ՀՀ բոլոր մարզերում՝ բացառությամբ Արմավիրի և Արարատի մարզերի, մինչև 100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին մասնակի (շուրջ 50%) կփոխհատուցվի աշնանացան ցորենի մշակության ծախսերը։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Հավաստագրված սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվի սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման գնահատված ծախսերը, իսկ չհավաստագրված սերմերի դեպքում՝ միայն պարարտանյութի և դիզելային վառելիքի։
«Կարգավորման նպատակն է աշնանացան ցորենի 1 հա-ի մշակության ծախսերի, մասնավորապես սերմի, պարարտանյութի, դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով՝ նպաստել աշնանացան ցորենի ցանքատարածությունների ավելացմանը՝ նաև չմշակվող հողերի օգտագործման միջոցով, տեղական արտադրության ցորենի ծավալների և տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը, ցորենի ֆիզիկական և տնտեսական մատչելիության ապահովմանը»,-նշված է հիմնավորման մեջ։
Փոխհատուցման գործընթացը կիրականացնեն համայնքները՝ մինչև սույն թվականի սեպտեմբերի 15-ը Էկոնոմիկայի նախարարության հետ կնքված պայմանագրերի հիման վրա։
1 հա-ի հաշվով հավաստագրված, էլիտային կամ 1-ին վերարտադրության սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվի 120․0 հազար դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70․0 հազար դրամ՝ գնահատված ծախսերի շուրջ 50 տոկոսը՝ պայմանավորված հիմնականում մշակության համար անհրաժեշտ շրջանառու միջոցների ձեռքբերման գների աճով։
Հաշվարկը կատարվել է հեկտարի հաշվով 300 կգ սերմացուի, 250 կգ ազոտական պարարտանյութի և շուրջ 70 լ դիզելային վառելանյութի չափաքանակներով։
Ծրագրով նախատեսվում է 2022 թվականին փոխհատուցում տրամադրել 27,500 հեկտար հողատարածքում աշնանացան ցորենի ցանք կատարելու համար։ Ընդհանուր առմամբ՝ փոխհատուցման գումարը 2022 թվականին կկազմի 2 մլրդ 425 մլն ՀՀ դրամ։
Ընդհանուր ծրագրի բյուջեն 2022 թվականին կկազմի 2 մլրդ 497 մլն 750,000 ՀՀ դրամ։
Նախագծով առաջարկվում է Ծրագրի համար 2022 թվականի պետական բյուջեով անհրաժեշտ գումարը հատկացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող մի շարք միջոցառումներից վերաբաշխման միջոցով։









