Դավիթը ունեցել է առողջական խնդիր, երեկ շտապօգնություն են հրավիրել, առաջարկ է եղել հոսպիտալացնելու, Դավիթը հրաժարվել է: Այս մասին այսօր ՆԳՆ–ի դիմաց` ի աջակցություն եկեղեցու միջադեպով ձերբակալվածների ակցիայի ժամանակ ասել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
«Այցելել եմ տղաներին, էլի նույն գլխացավերը ուներ, այս պահի դրությամբ կարող եմ այդքանը ասել: Ամեն դեպքում՝ ես գտնում եմ, որ Դավիթի առողջական վիճակը այդքան էլ բավարար չէր, Միքայելի առողջական վիճակը փոքր–ինչ ավելի լավ է»,- նշել է նա:
Նշենք, որ այս պահին ՆԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում եկեղեցու բակում ձերբակալված դպրոցականների դասընկերները, ուսուցիչները:
Հիշեցնենք, որ երեկ՝ Սուրբ Աննա եկեղեցում, երբ պատարագը դեռ չէր ավարտվել ու Նիկոլ Փաշինյանը անվտանգության աշխատակիցների և մյուս պաշտոնյաների ուղեկցությամբ փորձում էր դուրս գալ եկեղեցուց, մի երիտասարդ փորձեց հարվածել նրան: Միջադեպից հետո վարչապետին հարվածելու փորձ արած երիտասարդը և երկու այլ անձ ձերբակալվեցին:









