Foto

Սոչիում բեկում չի լինի

Այսօր Սոչիում տեղի է ունենալու Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, քննարկվելու են  հարավկովկայսան տարածաշրջանում ընթացող զզարգացումները, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցերը։ Տարբեր շրջանակների կողմից տիրաժավորվող մեկնաբանություններից կարող ենք եզրակացնել, որ Սոչիում նախատեսվող հանդիպումից մեծ ակնկալիքներ չկան, բեկում, ամենայն հավանականությամբ, չի լինելու։

Օրերս «Վալդայ» ակումբում Վլադիմիր Պուտինը որոշ մանրամասներ բացահայտեց Հայաստանին առաջարկվող վաշինգտոնյան կամ եվրոպական և մոսկովյան տարբերակներից։ Սրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի բացահայտումը, որ դեռ սեպտեմբերին համաձայն է եղել ռուսական առաջարկներին՝ նշելով, որ ակնկալում է, թե ՌԴ-ն կպաշտպանի իր առաջարկները։ Ավելի ուշ Փաշինյանը կրկին անդրադարձել է այս թեմային՝ ասելով, թե պատրաստ է Սոչիում ՌԴ առաջարկների հիման վրա 15 կետանոց փաստաթուղթ ստորագրել: Իր խոսքում Նիկոլը հավելել է, որ համաձայն է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում երկարացվի 10-20 տարով, բայց Ռուսաստանը պիտի պաշտպանի այդ առաջարկը, որովհետև ինքը չի կարող որոշել, որ ՌԴ խաղաղապահներն այնտեղ պետք է մնան ինչ-որ ժամկետով։

Այս փուլում, ըստ էության, նախ ՌԴ-ն որոշակիորեն բացահայտեց առաջարկվող փաթեթը՝ անընդհատ ՌԴ-ին ուղղվող մեղադրանքները դադարեցնելու կամ, մասամբ, գոնե վերացնելու նպատակով։ Ըստ ամենայնի՝ թեման «սլիվ» արվեց հենց նման կերպ՝ ցույց տալու համար, որ, ի վերջո, Ղարաբաղի կարգավիճակի հարցի շուրջ կա ընտրության հնարավորություն, եթե հայաստանյան իշխանությունները ցանկանում են զբաղվել դրանով։

Միանշանակ է և բնականաբար տրամաբանական, որ այստեղ նաև առկա է ռուսական շահը, քանի որ այդ տարբերակը կնշանակի խաղաղապահ առաքելության երկարաձգում, ինչին, ինչպես վերջին օրերին գրում են ադրբեջանական ՏԳ ալիքները, Ադրբեջանը դեմ է։ Եթե եվրոպական տարբերակում Ղարաբաղին անդրադարձ չկա, ապա ինչ-որ մի օր խաղաղապահներն այնտեղ ավելորդ են լինելու, դա ձեռնտու է թե՛ Արևմուտքին, թե՛ Ադրբեջանին, բայց ոչ Արցախի  բնակչությանը։ Անկասկած սա բարդ ընտրություն է, գոյաբանական, ուստի այդ մասին խոսվեց բավականին հստակ։

Ի դեպ՝ բավական դժվար է ասել, թե երկար ժամանակ Բրյուսելում շարունակվող բանակցություններից ու մի շարք հարցեր համաձայնեցնելուց հետո կողմերն ինչպես կդիրքավորվեն ՌԴ առաջարկած փաթեթի վերաբերյալ։

Պետք է շեշտել այն դրվագը, որ Պուտինն իր խոսքում հստակ ընդգծեց, որ ոչինչ չի պարտադրվում որևէ կողմի, ցանկացած իրավիճակի համար ՌԴ-ն իր սցենարներն ունի։ Բացի այդ, աշխարհը դեռ տուրբուլենտության գոտում է, ՌԴ-ի համար հարավկովկասյան տարածաշրջանը, այդ թվում Արցախի հարցն ուղղակի կորցրել է իր առաջնային կարևորությունը, սակայն, ռուսական կողմը հստակ գիտակցում է այս տարածաշրջանում դիրքային կորստի վտանգները։

Այնուհանդերձ մեր ռեգիոնում ՌԴ-ն իր ազդեցությունը որոշակիորեն պահպանում է։ Դա առանցքային հանգամանք է, որը կարող է ցանկացած պահի փոխել իրերի դրությունը։ Թեև ՌԴ իրավիճակից հմտորեն օգտվեցին Արևմուտքում՝ որոշակի ներկայություն և ակտիվություն իրականացնելով Հարավային Կովկասում, սակայն ՌԴ ներկայությունը տեղում ցանկացած պահի կարող է իրավիճակ փոխել։ Պարզապես այստեղ արդեն առաջին պլան է գալիս ՌԴ շահագրգռության մակարդակը։

Կարող ենք արձանագրել, որ կողմերի սպասելիքներն այս պահին Բրյուսելում են, և Սոչիի հանդիպումն ավելի շատ դեկլարատիվ բնույթ է կրում։ Ցավոք հայաստանյան ապիկար իշխանությունը չի առաջնորդվում ազգային շահերով, այլ սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմին։

Արմեն Հովասափյան