ՀՀ-ում ընթացող
զարգացումները, աներկբա է, որ աշխարհաքաղաքական բևեռների առանցքում ընթացող գործընթացներ
են, որոնց հետ կապված յուրաքանչյուր կողմ իր առանձնահատուկ վերաբերմունքն ու մոտեցումն
ունի։ Այդպես է եղել ողջ պատմական քրոնիկոնում, երբ հենց մեր տարածաշրջանում են բախվել
ու հատվել բոլոր համաշխարհային ուժերի համընդհանուր շահերը, այնպես որ ներկայումս տեղի
ունեցողի մեջ ոչ մի արտասովոր երևույթ չկա։
Ադրբեջանական
վերջին ագրեսիան իր հերթական դրսևորումը գտավ և մի յուրահատուկ ստիմուլ հաղորդեց գեոպոլիտիկ
ապոկալիպսիսի նոր ռաունդի համար, և հավանաբար դրանով էր պայմանավորված Հայաստանում հավատարմագրված
դեսպանների էական ակտիվացումը վերջին մեկ ամսվա ընթացքում։ Թեմայի մեջ գտնվող հատվածի
համար, ըստ էության, բնավ զարմանալի չէր, որ անցնող շաբաթվա ընթացքում Հայաստանում ՌԴ ու
ԱՄՆ դեսպանների ուշադրության կենտրոնում կրկին Սյունիքն էր, այս անգամ՝ նաև Վայոց ձորը:
Ինչպես այս տարվա մայիս ամսին էինք արձանագրել Հայաստանում աշխարհաքաղաքական կենտրոններ
ներկայացնող դեսպանների համաժամանակյա այցը Սյունիք, օրերս ևս Սյունիքի և Վայոց ձորի
մարզերում էին՝ գրեթե զուգահեռ, Սերգեյ Կոպիրկինը և Լին Թրեյսին:
Համաձայն ռուսական
կողմի տարածած հաղորդագրության՝ սեպտեմբերի 28-ին Կոպիրկինը, դեսպանատան ռազմական և
ռազմաօդային կցորդ Վ. Ա. Կոսովը Հայաստանի ու Ռուսաստանի միացյալ զորախմբի հրամանատար
Տիգրան Փարվանյանի հետ այցելել են Ջերմուկ և Գորիս: «Դեսպանը հանդիպել է հայկական բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ,
ծանոթացել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և այս տարվա սեպտեմբերի
13-14-ը գնդակոծությունների հետևանքով սահմանամերձ շրջաններում հասցված վնասներին:
Ուղևորության շրջանակներում Ս. Պ. Կոպիրկինը եղել է նաև Գորիս քաղաքում 102-րդ ռուսական
ռազմակայանի առանձին գումարտակի և Սիսիան քաղաքում
ռուսական խաղաղապահ զորախմբի առանձին ավիացիոն խմբի տեղակայման վայրում»,- նշված
է հաղորդագրությունում: Մյուս հաղորդագրությունից իմանում ենք, որ սեպտեմբերի 27-ին
Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրության համաձայն, Սյունիքի մարզպետ Ռոբերտ
Ղուկասյանն ընդունել է Լին Թրեյսիին, դեսպանի հետ Սյունիք էին այցելել նաև դեսպանության
տնտեսական և քաղաքական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմ Զապֆելը, ԱՄՆ միջազգային զարգացման
գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն, գրասենյակի ծրագրերի համակարգող Հայկանուշ Բագրատունյանը։
«Դեսպանը
փորձել է պարզել, թե Սյունիքի ազգաբնակչության վրա ինչ ազդեցություն են ունեցել սեպտեմբերի
կեսերի հարձակումները, և քննարկելու հումանիտար կարիքները»,- ասված է հաղորդագրությունում:
Այստեղ կարևոր
է փաստել, որ ինչպես ամիսներ առաջ, հիմա առավել ևս, դժվար է պատկերացնել, որ հատկապես
ռուս և ամերիկացի դեսպանները համաձայնեցնում են այցերը ՀՀ մարզեր, սակայն կարծես ոչ
պատահականորեն նրանց այցերը հատկապես Սյունիք պարբերաբար համընկնում են: Իսկ այս ժամանակահատվածն
առանձնահատուկ է, և դեսպանների հետաքրքրությունը պայմանավորված է ոչ միայն ընդհանուր
Սյունիքի շուրջ աշխարհաքաղաքական գործընթացների, այլև այս դեպքում՝ նաև Ադրբեջանի սեպտեմբերյան
հարձակման և տեղում իրավիճակին ծանոթանալու անհրաժեշտությամբ: Այնպես որ պետք չէ բացառել,
որ որոշ դրվագներում, անգամ աշխարհաքաղաքական հակառակորդներն ունենում են համընդհանուր
մոտեցումներ։
Արմեն Հովասափյան









