ՀՀ իշխանությունների
վերջին շրջանի ամենաթմբկահարված պնդումները կապված են ՀՀ տնտեսական «ձեռքբերումներին
ու նվաճումներին»։ Յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում ՀՀ կառավարման համակարգը տապալածները փորձում են ծեղը գերան սարքած մատուցել հանրությանը և ամենափոքր քայլը ներկայացնել համաշխարհային
նվաճում։
Փորձենք մի քանի
դրվագով ներկայացնել իշխանության տնտեսական մանիպուլյացիաների իրական պատկերը։ ՀՀ-ում
գոյություն ունեցող տնտեսական աճին զուգահեռ՝ ավելացել են նաև պետբյուջեի եկամուտները։
Ենթադրվում է, որ դրան համահունչ պիտի ավելանային նաև բյուջեի ծախսերը, բայց եկամուտների
ավելացումը ոչ մի կերպ չի համապատասխանում ծախսերի ավելացմանը։ Եկամուտների աճի տեմպն
անհամեմատ ավելի բարձր է, քան ծախսերինը։ Եթե եկամուտները տարեսկզբի 7 ամիսներին աճել
են 25,7 տոկոսով, ապա ծախսերը՝ ընդամենը 4,1 տոկոսով։ Նախորդ տարվա համեմատ՝ ավել է
հավաքվել գրեթե 237 մլրդ դրամի եկամուտ, փոխարենը՝ նույն ժամանակահատվածում բյուջեի
ծախսերն աճել են ընդամենը 43,2 մլրդ դրամով։ Եկամուտների աճը 194 միլիարդով գերազանցել
է ծախսերի աճին։
Վերը շարադրածը
խոսում է բյուջեն կատարելու կառավարության կարողության մասին։ Ըստ էության, այսօր մենք գործ
ունենք բյուջեի եկամուտների ու ծախսերի կատարման կատաստրոֆիկ անհամաչափության հետ։
Կառավարությունը չի կարողացել ժամանակին կատարել նախատեսված ծախսերը՝ կարևոր չէ, թե
ինչ պատճառով։ Սա իր հերթին հանգեցնում է նրան, որ բյուջեի ծախսերի յուրաքանչյուր դրամի չկատարումն ի
վնաս տնտեսության է ու հասարակության։ Դա նշանակում է, որ հետաձգվում են նաև այդ գումարների
շրջանակներում իրականացվող ծրագրերը՝ դրանք կլինեն տնտեսության, թե սոցիալական հատվածում։
Իրականում այն 4,1 տոկոսանոց աճն էլ, որն ունենք ծախսերի պարագայում, երբեմն հարկադրված
ծախսեր են։ Ավելին, ավելացել են բյուջեի ծախսերը նաև պարտքի սպասարկման ոլորտում, որը
ևս հարկադրված ծախս է և ենթակա պարտադիր կատարման։ Դրանից բացի, աճել են ինչպես ներքին,
այնպես էլ՝ արտաքին տոկոսավճարները՝ պայմանավորված արտարժութային և գանձապետական պարտատոմսերի
ծավալների աճով։ Իսկ ամենակարևորը՝ ավելացրել է պարտքը՝ մեծացնելով պարտքի սպասարկման
բեռը (Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո ՀՀ պետական պարտքը 6,8 մլրդ դոլարից
հասել է գրեթե 10 միլիարդի)։
Պետք է փաստենք, որ պետական
պարտքն աննախադեպ բարձր տեմպերով ավելացել է՝ հանգեցնելով սպասարկման նպատակով հատկացվող
բյուջետային միջոցների աճին։ Փաստն այն է, որ ՀՀ վերջին 30 տարիների ոչ մի իշխանության
ժամանակ այսպիսի կարճ ժամանակահատվածի կտրվածքով պետական պարտքը նման ակտիվ աճ չի գրանցել։
Չորս տարում պարտքը աճել է գրեթե մեկ երրորդով։ Ավելին, տեղի է ունեցել նաև պարտքի
