Foto

Հանրահավաքն անհրաժեշտ էր, բայց բավարար չէր. Արմեն Բադալյան

Երեկ Արցախի Վերածննդի հրապարակում բազմամարդ հանրահավաք էր։ Արցախցիները դուրս էին եկել ասելու, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և իրենք դրա համար պատրաստ են պայքար մղել։ Հանրահավաքի ուղերձների, բազմամարդության և արցախցիների հնարավոր դիրքորշումների վերաբերյալ Vesti.am-ը հարցեր է ուղղել քաղաքագետ, վերլուծաբան Արմեն Բադալյանին։

-          Պարո՛ն Բադալյան ի՞նչի մասին էր խոսում այդ բազմամարդ հանրահավաքը։

-          Հանարահավաքի հուժկությունն արտաքին տեսքն էր։ Կարևորը, թե դրանից հետո ի՞նչ գործողություններ են տեղի ունենալու։ Հայտարարություն ընդունվեց, որ Հայաստանում ոչ ոք իրավունք չունի հրաժարվել Արցախից և ալյն, և այլն։ Հայտարարությունների ժամանակն անցել է, գործողություններ են պետք է։ Առաջին հերթին պետք է կառավարման համակարգ փոխվի։ Հիմա եղածը բնորոշ է նախապատերազմյան Արցախին, կարծում եմ, ավելի նպատակահարմար էր այն, ինչը որ կար նախկինում՝ Արցախյան առաջին պատերազմի տարիներին, Պաշտպանության պետական կոմիտե։ Այնտեղ այլ հարցեր էլ պետք է լուծել։ Բնականաբար, գործող նախագահը հանդիսանում է այն թիմի անդամը, որ Արցախին տանում է դեպի այս իրավիճակը։ Պետք են նաև կադրային փոփոխություններ։ Հանրահավաքն առանց գործողությունների ոչինչ չի նշանակում։

-          Ի՞նչ մեսիջներ եք նկատել։ Ասում են՝ Արցախն արթնանում է։

-          Տարածված տեսակետ կա, որ Արցախը քնած էր, հիմա էլ արթնանում է, սխալ է՝ Արցախը միշտ էլ արթուն է եղել։ Բայց արթուն լինելն ու գործողություն իրականացնելը տարբեր բաներ են։ Հետքրքիր էր, որ արցախցիներն այևս Հայաստանին չեն դիմում։ Հայտարարության մեջ Հայաստան բառն անգամ չկար։ Սրա համար, կարծում եմ համապատասխան աշխատանք էր տարվել։ Հաջորդ մեսիջն ուղղված էր Ռուսաստանին, ինչը նշանակում է, որ նրանք այևս վստահություն չունեն Հայաստանի նկատմամբ և հույսը կապում են Ռուսատանի  հետ։

-          Ռուսաստանի նախագահն օրերս հայտարարություն արեց, որն ուղղված էր նաև հայ հասարակությանը։ Հանրաքավաքից հետո Արցախը ՌԴ-ից մեսիջեր կարո՞ղ է ակնկալել։

-          Դա դժվար է ասել։ Իհարկե, Արցախը շատ կարևոր է Ռուսաստանի համար, սակայն պետք է նշենք, որ միայն հանրահավաքով մեսիջների սպասելն այնքան էլ իրատեսական չէ։ ՌԴ նախագահը բացահայտ ասաց, որ կա Արցախի հարցի կարգավորման երկու տարբերակ՝ ռուսական և վաշիգտոնյան։ Դա բացահատ ուղղված էր հայ հասարակությանը։ Իսկ Արցախի հանարահավաքում բացահայտ ասեցին, որ հույսը կապում են մոսկովյան տարբերակի հետ։ Սա ևս որպես մեսիջ կարող ենք դիտարկել, քանի որ ընդունված հայտարարության մեջ ամերիկյան ծրագրի մասին խոսք անգամ չկար։ ՌԴ-ից նոր մեսիջների գալը կապված է նրա հետ, թե Արցախն ի՞նչ գործնական քայլեր կիրականացնի։ Հանրահավաքն անհրաժեշտ էր, բայց բավարար չէր։ Բոլոր այն փաստարկները, որ հիմա նախագահական ընտրություններ չեն կարող անել, որ Ադրբեջանը կխանգարի՝ նշանակում է մի բան, որ Արցախի ղեկավարությունը չի ցանկանում փրկության ուղղությամբ քայլեր անել։

Հեղինակ: Աննա Ավետիսյան