Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը հոկտեմբերի 6-ին՝ 08:00-ից մինչև 20:00-ն, երկրի տարբեր շրջանների երկնքում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 110 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ անօդաչուները ոչնչացվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Տուլայի, Ռյազանի, Օրյոլի, Լիպեցկի և Ռոստովի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, ինչպես նաև Ղրիմի Հանրապետության տարածքների երկնքում։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախորդ մեկ օրվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը հատուկ ռազմական գործողության գոտում ոչնչացրել են երկու կառավարվող ավիառումբ, ամերիկյան արտադրության HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մեկ հրթիռ, 1750 անօդաչու և Ուկրաինայի զինված ուժերի «Ֆլամինգո» տեսակի 17 թևավոր հրթիռ։
Միաժամանակ, Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել էր, որ հոկտեմբերի 6-ի առավոտյան ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս վեցը՝ վիրավորվել։









