Foto

Պետականությունն ատողը

Հավանաբար գաղտնիք հայտնած չեմ լինի, քանի որ դրանում համոզվել է համայն հայությունը (խոսքը տվյալ դեպքում բանական ու տրամաբանական հատվածի մասին է), որ Նիկոլ Փաշինյանը ցանկացած բան անում է ոչ թե հանուն պետության, այլ՝ սեփական իշխանության, այդ հանգամանքը նա ապացուցել է քանիցս։ Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է նաև ոչինչ չանելուն։ Նիկոլը խոսում է հանուն իր իշխանության, լռում է հանուն իր իշխանության, ներքաղաքական ու աշխարհաքաղաքական «գիմնաստիկայով» է զբաղվում զուտ հանուն իր իշխանության (ամենաողբերգականն ու անդառնալին այն է, որ այդ ամենը տեղի է ունենում պետականության հաշվին)։ Նա չի էլ թաքցնում՝ ապրում ու գործում է հանուն իշխանության՝ ընդդեմ պետության։

Ըստ էության շատ տրամաբանական է, որ  առաջիկայում այս երկչափ առանցքների ծիրում է պետք քննարկել, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր» կոչվածի հնարավոր ստորագրումը։ Եթե Փաշինյանը ստորագրի հիշյալ պայմանագիրը, ապա ստորագրելու է հանուն իր իշխանության պահպանման, և հակառակը, եթե հրաժարվի ստորագրելուց, ապա սեփական իշխանությունը պահպանելու, տվյալ դեպքում՝ երկարաձգելու նպատակով։

Վերջին շրջանում տարբեր շրջանակների կողմից տեսակետներ են տիրաժավորվում, ըստ որի՝ իրականում Նիկոլը ձևացնում է, թե ցանկանում է օր առաջ ստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի որ գիտի՝ դա անելուց հետո իր իշխանությամբ շահագրգիռ բոլոր արտաքին ուժերի համար գործն ավարտված կհամարվի և ինքը կհեռացվի իշխանությունից։ Եթե անկեղծ՝ նշված մոտեցման հիմքում, կա որոշակի տրամաբանություն, բայց այս կարծիքը չի պատասխանում գլխավոր հարցին՝ որքա՞ն է արտաքին կենտրոններին, այդ թվում՝ Ադրբեջանին ու Թուրքիային մոլորեցնելու Փաշինյանի ռեսուրսը, և արդյոք նա կարո՞ղ է անվերջ խաղալ բոլորի հետ։ Միանշանակ է, որ Փաշինյանն ի վիճակի չէ նման աշխարհաքաղաքական պարտիայի, նա ուղղակի կմնա «պրիոմի տակ», քանի որ նրա ո՛չ դիվանագիտական, ո՛չ քաղաքական կշիռը նման բան ուղղակի թույլ չի տալիս։ Մանր խորամանկությունը, որը համարվում է Նիկոլ Փաշինյանի կրեդոն, աշխարհաքաղաքական մեծ առևտրում չի գործում: Բանն այն է, որ լավագույն դեպքում նմանին ուղղակի պատժում են։

Մի պահ կանգ առնենք և փորձենք դիտարկել ևս մի հնարավոր տարբերակ, որը նույնպես գոյություն ունենալու իրավունք ունի և չի բացառվում, որ հենց դա է ընկած Փաշինյանի դրդապատճառների, հետևաբար նաև գործողությունների հիմքում։ Չի կարելի բացառաել նաև այն, որ եթե Նիկոլը ստորագրի այս դեպքում ՀՀ կապիտուլյացիան ամրագրող պայմանագիրը, ապա դրա շահառուների համար նրա պիտանելիության գործակիցն ու ժամկետը կարող է ոչ միայն չզրոյանալ, այլ հակառակը՝ բազմապատկվել։

Կասկածից վեր է, որ տվյալ իրավիճակում ենթադրյալ խաղաղության պայմանագիրը միանշանակ փոխելու է տարածաշրջանի ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև ռազմաքաղաքական ու կոմունիկացիոն քարտեզը՝ սկսած Ռուաստանի ու Արևմուտքի համար տարբեր նշանակություններ ունեցող ճանապարհների գործարկումից, մինչև ռեգիոնում ռազմական ներկայություն ունեցող երկրների փոփոխություն։ Ահա այդպիսի հիմնարար փոփոխություններ ենթադրող փաստաթուղթը Հայաստանի համար ունենալու է ողբերգական, ընդհուպ՝ գոյաբանական նշանակություն, իսկ Նիկոլ Փաշինյանին հաջորդող ցանկացած իշխանություն փորձելու է գոնե ինչ-որ չափով չեղարկել դրա ազդեցությունը։ Դա, իհարկե, գործնականում անհնարին է թվում, սակայն, քաղաքականությունը, այդուհանդերձ, հնարավորությունների արվեստ է, և, առնվազն, փորձել կարող են բոլորը։

Հետևաբար՝ հենց այս տեսանկյունից «խաղաղության պայմանագիր» կոչվածի կնքման բոլոր շահառուներին՝ Արևմուտքից մինչև Թուրքիա, Ռուսաստանից մինչև Ադրբեջան, գուցե բացառությամբ Իրանի, անհրաժեշտ է, որպեսզի այդ փաստաթղթի իմպլեմենտացիան ընթանա հնարավորինս անցնցում, պետք է մեկը, ով կերաշխավորի դրանով նախատեսված առնվազն հիմնարար, ենթակառուցվածքային փոփոխությունների իրականացումն այնքանով, որ դրանք կանցնեն անդառնալիության կետը։

Եթե այս ամբողջ խճանկարի կտորները համադրում ենք միմյանց հետ, ապա շատ հստակ երևակվում է մի առանցքային իրավիճակ, որտեղ սպիտակ թղթի պես պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանից ավելի հարմար թեկնածու, իր իսկ ստորագրածի իրականացման համար, աշխարհաքաղաքական կենտրոնները հազիվ թե կարողանան գտնել: Ինչը նշանակում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո նրանք ամեն ինչ կանեն՝ նրան հնարավորինս երկար իշխանության պահելու համար։ Ահա այս տեսանկյունից խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է դառնալ ոչ թե Նիկոլի իշխանության վերջը, այլ ճիշտ հակառակը՝ այդ իշխանության երկարաձգման գրավականը։

Արմեն Հովասափյան