռևս 2007-ից.։ Մեխանիզմն աշխատում է հետևյալ կերպմենք Իրանից գազ ենք ստանում, «Երևանի ՋԷԿ»-ում արտադրում էլ. էներգիա, հետո մատակարարում Իրան, իսկ ստացված գազի կամ արտադրված էլեկտրաէներգիայի մի մասը մնում է ՀՀ-ին։

Դեռևս ծրագրի մեկնարկին պայմանավորվածություն կար, որ այն պետք է ընդլայնվի, ինչպես նաև ավելացվեն ծավալները, բայց դրա համար չկային անհրաժեշտ ենթակառուցվածքներ, մասնավորապես՝ հոսանքն Իրան տեղափոխելու համար։ Այդ պատճառով էլ որոշվեց կառուցել ևս մեկ՝ երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը։ Գծի բուն շինարարությունը սկսվել է դեռևս 2016-17թթ․ և նախատեսվում էր այն ավարտին հասցնել 2019թ., որպեսզի սկսվեր գազ-էլեկտրաէներգիա ծրագրի երկրորդ փուլի իրականացումը։ Սակայն շաբաթը ուրբաթից շուտ եկավ․ ՀՀ-ում պետական կարգը տապալվեց, անհայրենիքների ռեժիմը եկավ իշխանության ու ձախողեց գծի կառուցման բոլոր հնարավոր ու անհնարին ժամկետները։ Իրենց գործելաոճին համապատասխան՝ ամեն տարի երկարացնում են ծրագիրն ավարտելու ժամկետները, բայց ամեն անգամ չեն կարողանում տեղավորվել դրանց մեջ (այս անգամ որոշել են, որ այն պետք է ավարտեն հաջորդ տարվա վերջին)։

Ի դեպ՝ հենց այս բարձրավոլտ գծի կառուցումից է կախված, թե երբ և որքանով հնարավոր կլինի ընդլայնել գազի դիմաց էլեկտրաէներգիայի մատակարարման «թալանչի նախկիններից» մնացած այն եզակի էներգետիկ ծրագիրը, որը դեռ գործում է։ Այլ կերպ ասած՝ որքան երկար է ձգվում էլեկտրահաղորդման գծի կառուցումը, այնքան հետաձգվում է նաև ծրագրի ընդլայնման ժամկետը։

Գաղտնիք չէ․ որ Իրանը պատրաստ է կրկնապատկել գազի մատակարարումն այս ծրագրի շրջանակներում։ Դա ամրագրված է նախկինում ստորագրված փաստաթղթերում, այնպես որ  Փաշինյանի այցի շրջանակներում վերաստորագրված հուշագիրն այս առումով որևէ նոր բան չի պարունակում։ Այլ բան, որ փոխվում է ծրագրի, այսպես կոչված, բարտերային սակագինը, ընդ որում՝ ի վնաս Հայաստանի։ Այս գործընթացում մեր համար առանցքայինն, ի դեպ, հենց այդ դրույթն է, ինչի մասին իշխանությունները ոչինչ չեն խոսում: Փոխարենը՝ չեն վարանում «դարի ձեռքբերում» համարել գազի ծավալների կրկնապատկման վերաբերյալ նախկինների կողմից բանակցված ու ձեռք բերված պայմանավորվածությունը։ Եթե կարճ՝ երբեմնի հաջողված այդ ծրագրին այս իշխանության մասնակցությունը մինչև հիմա ոչ մի դրական բան չի տվել։ Ընդհակառակը՝ իշխանություններն իրենց ապաշնորհությամբ հասան նրան, որ փոխվեց նաև փոխանակման մեխանիզմը։

Ավելի լայն բացվածքով՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Հայաստանը յուրաքանչյուր 1 խորանարդ մետրի դիմաց Իրանին է մատակարարում 3 կվտ ժամ էլէներգիա։ Հաշվի առնելով, որ 1 խորանարդ գազից «Երևանի ջէկ-ում» ստացվում է շուրջ 4,5 կվտ ժամ: Ծրագրի շրջանակներում Հայաստանին մնում է 1,5 կվտ ժամ էլեկտրաէներգիա կամ համարժեք գազ։ Դա անշուշտ հայկական կողմի բացարձակ շահույթն համարել չի կարելի, որովհետև դրա շրջանակներում փոխհատուցվում են նաև իրանական գազն էլէներգիայի վերածելու գործընթացում «Երևանի ՋԷԿ»-ի ծախսերը։ Փաշինյանի վերջին այցի ժամանակ ստորագրված նոր հուշագրով փոխվել է մատակարարումների հարաբերակցությունը։ Չնայած այն փաստին, որ իշխանություններն այդ կարևոր նրբությունը թաքցնում են, և, եթե հաշվի առնենք, որ իրանական կողմը վերջին տարիներին ձգտում էր վերանայել այս հարաբերակցությունը և մատակարարված գազի դիմաց ավելի շատ էլեկտրաէներգիա ստանալ, կարելի է ենթադրել, թե այն ինչպես է փոխվել։

Արմեն Հովասափյան