թանկացում։ Այս տարվա առաջին 7 ամիսներին պետական պարտքի տոկոսավճարների վճարման համար
կառավարությունը հատկացրել է ավելի քան 104 մլրդ դրամ։ Ստացվում է, որ ընդամենը մեկ
տարվա ընթացքում միայն տոկոսավճարների սպասարկման գծով կառավարության ծախսերն ավելացել
են 7 մլրդ դրամով։
Ի դեպ՝ բյուջեի
ծախսերի արձանագրված 4,1 տոկոս աճի մեջ առկա է նաև կապիտալ ծախսերի ավելացման դերը։
Նախորդ տարվա համեմատ՝ այդ ծախսերն աճել են 30 տոկոսով։ Առաջին հայացքից թվում է, թե
կառավարությունը կապիտալ ծախսերի գծով այս տարի շտկել է նախկինում եղած տխուր իրավիճակը,
բայց բոլորովին այդպես չէ, ավելին, խնդիրները խորացել են։ Չնայած կապիտալ ծախսերի արձանագրված
աճին, նախատեսված և կատարված ծախսերի միջև ճեղքվածն ավելի է մեծացել։
Փորձենք ներկայացնել
որոշակի թվական տվյալներ. առաջին երեք եռամսյակների ընթացքում, ճշգրտված պլանով, կառավարությունը
որոշել է կատարել 299 մլրդ դրամի կապիտալ ծախս, բայց հասցրել է
7 ամսում կատարել ընդամենը 119 միլիարդը։ 180 մլրդ դրամի կապիտալ ծախսեր մնացել են
օդում կախված։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ իրավիճակ ունենք այս տարվա կապիտալ ծախսերի
առումով։ Պարզ է, որ 2 ամսում անհնարին է լինելու 1,5 անգամ ավելի շատ կապիտալ ծրագրեր
կատարել, ինչը հնարավոր չի եղել անել 7 ամսում։ Ինչ վերաբերում է ծախսերի կատարմանը,
ապա այս առումով ունենք կատարյալ ձախողում։ Բանն այն է, որ բյուջեի եկամուտները գերազանցում
են ծախսերը, թեև հակառակը պիտի լիներ։ Յոթ ամսում 62 մլրդ դրամով ավելի շատ գումար
է մուտք եղել բյուջե, քան կատարված ծախսերն են։ Արդյունքում՝ ծրագրավորված շուրջ
234 մլրդ դրամ դեֆիցիտի փոխարեն՝ 62 միլիարդի հավելուրդ է գրանցվել։
Ըստ էության, մի կողմից՝ տպավորություն
է ստեղծվում, որ մեր երկրում ծախսեր անելու տեղ չկա, մյուս կողմից՝ կան բազմաթիվ խնդիրներ,
սկսած պաշտպանությունից ու անվտանգությունից, վերջացրած տնտեսական ու սոցիալական ոլորտներով,
որոնք սպասում են լուծման։ Դրանք հետաձգվում են, որովհետև կառավարությունը չունի անհրաժեշտ
կարողություններ՝ ժամանակին կատարելու ստանձնած պարտավորությունները։ Եկամուտները,
ի տարբերություն ծախսերի, այս տարի շատ ավելի բարձր տեմպերով են աճել։ Բայց այնպես
չէ, որ դա կառավարության փայլուն աշխատանքի արդյունքն է։ Բյուջեի եկամուտների ավելացման
գործում մեծ է հիմնականում գնաճի և հարկային բեռի ծանրացման ազդեցությունը։ Ի դեպ՝
գնաճի ազդեցությունը երևում է հատկապես ԱԱՀ վճարներում, որոնք տարվա ընթացքում ավելացել
են գրեթե 56 մլրդ դրամով։ Թանկացել են ապրանքներն ու ծառայությունները՝ մեծացնելով
գանձվող հարկերը։ Դա արտահայտվել է՝ ինչպես ներմուծման, այնպես էլ՝ ներքին արտադրության
պարագայում։
Արմեն Հովասափյան









