Foto

Շարքային «հավաք» Երևանում


Ինչպես հայտնի է՝ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին կժամանի Երևան և կմասնակցի նոյեմբերի 23-ին Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱՊԿ) նիստին, որի ընթացքում դաշինքի անդամ երկրների ղեկավարները կքննարկեն նաև ՀՀ-ին տրամադրվող օգնության հարցը: Սպասվող նիստի այս օրակարգի մասին ավելի վաղ տեղեկացրել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Հավելենք, որ նոյեմբերի 9-ին տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվել էր նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների մասնակցությունը գագաթնաժողովին, ինչպես նաև Պուտինի՝ նոյեմբերի 22-ին ՀՀ կատարելիք այցի օրակարգին վերաբերող հարցեր: Հավանաբար, շատերս ենք հիշում, որ  ՌԴ նախագահը վերջին անգամ Հայաստանում եղել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Այց, որն առանց սկանդալների և խոսակցությունների չանցավ: Հիշյալ այցն ընթացավ տհաճ դրվագներով թե՛ ՀՀ իշխանությունների, թե՛ ՌԴ ղեկավարության համար:

Կարևոր է փաստել, որ առաջիկա այցն ուկրաինական պատերազմի ֆոնին Պուտինի հազվադեպ օտարերկրյա այցերից է, հայ-ռուսական վերջին տասնամյակների հարաբերությունների պատմության ամենալարված և հայ-ռուսական հարաբերությունների ձևաչափի փոփոխության փուլում կանցնի միջազգային ու տարածաշրջանային ուշադիր «հայացքի» ներքո:

Ըստ էության՝ չպետք է ակնկալել, որ ՀԱՊԿ խորհրդի նիստում աննախադեպ որոշումներ կկայացվեն, և դա պայմանավորված է թե ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումներով, թե ՀՀ դիրքորոշմամբ, որի էությունը կայանում է ՀԱՊԿ-ին փաստի՝ այսինքն՝ Ադրբեջանի գործողություններին քաղաքական գնահատական տալու անհրաժեշտության առջև կանգնեցնելը, որը և՛ հասկանալի, և՛ անհասկանալի կարող է դիտարկվել:

Պետք է փաստել, որ խորհրդի նախորդ առցանց նիստը ցույց տվեց, որ կազմակրեպությունում հստակ առկա են տարաձայնություններ ըստ էության պարզ էր թե ով էր խուսափում թեմայից, իսկ Լուկաշենկոն ասաց, որ ստեղծված իրավիճակը կարող է հղկել Պուտնինը և միջնորդել, որպեսզի կողմերը նստեն և բանակցեն: Միանշանակ կազմակերպության անդամ ոչ մի երկրի, այդ թվում Հայաստանի համար գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ-ին անդամակցության էությունը, մեր դեպքում, դա հայ-ռուսական հարաբերություններն են:

Դժվար է պատկերացնել, որ վերը նշված հարցի հետ կապված որևէ փոփոխություն կլինի, սակայն միևնույն ժամանակ Հայաստանում այդ թեմայով նիստին մասնակցելը նշանակում է՝ ընդունել, որ կա խնդիր: Միանշանակ չի կարելի բացառել նաև, որ կրկին սեղանին դրվի դիտորդական առաքելության տեղակայման հարցը:

Հաշվի առնելով ընդհանուր առմամաբ գոյություն ունեցող համայնապատկերը, կարող ենք ենթադրել, որ այս անգամ հանդիպումն ավելի առարկայական խոսակցություն կենթադրի, միանշանակ է, որ աննախադեպ որոշումների կայացման հավանականությունը շատ փոքր է: Պարզապես նախորդ նիստին շեշտը դրվեց առաջիկա բանակցությունների վրա, ներկայումս դրանք տեղի են ունեցել, ուստի բոլորը պետք է անցնեն քննարկումների հաջորդ փուլին՝ ինչ որոշում կայացնել, կամ չկայացնել ընդհանրապես որևէ որոշում: Տրամաբանություն հուշում էր, որ Երևանում առավելապես իրավիճակային քննարկում տեղի կունենա։ Վերջին շրջանում հանդիպումները, շփումները, չնայած հարաբերությունների ֆոնին, բավականին հաճախակի բնույթ են կրում, և, ըստ ամենանի, կուտակված շատ հարցեր չկան:

Միաժամանակ կարող ենք նաև նշել, որ ստեղծված աշխարհաքաղաքական «ռասկալդը» վկայում է, որ ՀԱՊԿ-ից, առավել ևս Ռուսաստանի համար ներկայիս փուլում, պետք է բեկումնային որոշումներ սպասել: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ներկայումս ՌԴ ուշադրությունը լիովին այլ տեղում է, իսկ մնացած երկրները, որոնք ՀԱՊԿ-ում են, ըստ էության սպասում են, թե ինչ է լինելու Ուկրաինայում, հատկապես, երբ տեղեկատվական ֆոնն այսօր ՌԴ օգտին չէ:

Ըստ էության՝ ՀԱՊԿ-ն իր, այսպես ասած, լավագույն շրջանում նույնիսկ գործունակ չի եղել, առավել ևս այսօր լուրջ քայլերի ՀԱՊԿ-ում որևէ մեկը պատրաստ չէ: Ակնհայտ է և բնական, որ Ռուսաստանը ձգտում է, որ այս փուլում իր համար խնդիրները հնարավորինս քիչ լինեն:

Արմեն Հովասափյան