«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարակել․
Գիրդադյուլ բնակավայրը գտնվում է ներկայիս Գաբալա (Կուտկաշեն) վարչական կենտրոնից 27.3 կմ հարավ-արևմուտք։ Բնակավայրը հիշատակվել է նաև Գիրտատուլ անվանաձևով։
Գյուղում հայեր բնակվել են հնուց։ 18-րդ դարի վերջին այստեղ հայեր են հաստատվել նաև Արցախի Խաչեն և Վարանդա գավառներից։ Ի տարբերություն տարածաշրջանի հայկական գյուղերի զգալի մասի հայությանը՝ 18-րդ դարում Գիրդադյուլի բնակչությունը չի հրաժարվել քրիստոնեությունից և չի ընդունել իսլամ։
1841 թվականի տվյալներով՝ Գիրդադյուլ գյուղում բնակվել է 235, 1851 թվականին՝ 532, իսկ 1889 թվականին՝ 985 հայ բնակիչ։ 1905 թվականին գյուղի հայ բնակչության թիվը հասել է 1034 մարդու, 1918 թվականին՝ 1065 մարդու։
Գյուղում գործել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը հիշատակվել է 18-րդ դարից։ Ըստ տեղագիր Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի՝ պահպանվել է շինարարական մի արձանագրություն՝ հետևյալ բովանդակությամբ «Շինեցաւ Ս․ Աստուածածնայ եկեղեցիս ի հասարակութենէ Գիրդադիւլեցւոյ 1881»։
Գյուղի գերեզմանոցում գտնված տապանաքարերից արձանագրվել են երկուսը, որոնք թվագրվում են 17-րդ դարով։ «Աստուած ողորմի Սողոմոնին, թվ(ին) (Ռ)ՃԳ (1654)»: «Օվանէս, թվ(ին) ՌՃԽԸ (1699)»: Գյուղի մոտ եղել է նաև մի կիսավեր բերդ, որը կոչվել է Ջրագող։
1918 թվականի իրադարձությունները ճակատագրական են եղել և՛ Գիրդադյուլ գյուղի, և՛ ընդհանրապես Արևելյան Այսրկովկասի ողջ հայության համար։ Տարածաշրջան ներխուժած օսմանյան զորքերը, միանալով տեղի թյուրքական ուժերի հետ, կոտորել են տարածաշրջանի հայությանը։ Գիրդադյուլ գյուղի բնակիչները 1918 թվականի հուլիսին ստիպված տեղափոխվել են հայկական Վանք գյուղ՝ և՛ տեղի, և՛ հայկական այլ գյուղերից այդտեղ ապաստան գտած հայերի հետ միասին 4 օր շարունակ դիմադրելով թուրք-թաթարական զորքերին։ Սակայն, Գիրդադյուլի հայ բնակչության մեծ մասը կոտորվել է 1918 թվականի ամռանը՝ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։









