2023 թվականի պետական բյուջեի նախագիծը կառուցված է այն սկզբունքից ելնելով, որ պետք է երաշխավորվի մակրոտնտեսական կայունություն։ Այս մասին 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Սա առաջին հերթին նշանակում է, որ մենք պետք է էականորեն ավելացնենք հարկային եկամուտները, որովհետև դրանք են այն երաշխիքը, որոնք պետք է ապահովեն միջնաժամկետ հատվածում կառավարության ծրագրերի հուսալի ֆինանսավորում»,- պարզաբանեց Խաչատրյանը։
Ֆինանսների նախարարը հայտարարեց, որ Հայաստանը 2026 թվականին հարկերը պետք է հասցնի համախառն ներքին արդյունքի նկատմամբ 25 % ցուցանիշի:
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ երկրորդ կարևոր հանգամանքը դա ֆիսկալ կոնսոլիդացիան է, ինչը նշանակում է, որ պետք է ապահովել պետական պարտքը համառն ներքին արդյունքի նկատմամբ ցուցանիշի զգալի բարելավում.
«Մենք պետք է հաշվի առնենք բոլոր հնարավոր զարգացումները, որ պարտքը կառավարենք այնպիսի եղանակով, որ դրանք միջնաժամկետ հատվածում չստեղծեն կառավարության հիմնական անելիքների իրականացման ռիսկեր»:
Ֆինանսների նախարարը հայտարարեց, որ Հայաստանը գտնվում է պարտքի բարձր միջակայքում, ուստի նախատեսվում է, որ պետական պարտքը նախորդ տարվա 60,3 տոկոս մակարդակից պետք է նվազի մինչև 50 % չգերազանցող մակարդակի:









