Դատախազությունը պահանջում է Խաչատուր
Սուքիասյանի ընտանիքին զրկել «Սիլ պլազայի» սեփականության իրավունքից ու
քրեական գործ է հարուցել:
Առանց չարախնդության՝ ես սպասում էի սրան:
Նորից եմ կրկնում, ասածիս մեջ ոչ մեկը թող չարախնդություն չտեսնի, որովհետև երբ
2008-ին նույն Սուքիասյանին զրկում էին Բջնիի ջրերի գործարանից, ես հրճվանքի մեջ
չէի:
Բայց եթե այն ժամանակ Խաչատուր
Սուքիասյանի նկատմամաբ «տնտեսական սանկցիաները» բխում էին հետմարտիմեկյան
տրամաբանությունից, ապա հիմա դրանց մոտիվացիան բոլորովին այլ տեղ եմ տեսնում:
Մի քիչ եչկար կստացվի, բայց առաջարկում եմ
հիշել Իլֆի ու Պետրովի «Ոսկե հորթի» հերոսին, ով պանդում էր, որ ամբողջը փրկելու
համար ավելի խելամիտ է հրաժարվել դրա մի մասից: Եթե մտածում եք, որ Խաչատուր
Սուքիասյանի ունեցվածքի գլխին «դամոկլյան սուր» է կախվել, կրկին շտապում եք,
որովհետև սույն «պատասխանատու գործարարի» համար տևական ժամանակ ուղղակի ջերմոցային
պայմաններ են: Նա իր ամբողջ ֆինանսական հզորությամբ կանգնած է Նիկոլ Փաշինյանի
իշխանության ակունքներում և կողքին: Նույնիսկ էկոնոմիկայի մատակարարի, կներեք, նախարաի
հետ «փոքրիկ անախորժությունը» դրա մասին ոչինչ չի ասում:
Իհարկե, ես գերգաղտնի տեղեկությունների չեմ տիրապետում և դավադրությունների
տեսության մեծ մասնագետ չեմ, բայց Նիկոլ Փաշինյանի պոպուլիստական ձեռագրին և երկրի
համար ճակատագրական պահերին «ժողջանին» շեղող մարմնաշարժություններին քաջ ծանոթ
եմ: Ըստ այդմ՝ ինձ թույլ տամ որոշ եզրակացություններ անել սրա մասին:
Եզրակացություն առաջին.
Հայ-ադարբեջանական սպսվելիք «խաղաղության պայմանագրին» ընդառաջ երկրի ներսում
Նիկոլ Փաշինյանը չէր կարող արտառոց քայլ չանել: Սյունիքի կամ Գեղարքունիքի
բնակավայրերի վրա ադրբեջանական հարձակումներն, ըստ ամենայնի, արդեն արդիական չեն,
որովհետև եվրոպական դիտորդները մի կողմից, Ռուսաստանի և Իրանի հայտարարությունները
մյուս կողմից, որոշակի առգելակում են Ալիևի հնարավորությունները՝ սահմանային միջադեպերով
աջակցել Փաշինյանին դժվար իրավիճակներում: Սուքիասյանի «Սիլ Պլազայի» նկատմամբ
դատախազության հանկարծակի հետաքրքրությունը կարող է առժամանակ տեսարաններ
ապահովել՝ շեղելով «պողոսին» առավել էական ու վտանգավոր գործընթացներից: Բայց ես
սրան այդքան կարևորություն չեմ տալիս, որովհետև աղմկոտ դատավարությունների ու «բացահայտումների»
պակաս այս տարիների ընթացքում չունենք, իսկ դրանք ինչպես անակնկալ սկսվում, այդպես
էլ արագ սառեցվում կամ մոռացվում են:
Եզրակացություն երկրորդ.
Ներհասարակական ահագնացող դժգոհությունների, կառավարության տնտեսական կոնֆուզի
(չնայած քերոբյանական վիճակագրությանը) ֆոնին Նիկոլ Փաշինյանին տնտեսական և
ներքաղաքական ոլորտներում վճռական
սանձարձակություն է պակասում, որի համար էլ հենց հարկավոր է զիջել մասը: Անկասկած՝
Սուքիասյանի «Սիլ Պլազան» նոր լիցք կտա Փաշինյանի հռետորաբանությանը, մանավանդ, որ
նրա շատ թիմակիցներ նախկինների թալանի մասին վաղուց, մեղմ ասած, կիսաձայն են
փաստարկում, որովհետև նախկին օլիգարխները հիմա արդեն «հեղափոխության հեգեմոնի»
ֆինանսական և էլեկտորալ հիմքերն են ապահովում: Բայց այս գործընթացը կարող է
նախադեպ դառնալ առավել քստմնելի գործընթացի, որը պատմությանը հայտնի է որպես «կուլակաթափություն»:
«Սիլ Պլազան» Սուքիասյանի համար մեծ կորուստ կարող է չլինել, բայց «կուլակաթափության»
դրոշը պարզած ՔՊ-ական վերնախավը կարող է բառացիորեն մոլեգնել սեփականության
վերաբաշխման մարտադաշտում: Չեմ զարմանա, որ վաղը «Երևան Սիթի»-ներից մեկի
սեփականության իրավունքն էլ վիճարկվի և «կուլակաթափության» ալիքը կտարածվի
կայծակնային արագությամբ: Իսկ կասկածող կա՞, որ «ամենակուլակների» թոփում
հայտնվելու են նախկինները և, այստեղ՝ ուշադրություն, բոլոր նրանք, ում ունեցվածքի
վրա աչք են տնկել ալփիդավոյանները, վահագնհովակիմյաններն ու արսենթորոսյանները:
Այսինքն, մասի կորստով ոչ թե կամ ոչ միայն փրկվում է ամբողջը, այլև
հնարավորություն է ստեղծվում բազմապատկել եղածը՝ ուրիշների ունեցվածքի հաշվին:
Իշխանության առաջին տարիներին Նիկոլ Փաշինյանը կարողացավ, հեղափոխական
էյֆորիայի ֆոնին, յուրացնել պետական ապարատը, պատերազմից հետո, ոստիկանական
մեթոդներով ու Ալիևի ներխուժումներով, փրկվեց ժողովրդի ցասումից ու արդարացի
վրեժից, իսկ հիմա «կուլակաթափությամբ» կարող է երկրում վերաբաժանել
սեփականությունը՝ հավերժացնելու կամ գոնե երկարաժամկետ ապահովելու իր
իշխանությունը:
Ահա թե ինչ վտանգ եմ նշմարում Սիլ Պլազայի պրոցեսից:









