Foto

Մարազմատիկ տնտեսական համակարգ

Հավանաբար շատերս ենք հիշում, թե ինչպես էր սեպտեմբերին՝ ադրբեջանական սահմանային ագրեսիայի օրերին, Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ «Ադրբեջանն այդ կերպ փորձում է կասեցնել մեր տնտեսության առաջընթացը»։ Կարող ենք արձանագրել, որ անգամ Ադրբեջանի սեպտեմբերյան լայնածավալ ագրեսիան չի կանգնեցրել ՀՀ տնտեսության սրընթաց աճը,  թեև թվում էր, թե հակառակը պիտի լիներ։

Պաշտոնոկան հաղորդագրությունները վկայում են, որ սեպտեմբերյան էսկալացիան չի կանգնեցրել մեր տնտեսության աճը։ Ավելին, այդ մասին հնարավոր բոլոր հարթակներից ամպագորգոռ հայտարարում են ոլորտի պատասխանատուները։ Եվ բնավ հոգ չէ, որ այդ ագրեսիայի հետևանքով դրա մի շարք բնակավայրեր ավերվեցին, տնտեսության որոշ ճյուղեր լուրջ վնասներ կրեցին, մինչև հիմա էլ շարունակում են կրել։ Բացի դրանից՝ թշնամին մի քանի կիլոմետրով ավելին է մոտացել մեր բնակավայրերին՝ մեծացնելով նաև տնտեսական անվտանգության հետ կապված ռիսկերը, գումարած Հայաստանը նոր տարածքային ու մարդկային կորուստներ է կրել։

Ըստ էության այնպիսի տպավորություն է, որ հայրենի «փառապանծ» տնտեսության համար էական չեն սահմանային լարվածություններն ու էսկալացիաները, անվտանգության հետ կապված գերկարևոր խնդիրները, տարածաշրջանային հակասություններն ու սրացումները։ ՀՀ-ում առկա է այնպիսի «գերհզոր» տնտեսական  կայուն համակարգ, որ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական արմատական վերադասավորումները,  երկրում տարբեր պետությունների դեսպանատների ահասարսուռ հայտարարություններն ու կոչերը, ուղղված իրենց քաղաքացիներին, երկրոդական պլանի գործընթացներ են։ Այս ամենը տնտեսության ու բիզնեսի կողքով կարծես չի էլ անցնում։ Բոլորիս համար ակնհայտ է, որ գործ ուեննք տնտեսական մարազմի հետ։

Տեսնենք, թե այդ ինչ «համաշխարհային» մակարդակի ու երբևէ չեղած աճեր ենք արձանագրում։ Քերոբյան Վահանն այս առիթով նշել է«2022թ. սեպտեմբերին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14,6 տոկոսով, իսկ 2022թ. առաջին 9 ամիսներին` 14,1 տոկոսով։ ՀՀ լավագույն ՀՆԱ իրական աճը եղել է 2003թ., երբ արձանագրվել է 14 տոկոս ՀՆԱ աճ»։ Ըստ էության՝ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում պաշտոնական վիճակագրությունը շարունակում է երկնիշ աճեր գրանցել։ Թեևս միակ բացառությունը գյուղատնտեսությունն է, որտեղ ոչ միայն աճ չկա, այլև պահպանվում է անկումը։ Ավելին, գյուղատնտեսության վիճակը փաստացի չի բարելավվել ու այն շարունակել է արտադրության ծավալների կորուստներ ունենալ։

Փաստենք, որ ինչպես վերջին շրջանում արձանագրվում է, ներկայումս նույնպես ամենաբարձր աճը շարունակում է գրանցել ծառայությունները։ Օգոստոսին այստեղ որոշակի պասիվացում նկատվեց՝ նախորդ ամսվա համեմատ, բայց սեպտեմբերին այն կրկին վերականգնվել է։ Ըստ ամենայնի՝ կարող ենք ենթադրել, որ դրա վրա ազդել են այն նոր հոսքերը, որոնք հայտարարված մասնակի զորահավաքից հետո սկսվեցին ՌԴ-ից։  Ի դեպ՝ ծառայությունների ոլորտում պահանջարկով պայմանավորված աճի ամենամեծ ազդեցությունը երևում է ֆինանսական հատվածի վրա, որտեղ աճը հասնում է 40-45 տոկոսի։

Կարևոր է արձանագրել նաև, որ սեպտեմբերին Ռուսաստանից փոխանցված պահանջարկի աճը նկատվել է նաև ներքին առևտրի վրա, որտեղ ևս, օգոստոսի մեկամսյա նվազումից հետ, որոշակի վերականգնում է արձանագրվել։ 9 ամսվա տվյալներով, ծառայությունները՝ 27,1, ներքին առևտուրը՝ 14,5 տոկոսի աճ է ունեցել։

Գուցե որոշակի առումով զարմանալի հնչի, բայց աներևակայելի աճեր են գրանցվում արտաքին առևտրում՝ ինչպես արտահանման, այնպես էլ՝ ներմուծման պարագայում։ Սեպտեմբերին նոր ռեկորդներ են սահմանվել. արտահանումն ավելացել է 2,5 անգամ, ներմուծումը՝ ավելի քան 82 տոկոսով։ Ըստ էության՝ այնպիսի տպավորություն է, որ մեկ տարում սպառողներն այնքան են հարստացել, որ սկսել են գրեթե կրկնակի ավելի շատ սպառել։ Ընդգծենք, որ այդ պահանջարկը բավարարելու համար էլ դրսից մեծաքանակ ներմուծումներ են իրականացվել։ Ի դեպ՝ ավելի քան 82 տոկոսանոց ներմուծման աճն այլ պայմաններում սա է նշանակում, բայց վաղուց բոլորն արդեն գիտեն, թե դա ինչով է պայմանավորված։ Ներմուծում ենք ու հետո տեղափոխում Ռուսաստան․ հենց դա պատճառը, որ  ունենք արտահանման այսպիսի «աներևակայելի» աճ։

Ամփոփելով ուղղակի նշենք, որ ծիծաղելի են իշխանական դաշտից տիրաժավորվող այն մեկնաբանությունները, թե ռուսական շուկայում նոր տարածքներ են բացվել մեր տնտեսության արտահանելի հատվածի համար, ու ինչով էլ պայմանավորված է արտահանման աճերը։ Ըստ էությն՝ ռուսական շուկայում տարածքներ իրականում բացվել են, բայց արտահանման այսպիսի աճը քիչ կապ ունի տեղական ապրանքների մատակարարումները հետ․ այստեղ շատ ավելի մեծ է վերարտահանումների մասնաբաժինը, ինչն էլ հանգեցրել է արտաքին առևտրի այսպիսի շռայլություննեի։

Արմեն Հովասափյան