Foto

Կոնստանտին Զատուլին․ Մոսկվայից Երևան ուղևորվող պատվիրակության այցը չեղարկում ենք, քանի որ անհասկանալի է, թե ինչքան հեռու կարող է գնալ այդ սադրանքը

«Լազարյան ակումբի» խորհուրդը այսօր երեկոյան նիստ է անցկացրել և կայացրել որոշում՝ չեղարկել Մոսկվայից հոկտեմբերի 28-ին Երևան ժամանող ակումբի պատվիրակության այցը, քանզի կազմում ընդգրկված անդամները վստահ չեն, թե Հայաստանի իշխանությունների կայացրած որոշումը Կոնստանտին Զատուլինի նկատմամբ ինչպիսի անդրադարձ կունենա պատվիրակության մնացյալ անդամների վրա, այս մասին «Առավոտի» հետ զրույցում հայտնեց պարոն Զատուլինը: «Ես հերքում եմ այդ որոշման դրդապատճառն առ այն, որ իբրև թե ես արել եմ հայտարարություններ, որոնք վնասում են հայ-ռուսական հարաբերություններին: Ես, հակառակը, կարծում եմ, որ այդ հենց այդ որոշումն է փորձ կատարում խաթարելու մեր հարաբերությունները: Մենք քննարկեցինք այսօր իրավիճակը և եկանք այն եզրակացության, որ Մոսկվայից Երևան ուղևորվող պատվիրակության այցը չեղարկում ենք, քանի որ անհասկանալի է, թե ինչքան հեռու կարող է գնալ այդ սադրանքը: Սակայն, մենք որոշեցինք, որ չնայած ստեղծված իրավիճակին, մենք կանցկացնենք նախատեսվող «Լազարյան ակումբի» հերթական նիստը Երևանում՝ երևանյան անդամների մասնակցությամբ, իսկ Մոսկվայի մասնակիցները կմիանան նիստին օնլայն ֆորմատով, այդ թվում նաև ես: Նիստի թեման ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան է»,-փոխանցեց Զատուլինը: Պարոն Զատուլինը հայտնեց նաև, որ «Լազարյան ակումբը» վաղը հանդես կգա հայտարարությամբ և նշեց, որ ռուս դիվանագետները նույնպես զբաղվում են խնդրով: «Ես շփվել եմ ՌԴ արտգործնախարարի, փոխարտգործնախարարների հետ և ինձ հայտնեցին, որ արտգործնախարարությունը պատրաստում է նոտա՝ դեպքի հետ կապված, որը նպատակ ունի պարզել Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը այս իրավիճակի կապակցությամբ, քանի որ մենք ոչ մի կերպ չենք կարողանում հասկանալ կատարվածը: Մեզ համար տարօրինակ է  ընտրված մեթոդը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ինչ-որ պաշտոնյա հայտնում է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորի այցը արգելող որոշման մասին նամակով»:
Կոնստանտին Զատուլինը հարցին, թե արդյո՞ք այդ որոշումը ունի ոչ թե անձնավորված, այլ քաղաքական կոնտեքստ, համոզմունք հայտնեց, որ, դժվար չէ հասկանալ, որ այն ունի հենց քաղաքական ենթատեքստ:

Ամբողջական հոդվածը՝  «Առավոտ»-ում