Վերջին տասնօրյակի տարածաշրջանի
առանցքային իրադարձությունը օրերս Վաշինգտոնում տեղի ուենցած եռակողմ հանդիպումն էր։
Ինչպես և կարելի էր կանախատեսել՝ հանդիպմանը հաջորդեցին որոշակի գործընթացների։ Նախօրեին
ԱՄՆ Պետդեպարտամենտը մանրամասներ էր հաղորդել Միրզոյան-Բլինքեն-Բայրամով բանակցությունների
մասին:
Մասնավաորապես, թեմայի
հետ կապված, ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսն, ասել է, որ հանդիպմանը նախարարները պայմանավորվել
են ընդլայնել իրենց բանակցությունները և առաջիկա շաբաթներին կազմակերպել ևս մեկ հանդիպում։
Նա նշել է, որ Բլինքենը ներգրավված է եղել քննարկումներում, սակայն օրվա ընթացքում
երկու կողմերի համար հնարավորություններ են ստեղծվոլ հանդիպելու և փորձելու կամրջել
իրենց տարաձայնությունները՝ որոշ դեպքերում առանց ԱՄՆ-ի՝ որպես ակտիվ մասնակցի:
Ի դեպ՝ Փրայսը նաև պարզաբանել
է, որ այն, ինչ իրենք անում են, փորձում են տարածք և հնարավորություն ստեղծել երկու
կողմերի համար՝ միավորվելու, բացահայտելու իրենց տարբերությունները: «Բայց մենք չէ,
որ պետք է նախատեսենք, թե ինչպիսին կարող է լինել երկու երկրների միջև այս կայուն համապարփակ
խաղաղությունը: Մենք նրանց ստորագրման պատրաստ փաստաթուղթ չենք ներկայացնում։ Մենք
անում ենք ամեն ինչ, որպեսզի օգնենք հնարավորություն ստեղծել դիվանագիտության համար,
որը նրանք իրենք պետք է ձեռնարկեն, և դա տարբեր չէ մեր մոտեցումներից՝ ամբողջ աշխարհում
մի շարք այլ մարտահրավերների նկատմամբ»,- հավելել էր դիվանագետը։
Ըստ էության՝ ինչպես կանխատեսվում
էր, ինչը և հաստատում է Փրայսն իր խոսքում, ԱՄՆ-ը առանձին որևէ փաստաթուղթ չունի ձեռքի
տակ, ինչպես նաև չունի հստակ ճանապարհային քարտեզ, թե ինչպիսին պետք է լինի կարգավորումը:
Ամերկիացի դիվանագետի խոսքից ևս մեկ անգամ ակնհայտ է դառնում, որ ԱՄՆ ճանապարհային
քարտեզը և նպատակը խթանելն է, որպեսզի կողմերը միմյանց հետ երկխոսեն, փորձեն լեզու
գտնել այն դեպքում, երբ հարավկովկասյան տարածաշրջանում շարունակվում է լարումը, ավելին՝
Ադրբեջանի կողմից հերթական անգամ հնչում է ռազմատենչ հռետորաբանություն:
Միանշանակ տրամաբանական
է նաև այն թեզը, որ ամերիկյան կողմը բաց տեսքստով այդ մասին հայտարարում է այն ժամանակ,
երբ դրա մասին Սոչիիում խոսեց Վլադիմիր Պուտինը՝ հայտարարելով, որ կա վաշինգտոնյան
տարբերակ (տվյալ դեպքում Պուտինը նկատի ուներ արևմտյան տարբերակ կամ մի հայտարարություն,
որը քննարկվել էր ԱՄՆ-ում):
Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը այսպիսի մոտեցում ունի, քանի որ հեռու է տարածաշրջանից ու չի տիրապետում այս տարածաշրջանի հակամարտությունների առանձնահատկություններին, ինչու ոչ, նաև նրբություններին, նրան, որ այստեղ ամեն բան այդքան հեշտ չէ, ու պատերազմով բոլոր հարցերը չեն վերջացել: Եթե դա այդպես լիներ, այդքան չաչրկված «Խաղաղության համաձայնագիր» կոչվածը կլիներ շատ տարիներ առաջ:
Աներկբա է, որ մեր տարածաշրջանում լուրջ խնդիրներ կան, որոնցից գլխավորը Արցախի կարգավիճակն
ու ապագան է, որտեղ այսօր փաստացի անվտանգությունն ապահովվում է ռուս խաղաղապահների
կողմից, իսկ Ադրբեջանը ցանկանում է, որ խաղաղապահների տեղակայման ժամկետը չերկարաձգվի
(ինչի մասին նոյեմբերի 8-ին բացահայտ հայտարարեց Ալիևը): Ըստ ամենայնի՝ հենց սրանք
են, կարծես թե, այն առանցքային պատճառները, ինչն Ադրբեջանին մղում է դեպի Արևմուտք:
Սակայն մյուս կողմից էլ Մակրոնի սուր հայտարարություններն են, որոնք Ադրբեջանին վանում
են նույն Արևմուտքից: Փաստենք, որ Ադրբեջանը բանակցային բոլոր մայրաքաղաքներում տեսնում
է ինչպես հնարավորություններ, այնպես էլ խնդիրներ, ուստի բարդ է կողմնորոշվել, թե որտեղ
հիմնականում բանակցել, թեև ներկայումս առավելությունը Բրյուսելինն է: Ի դեպ՝ վաշինգտոնյան
վերջին հանդիպումը ցույց տվեց նաև, որ բրյուսելյան հարթակում դեռ ոչ բոլոր հարցերն
են համաձայնեցված ու բանակցված, ավելին, դեռևս բավականին շատ տնային աշխատանք կա անելու:
Այս ընդհանուր ֆոյին չպետք
է մոռանալ, որ, ԱՄՆ-ի ու ԵՄ ջանքերի հետ մեկտեղ, ամեն օր նկատվում է Իրանի՝ Հարավային
Կովկասում պատմական դերի վերականգնում ու նոր դրսևորումներ: Դա
չափազանց կարևոր փոփոխություն է, Իրանը ուղերձներ է հղում ոչ միայն տարածաշրջանային,
այլև արտատարածաշրջանային երկրներին։ Ակնհայտ է, որ արտատարածաշրջանային երկրների շարքում առաջին հերթին հենց արևմտյան երկրներն են,
որոնք փորձում են տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակ փոխել, ինչը Իրանը մտադիր չէ թույլ տալ:
Ամփոփելով՝ ներկայումս Բրյուսելում, Վաշինգտոնում, ինչպես նաև Մոսկվայում
կան խնդիրներ, որոնք չեն լուծվում ու գուցե չլուծվեն: Պարզապես նկատվում է, որ հակամարտող
կողմերը փորձում են նաև խաղալ աշխարհաքաղաքական միջավայրի վրա, տեսնել, թե հանուն այս
տարածաշրջանում ազդեցության ո՞ր կենտրոնն ի՞նչ է առաջարկում, և, ամենակարևորը, ի՞նչ պայմաններով:
Փաստացի կողմերը վերջնականապես չեն մերժում նաև Մոսկվային, տպավորություն է, թե մեծ
սակարկում է ընթանում:
Արմեն Հովասափյան









