Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը
երեկ հայտնեց, որ առաջարկություն է ներկայացրել վերջերս Արցախ տեղափոխված Ռուբեն Վարդանյանին
պետնախարար նշանակելու մասին։ Ռուբեն Վարդանյանը
ռուսաստանաբնակ հայ հայտնի գործարար է, ով շաբաթներ առաջ հրաժարվեց
Ռուսաստանի քաղաքացիությունից և բնակություն հաստատեց Արցախում՝ խոստանալով ներդնել իր ողջ պոտենցիալն Արցախի զարգացման համար։ Վարդանյանն
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Սկոլկովո» կառավարման
մոսկովյան դպրոցի, Հայաստանում UWC Դիլիջան դպրոցի համահիմնադիրն է և «Տրոյկա Դիալոգ» ընկերության
նախկին ղեկավարն ու վերահսկող բաժնետերը։
Վարդանյանի Արցախում բնակվելը, ապա բարձր պաշտոնի առաջադրվելը տարբեր տրամադություններ
է առաջացրել։ Արցախցի պատգամավոր Արամ Հարությունյանը դրական է գնահատում Արայիկ Հարությանյանի՝
Վարդանյանին պետնախարարի պաշտոնում առաջադրելու որոշումը։ «Ռուբեն Վարդանյանի Արցախում
բնակվելու որոշումն այստեղ դրական ընկալվեց։ Հույսեր կա Ռուբեն Վարդանյանի և իր ունեցած արտաքին կապերի
հետ։ Նշանակում դեռ չկա։ Նախագահն առաջարկ արեց, և պարոն Վարդանյանն ասաց, որ պետք
համոզված լինի՝ լայն շարջանակներում նշանակումը դրական ազդեցություն կունենա, հետո
միայն ընդունի առաջարկը։ Հանրային ընկալումն այս հարցի նկատմամբ դրական է։ Հանրությունը
մտածում է, որ պարոն Վարդանյանի Արցախ տեղափոխվելը և պաշտոն զբաղեցնելը կարող է վարակիչ
լինել մեր մյուս հայրենակիցների համար՝ նրանք էլ, գալով, նոր ծրագրեր բերեն, տնտեսական
կյանքն աշխուժացնեն»,- նշեց պատգամավորը։
Արամ Հարությունյանի խոսքով՝ Արցախում դրական են գնահատում նաև այս պահին գործող
պետնախարար Արտակ Բեգլարյանի աշխատանքը և նրա
ներուժը ևս պետք է Արցախին։ Վստահ է՝ նրա պոտենցիալը պետք է որևէ տեղ օգտագործվի, սակայն
դժվարացավ նշել, թե որ պաշտոնում է տեսնում
Բեգլարյանին։ Նշենք, որ միչն պետնախարար նշանակվելը Արտակ Բեգլարյանը զբաղեցնում էր
Արցախի ՄԻՊ-ի պաշտոնը։









