Foto

Հայաստանի «տնտեսական հրաշքի» մերկությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչության պետն ավետել է, որ երկիր է ներմուծվել բարձր մթերատվությամբ 1327 տոհմային մանր եղջերավոր կենդանի։ Ինչպես կասեր առաքիչ նախարարը, ներդրումները հորդում են։ Օրերս էլ այդ նախարար հորջորջվածը խորհուրդ էր տվել խաղողագործներին՝ գինեգործությամբ ու կոնյակագործությամբ զբաղվել։ Եթե լսես Վահան Քերոբյանին ու Բաբկեն Թունյանին, ապա Հայաստանն իր տնտեսական հրաշքի ֆենոմենով շուտով կգերազանցի Չինաստանին ու Սինգապուրին, իսկ տիեզերական մոտալուտ էքսպանսիան էլ՝ ձեզ նվեր։ Չմոռանամ՝ մի ցուցանիշ էլ կա, որ «աղաղակում» է Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի մասին՝ Ռուսաստանից դրամական ներհոսքը անցյալ տարվա համեմատ 4 անգամ մեծացել է։ Այստեղ կարող էին լինել ձեր ծափահարությունները, եթե հիշեք, որ ամբողջ ամառ պոմիդոր, վարունգ ու բադրիջանը գնել եք գրամներով ու մեկ էլ ձմեռային պահածոների համար, հիշեցի՞ք։ Իսկ կհիշե՞ք, որ անցյալ տարի աշնանից կարտոֆիլի գինը գերազանցում էր դոլարի փոխարժեքը և այս տարի էլ նույնն է լինելու։ Կասեք՝ վատատես ես, բայց գիտե՞ք, թե ինչքան կարտոֆիլի դաշտ է մնացել ադրբեջանական վերահսկողության տակ վերջին ագրեսիայից հետո, քանի՞ հազար հեկտար այս տարի չի ցանվելու։ Իսկ գիտե՞ք, թե քանի հազար գլուխ անասուն է մնացել ադրբեջանցիներին Վարդենիսում, Ջերմուկում, Սյունիքում, քանի՞ հազար հեկտար խոտհարք ու արոտավայր գրավեցին ադրբեջանցիները «խաղաղության օրակարգի» քողի տակ։ Հայստանում տնտեսական ակտիվությունն ու առաջընթացը որոշվում ու ներկայացվում են կեղծ չափանիշներով, ոչինչ չասող վիճակագրությամբ, այլապես ինչպե՞ս կարելի է խոսել տնտեսական հաջողությունների մասին մի երկրում, որի բանակը քլունգի ու բահի խնդիր ունի, թեև գերագույն–գլխավորը հարցրել է ու իրեն ասել են որ խնդիր չկա։ Ինչպե՞ս են մեզ կերակրում թվերով, երբ երկրի ամենամեծ առողջարանային և զբոսաշրջային կենտրոն–քաղաքը շուրջ մեկ ամիս դուրս է տնտեսական շարժից և հայտնի չէ, թե դեռ որքան կմնա «խաղից դուրս», երբ հազարավոր ներքին տեղահանվածներ կան, որ նույնիսկ մատչելի վարձով բնակարան չեն գտնում՝ պատսպարվելու համար։

Պաշտոնական լրատվությամբ ամեն ինչն էլ կարելի է «Զմրուխտե քաղաք» ներկայացնել, բայց հերիք է կանաչ ակնոցները հանել, և Հայաստանի «տնտեսական հրաշքի» իդիլիական կեղծիքի փոխարեն տեսնում ես իրական մերկությունը։

Հ․Գ․

Հոդվածն արդեն հրապարակվել էր, երբ լուր տարածվեց, թե Վահան Քերոբյանն ասել է, «Թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի, և թե՛ Վայոց ձորի մարզերում որոշակի հատվածներ մոտ են պարալիզացված լինելուն: ․․․ Մեզ համար ակնհայտ է, որ, եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան, ապա խնդիրը բավական բարդանում է»: 

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան