Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի
13-14-ը Վլադիմիր Պուտինը Ղազախստանում մասնակցել է Ասիայում փոխգործակցության և վստահության
միջոցների ամրապնդման համաժողովին, ինչպես նաև ԱՊՀ գագաթնաժողովին, որոնց շրջանակում
քննարկվել է նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Համաժողովից հետո Վլադիմիր
Պուտինը հայտարարեց, որ առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հերթական եռակողմ
հանդիպումն անցկացնել՝ ներկայումս հստակեցվում են ժամկետները։
Ըստ էության՝ Ռուսաստանը
հասկանում է, որ տարածաշրջանում ակնհայտորեն թուլացել է և չի բացառվում, որ աշխարհաքաղաքական
անդառնալի բացթողումներ ունենա, ակտիվորեն փորձում է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի
միջև հարաբերությունների կարգավորմանը: Այսօր ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի
և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին փորձում են միջամտել արտատարածաշրջանային
մի շարք խաղացողներ, մասնավորապես՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ը, որոնք հիմնականում օգտագործում են
Մոսկվայի ձեռքբերումները։
Հավելենք, որ Աստանայում
Պուտինը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ, ում հետ վերջին անգամ հանդիպել է հոկտեմբերի
7-ին, Սանկտ Պետերբուրգում, սակայն պայմանավորվել էին ավելի հանգամանալից հանդիպում
ունենալ Աստանայում: Նշենք, որ Աստանայում կայացել էր Արարատ Միրզոյանի հանդիպումը
Սերգեյ Լավրովի հետ, որը շատ քննարկվեց: Ի
դեպ՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների 6-րդ գագաթնաժողովի շրջանակում
տեղի է ունեցել նաև Վլադիմիր Պուտին և Ռեջեփ Թայիբ Էրդողան հանդիպումը: Այս առումով
հատկանշական է այն, որ Էրդողանի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը Պուտինի հետ հանդիպումից
առաջ ասել է, թե «Էրդողանն աշխարհում թերևս միակ լիդերն է, ով կարող է մի սեղանի շուրջ
նստեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն»:
Վերը նշված իրադարձություներից
կարող ենք եզրահանգել, որ Ռուսաստանն իր թուլացած դիրքերը վերականգնելու
փորձ է անում: Սակայն, միաժամանակ, դա սկզբունքային նշանակություն ունեցող հարց չէ
Ռուսաստանի Դաշնության համար:
Ըստ էութան՝ չի բացառվում
գործընթացը վերադարձնել Մոսկվայի հովանու ներքո, բայց դա կախված չէ, օրինակ, միայն
Հայաստանի կամքից, դա կախված է Ադրբեջանից, Ադրբեջան-Արևմուտք, Թուրքիա-Արևմուտք և
ՌԴ-Թուրքիա հարաբերություններից: Սակայն որպեսզի այդ փորձը հաջողվի, հարկավոր է նաև
ինտենսիվ աշխատանք ու հետևողականություն, որի ռեսուրսը ՌԴ-ն կարծես չունի և, բացի Ուկրաինայից,
այլ ռեգիոններում աշխատում է «խնայողական ռեժիմով»:
Երկար դադարից հետո ՌԴ միջամտությամբ տեղի են
ունենալու երկու հանդիպում (առաջինը՝ նախարարների մակարդակով հանդիպումը)։ Ըստ էության
ՌԴ միջնորդությունը պետք է դիտարկել գործընթացի հետագա ճակատագրի հետ կապված, դե իսկ
այդ գործընթացում մնացել է տարածաշրջանային ապաշրջափակման և սահմանազատման հարցերը,
որոնք Բրյուսելը ևս ջանացել է տեղափոխել իր ազդեցության տիրույթ:
Արմեն Հովասափյան









