Foto

ՏԿԵ փոխնախարարը՝ սկանդալային գործարքի «հովանավոր»․ ապօրինությունը պոզով-պոչով չի լինում

MediaHub-ը պարզել է Արմավիր-Երեւան ապօրինի ուղեւորափոխադրումներով զբաղվող «Ընկերներ տրանս» ընկերության հետ փոխկապակցված հայտնի անձանց ենթադրյալ մասնակցությունն ապօրինի գործարքին։

Օրերս հայտնի դարձավ, որ Ոստիկանության Արմավիրի բաժնի պարեկապահակային ծառայության պետի տեղակալ Ա.Ս.-ն, տեղեկացված լինելով «Ընկերներ տրանս» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից մի շարք վարորդների միջոցով Արմավիր քաղաքի ավտոկայանի հարակից տարածքից դեպի Երևանի կենտրոնական ավտոկայան և հակառակ ուղղությամբ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) ապօրինի ուղևորափոխադրումներ իրականացնելու մասին, այդ աշխատանքները համակարգող, կարգավարի գործառույթներն իրականացնող Գառնիկ Երանոսյանից և Սիփան Հակոբյանից 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածը պահանջել եւ ստացել է շուրջ 220 հազար դրամ կաշառք: Ապօրինի ուղեւորափոխադրումներով զբաղվող ընկերության աշխատակիցներից կաշառք ստանալու մեջ մեղադրվող ոստիկանը կալանավորվեց։

Արմավիր-Երեւան ապօրինի ուղեւորափոխադրումների մասին ահազանգեր եղել են դեռեւս 2018թ․-ից սկսած՝ երթուղին սպասարկող միակ լիցենզավորված՝ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ-ի սեփականատեր Շուշանիկ Խաչատրյանի կողմից։ Նա տարիներ շարունակ հայտարարում էր, որ իր ղեկավարած ընկերության սպասարկած երթուղով ապօրինի փոխադրումներ են իրականացվում։ Խաչատրյանի պնդմամբ, ապօրինի փոխադրումներն իրականցվում էին վերահսկողության բացակայությամբ, իսկ փոխադրումներ իրականցնողները կապ ունեին օլիգարխ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանանի մերձավոր, քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգո անունով հայտնի Ռուբեն Կոստանյանի հետ։ Բոգոն սերտ հարաբերություններ ունի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածների փոխնախարար Արմեն Սիմոնյանի, ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների եւ Արմավիրի ոստիկանության պաշտոնատար անձանց հետ, որոնց հովանավորությամբ էլ տեղի է ունենում ենթադրյալ անօրինական գործարքը։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում պնդում է Շուշան Խաչատրյանը։

Այսօր մեր խմբագրություն են ուղարկվել նկարներ, որոնք փաստում են՝ ապօրինի ուղեւորափոխադրումներ իրականացնող մեքենաները կրկին դուրս են եկել երթուղի (նկարները՝ կից)։

Ի դեպ, «Ընկերներ տրանս» ընկերությունը, մասնակցելով ՏԿԵ նախարարության 2021 թվականի մրցույթին, պարտվել է։ Ու չնայած ընկերությունը պարտվել է, այդուհանդերձ, շարունակում է անօրինական ուղեւորափոխադրումներ իրականացնել՝ Արմավիր-Երեւան երթուղով։ Հիմա այն մասին, թե ովքեր են կանգնած այս ընկերության հետեւում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։