Foto

Լևանդովսկուն որակազրկում է սպառնում մրցավարին ոչ պատշաճ ժեստ ցույց տալու համար

«Բարսելոնայի» 34-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է բաց թողնել առաջիկա երեք խաղերը Իսպանիայի առաջնությունում՝ 14-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ խաղում հեռացվելուց հետո տեղի ունեցած միջադեպի պատճառով: Այս մասին հայտնում է El Partidazo de COPE-ը:

Հանդիպման պաշտոնական զեկույցում նշվել է, որ 31-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալուց և հեռացվելուց հետո Ռոբերտը խաղադաշտից հեռանալիս մրցավարի ուղղությամբ ոչ պատշաճ ժեստ է ցույց տվել:

Աղբյուրի փոխանցմամբ, Լևանդովսկին կարող է մինչև 3 խաղով որակազրկվել, որոնք ուժի մեջ կմտնեն արդեն ԱԱ-ից հետո: Ընթացիկ մրցաշրջանում լեհ հարձակվողը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում 19 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 18 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: