Կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահի պաշտոնում իշխող թիմն առաջարկել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն
Հովակիմյանի թեկնածությունը։ Թեմայի վերբերյալ Vesti.am-ը զրուցել է ընտրական տեխնոլոգիաների
մասնագետ Արմեն Բադալյանի հետ։
-
Պարո՛ն Բադլյան, իշխող թիմը ԿԸՀ նախագահի պաշտոնում
առաջարկում է կուսակցական թեկնածու, ինչը երբեք չի եղել։ Սա որքանո՞վ է իրավաչափ։
-
Իրավաչափ
չէ, բայց օրինաչափ է։ 2018թ–ից հետո Հայաստանում ստեղծվել է և գործում է անձնիշխան կառավարման
համակարգ։ Սա նշանակում է, որ ՀՀ-ում բոլոր կառույցները պետք է ենթարկվեն մեկ մարդու
և պետք ղեկավարվեն այդ մարդուն նվիրված անձանց կողմից։ Բնավ կապ չունի, թե խոսքը որ
կառույցի մասին է։ ԿԸՀ-ն դեռ ղեկավարվում էր ոչ յուրային մարդու կողմից։ Իհարկե, նա
այս իշխանության դեմ որևէ քայլ չէր անում և նույն կերպ ծառայում էր այս իշխանությանը, ինչպես նախկինում՝ մյուսներին։ Բայց
նա հավատարիմ մարդ չէր, յուրային չէր, ուստի նրան փոխարինում են հավատարիմ գործիչով։
Սա օրինաչափ է։ Կուսակցական գործիչ լինելը կապ չունի, քանի որ Հայաստանը ժողովրդավար
երկիր չէ։
-
Թեև նկատում եք, որ Մուկուչյանը նույն է անում
հիմա, ինչ նախկինում, սակայն ՏԻՄ ընտրությունները գոհացուցիչ չէին իշխանության համար։
Սա նո՞ւյնպես նպաստել է նրան փոխարինելու որոշմանը։
-
ՏԻՄ ընտրություններում
Մուկուչյանն ավելին չէր կարող անել, այդքան չէր կարող նկարել, ինչքան կարողացել է՝ աջակցել
է։ Նոր ԿԸՀ նախագահի թեկնածուն պարտական է լինելու վարչապետին,
քանի որ նա է իրեն նշանակել, իսկ Մուկուչյանի դեպքում այդպես չէր։ ՄԻՊ, գլխավոր դատախազ
և այն, բոլոր պաշտոններում օրինաչափորեն նշանակվում են մարդիկ, ովքեր յուրային են և
անձնապես հավատարիմ են վարչապետին։ Թեկնածուն արդեն մի քանի փոփոխություններ է առաջարկել
ընտրական օրենսգրքում, որոնք ուղղված են գործող
վարչապետի պաշտոնը պահելու ցանկությունը կատարելուն։ Օրինակ՝ համայնքի ղեկավարի քվերակությունը
փակ անցկացնելը։ Որպեսզի կարողանան ազդել ավագանու այն անդամների վրա, որոնք ընդդիմասիր
են և բաց քվերակությամբ չեն կարողանում ընտրել ՔՊ թեկնածուին, այսպես կկարողանան։ Հովակիմյանն
ամեն ինչ անելու է Փաշինյանի իշխանությունը երկարացնելու համար։
-
Ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 3-րդ մասը
սահմանում է ԿԸՀ անդամին ներկայացվող պահանջները, որոնց Հովակիմյանը չէր համապատասխանում։
Սակայն պարզվում է՝ նրան ԿԸՀ նախագահ դարձնելու համար այդ պահանջները նվազեցրել են։
Սա ևս օրինաչա՞փ եք համարում։
-
Դե յուրե
խախտում չէ։ Պարզապես հակաժողովրդավարական է։ Օրենք չեն խախտել, փոխել են ընտրական
օրենսգրքի բոլոր այն կետերը, որը խանգարում էր դառնալ ԿԸՀ նախագահ և վերջ։ Իրավական
տեսակետից ընթացակարգը պահպանվում է, բայց քաղաքական տեսակետից հետընթաց է ժողովրդավարությունից։
Քանի որ Հայաստանը ժաղովրդավար երկիր չէ և 2018թ–ից հետո գնում է անձնիշխան, ավտորիտար
կառավարման համակարգի ձևավորում, ապա այո՛, սա ևս օրինաչափ է։









