Օրերս հայտնի դարձավ,
որ Էնթոնի Բլինքենը, ով սեպտեմբերից սկսած ստանձնել է Հայաստան-Ադրբեջան գործընթացում
միջնորդական ակտիվ առաքելություն, հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Հայկական
կողմի շնչակտուր տարածած հայտարարության մեջ
ստանդարտ ձևակերպումներ էին։ Նշվում էր, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի
ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Վաշինգտոնում տեղի ունեցած ՀՀ ու
Ադրբեջանի ԱԳ նախարարների և դրան հետևած եռակողմ հանդիպման վերաբերյալ:
Հաղորդագրության մեջ նշվում
է նաև, որ Բլինքենն ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում:
Ի դեպ՝ ամերիկյան կողմը հեռախոսազրույցին անդրադարձավ մեկ օր անց Պետքարտուղարության
խոսնակ Նեդ Փրայսի միջոցով և Բլինքենի թվիթերյան գրառմամբ: Ընդգծենք, որ գրառման մեջ
շեշտը դրված էր Փաշինյանին արված հորդորների ու զգուշացումների վրա: Բլինքենը մասնավորապես
գրել է. «Վարչապետ Փաշինյանին հորդորել եմ նոյեմբերի
7-ին Վաշինգտոնում կայացած արտգործնախարարների հանդիպումից հետո պահպանել Ադրբեջանի
և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների ընթացքը»:
Հետևելով տարածաշրջանային
գործընթացների քրոնիկոնին՝ հստակ կարող ենք արձանագրել, որ դեռևս սեպտեմբերյան ագրեսիայի
ֆոնին ԱՄՆ-ը փորձ արեց ստեղծված իրավիճակին ավելի արձագանքող դիրքորոշում ստանձնել,
ինչ-որ հորդորներ փոխանցել ադրբեջանական կողմին, դրանից բացի անել հայտարարություններ,
որոնք կարող էին դիտարկվել՝ որպես ի աջակցություն ՀՀ տարածքային ամբողջականության ձևակերպումներ:
Ներկայումս, սակայն, շատ կարևոր ուշադրություն
հրավիրել այն հանգամանքի վրա, որ ամերիկյան կողմի հարավկովկասյան նախապատվություններում
կարծես ինչ-որ առանցքային փոփոխություններ են եղել, կամ արտահայտվում են իրական մտադրությունները՝
ասել է թե ըստ էության:
Հատկանշական է այն, որ
Բլինքենն Ալիևի հետ հեռախոսազրույց չի ունեցել, ինչը սովորաբար, որպես կանոն, տեղի
է ունենում Բլինքենի հեռախոսազրույցների դեպքում, որով միջնորդը հավասարություն է պահպանում
կողմերի միջև: Ընդգծենք, որ ակտիվ բանակցային փուլերում միջնորդները սովորաբար առաջնորդվում
են հենց այս դիվանագիտական պրակտիկայով: Սակայն նախկինում եղել են նաև դեպքեր, երբ
Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ և չի զրուցել Փաշինյանի հետ, ինչպես նաև՝
հակառակը: Սա նման մակարդակով զանգերի դեպքում պատահում է, երբ կարիք կա «աշխատել»
կողմերից միայն մեկի վրա ինչ-որ նպատակով, քանի որ մյուս կողմն այդ պահին խնդրահարույց
չի դիտարկվում, կամ կա հրատապ թեմա: Նման բան վերջին ամիսներին եղել է, երբ Բլինքենը
սահմանային լարված փուլում զրուցել է Ալիևի հետ՝ ներկայացնելով ամերիկյան կողմի հորդորները:
Միանշանակ դժվար է ասել,
թե իրականում ինչու է Բլինքենը որոշել զգուշացումներ և հորդորներ ուղղել Նիկոլին, ինչը
պայմանավոչված է փակ բանակցային գործընթացով: Բայց դիվանագիտական բառապաշարին ծանոթ
վերլուծաբանները գիտեն, որ այս մակարդակով որևէ պատահական ձևակերպում, առավել ևս՝ հորդոր
չի արվում: Կարող ենք տրամաբանել, որ խնդիրը բանակցային գործընթացն
է, որը վերջին շաբաթների ընթացքում փակուղային է թվում և ըստ միջազգայնագետների, խորը
տարաձայնությունների պատճառով, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը
հետաձգվում է: Այն պայմանագրի, որը բանակցվում էր արևմտյան հարթակում և պետք է ստորագրվեր,
ամենայն հավանականությամբ, Բրյուսելում՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի «հովանավորությամբ»։ Ոչ ոքի համար
գաղտնիք չէ, որ Արևմուտքի նպատակներից մեկը հարավկովկասյան տարածաշրջանում ՌԴ ազդեցությունը
վերացնելն է: Այնպիսի տպավորություն է, որ ամերիկյան կողմը կարծես մտավախություններ
ունի և այս հորդորներով նպատակ ունի առաջ մղել ստորագրման գործընթացը՝ մի պայմանագրի,
որին ադրբեջանական կողմը փորձում է հասնել ուժի սպառնալիքի ու անընդհատ ռազմական սպառնալիքի,
ռազմական ներխուժումների պայմաններում․ ավելին՝ երբ ադրբեջանական զինված ուժերը դուրս չեն գալիս ՀՀ տարածքներից:
Չի բացառվում, որ ԱՄՆ-ի այս քայլը պայմանավորված
է վերջին շրջանում Երևանից հնչող տեսակետների
հետ․ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ ռուսական
առաջարկներն ընդունելի են ու ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը պետք երկարաձգվի։
Սակայն այստեղ պետք է ընդգծենք, որ այդ հայտարարությունները միանշանակ բնույթ չեն կրում,
քանի որ պետք է հաշվի առնել ՀՀ իշխանությունների անկայուն աշխարհաքաղաքական դեգերումները:
Ցավալի է, բայց ստացվում է, որ Հայաստանի դեպքում աշխարհաքաղաքական որևէ սկզբունք չի
գործում։
Արմեն Հովասափյան









