Վերջերս հասարակական
շրջանակներում մի թեզ է շրջանառվում, թե ի՞նչ էլ ստորագրի Նիկոլ Փաշինյանը, իրավազոր
չի լինելու, որովհետև նա առանց հանրային լայն քննարկման, առանց հայ հասարակությանը
պատշաճ տեղեկացնելու՝ ճակատագրական որոշումներ կայացնելու իրավունք չունի։ Նորմալ պետության
և իշխանության դեպքում դա, անշուշտ, այդպես է և պետք է այդպես լինի։ Իսկ արդյո՞ք մեր
պոտությունը և իշխանությունն այդպիսին են։ Քննենք՝ տեսնենք։
Երբ 2018-ին Նիկոլը
գրավում էր իշխանությունը, հայտարարում էր, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտրը
մնալու է անփոփոխ, որ Արցախի վերաբերյալ ցանկացած որոշում հրապարակում քննարկելու է
ժողովրդի հետ։ Երբ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրա «Իմ
քայլը» խմբակցությունը ստացավ ճնշող մեծամասնություն, Նիկոլ Փաշինյանը մոռացավ ամեն
ինչ և սկսեց գաղտնի բանակցություններ վարել Ալիևի հետ, խոստումներ տալ, չեղարկել նախկին
բանակցային գործընթացի արդյունքները և բերեց անխուսափելի, իսկ իր պարագայում՝ պարտվողական
պատերազմի։ Արդյունքում մենք հանձնել ենք ոչ միայն անվտանգության գոտին ամբողջությամբ,
այլև Արցախի տարածքի մեծ մասը, Հայաստանի սուվերեն տարածք ենք թողել ադրբեջանական զորքերին
ու խաղաղություն ենք մուրում ամբողջ աշխարհից։ Ո՞ւներ Նիկոլը այդպիսի մանդատ։
Երբ 2021 թվականի արդեն
երկրորդ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլի «ՔՊ»–ն մեծամասնություն
ստացավ, արդյո՞ք նրա ծրագրում խաղաղության գինը նշված էր, արդյո՞ք նրա ընտրողները լսում
ու գիտակցում էին, որ «Ապագայի» գինը լինելու է Արցախից հրաժարումը, Հայաստանից նոր
տարածքների զիջումը Ադրբեջանին, նոր զոհերը, Եվրոպական խաղաղապահները կամ դիտորդները։
Իհարկե ոչ։ Իսկ ունե՞ր Նիկոլը այդպիսի մանդատ։
Եթե խոսում ենք ինչ–որ
մանդատի կամ կիրավունքի մասին, շատ կարևոր է հասկանալ, թե ո՞վ է կիրառում այդ մանդատը
կամ ի՞նչ է նա պատկերացնում՝ մանդատ ասելով։ Հարյուրավոր անգամներ Նիկոլ Փաշինյանը
ամենատարբեր առիթներով ու ամբիոններից հայտարարել է, որ ընտրությունների ժամանակ իր
ստացած քվեն հենց այդ մանդատն է։ Այսինքն, եթե ժողավուրդը կոռուպցիայի դեմ պայքարի
ակնկալիքով իրեն ձայն է տվել, ուրեմն իրնքը դա կարող է ներկայացնել որպես մուրճ, մանդատ,
որպեսզի ինքնակամ որոշումներ կայացնի։ Եվ կապ չունի, որ ժողովուրդը դրա հետ համաձայն
չէ, դրա համար ոստիկաններ, ԱԱԾ և հարկային մարմիններ կան։ Բոլոր ընդդիմախոսներին բանտերը
կլցնեն, կահաբեկեն և նույնիսկ դա արդարացնելու համար կհայտարարեն, որ մանդատ են ստացել
ժողովրդից։ Երկրի ներսում քաղաքական բողոքի ձայնը լռեցնելու, ժողովրդին պատերազմով
ահաբեկելու համար ադրբեջանցիներին նոր տարածքներ, զոհեր ու գերիներ կտան, մարդկանց
իրենց պապենական օջախներից կտեղահանեն ու կրկին դա կարդարացնեն նույն ժողովրդից ստացած
մանդատով։
Հիմա, երբ Արցախի ու
Հայաստանի համար օրհասական ժամեր են, կարծում եք, որ Նիկոլը գեթ մեկ ակնթարթ կերկմտի՞,
որ կործանարար ստորագրության համար մանդատ չունի։ Հանգիստ կացեք, նա դրա մասին արդեն
մտածել է՝ ոչ միայն 21 թվականին ստացած 680 հազար ձայնն է մեր ու աշխարհի վրա վաճառելու
որպես մանդատ, այլև իր մոգոնած համահայկական գագաթնաժողովը, իր կուսակցության վերջին
համագումարը։ Այսինքն որքան էլ մենք կասկածի տակ դնենք Նիկոլի մանդատը, նա ունի
680 հազար քվե, այսինքն խորհրդարանական մեծամասնություն, որը պատրաստ է դակել իր կուռքի
ամեն բըխկոցը, ունի «կոոպերատիվ սփյուռքի» վաստահությունը և իր կուսակցության անվերապահ
հնազանդությունը։ Ի՞նչ վատ մանդատ է։
Հ․Գ․
Իհարկե, այս տողերը կարդացողների մի մասը յուրահատուկ համառությամբ կկրկնի, թե բա ինչո՞ւ Քոչարյանն ու Սերժը մասնակցեցին վերջին ընտրություններին, ինչո՞ւ «լեգիտիմացրեցին» պարտված ու կզած Նիկոլի հաղթանակը։ Թեև համոզված եմ, որ նման մարդիկ լատենտ նիկոլապաշտ են կամ էլ տառապում են խրոնիկ նախկինացավով, բայց ես էլ նրանց մի հարց ունեմ․ իսկ ի՞նչ եք կարծում, եթե Քոչարյանն ու Սերժը չմասնակցեին, լևոնշիրինյաններն ու տիգրանխզմալյանները չէի՞ն մասնակցելու, Արամ Զավենիչը իրեն ընդդիմություն չէ՞ր հայտարարելու, Նիկոլը իր խորհրդարանական մեծամասնության համար ընդդիմություն չէ՞ր գտնելու։ Նայեք «արտախորհրդարանական ուժերի» և Նիկոլի հանդիպումների լուսանկարները, և հկամոզվեք, որ Նիկոլի հաղթանակն իրապես լեգիտիմացնողների պակաս չկա։ Նրանք այսօր յուրովի հաստատում են Նիկոլի մանդատի «ժողովրդավարական» բաղադրիչը։
Նիկոլի մանդատը մեր անտեղի բարեկրթությունն է։









