Foto

Ինչպես կանգնեցնել դեպի անդունդ սլացող գնացքը

Քանի որ հավաստի աղբյուրը արդեն երկու օր է` բաց տեքստով գուժում է ապագա աղետը, ապա սուր խնդիր է առաջանում` նույնքան բաց ներկայացնելու իրավիճակը։
Ինչ ունենք
Պետական ինստիտուտների անկենդանությունը, հանրության տոտալ անտեղյակությունը և ընդդիմադիր համակարգերի անադեկվատությունը բերել են այն պահին, որ մենք շուտով կարող ենք АНР (Армянская народная республика` ДНР, ЛНР-ի օրինակով) մուրալ, և չկա որևէ երաշխիք, որ ստանալու ենք։
Ո՞վ է հասկանում իրավիճակը
«Հավաստի աղբյուրը» ճիշտ է ասում. գնացքը գնում է դեպի անդունդ։ Էլ ո՞նց ասի, որ մյուսները հասկանան, որ ինքը գնացքը տանում է դեպի անդունդ։ Ժողովուրդը չի հասկանում, որովհետև ոչ մի համակարգ նրան դա չի բացատրում։ Անհատների բացատրածը կաթիլ է ծովում, դրանով չի հասկանալու։
Խորհրդարանական մեծամասնությունը հասկանու՞մ է. դժվար է ասել։ Խորհրդարանական ընդդիմությունը հասկանո՞ւմ է. նույնպես դժվար է ասել։ Կա մեծ կասկած, որ ամբողջությամբ իրավիճակը չեն հասկանում։ Իսկ եթե հասկանում են, ու վարքագիծը սա է, ապա դա լրիվ ուրիշ թեմա է։
Անպատասխանատու ֆորմատները
Պետական ինստիտուտները ինքնակազմալուծվել են, թաքնվել
«հավաստի աղբյուրի» հետևում՝ մտածելով, թե անձնական պատասխանատվությունից կխուսափեն։ Երրորդ Հանրապետության երեք նախագահների ֆորմատը անհասկանալի արագությամբ ինքնալուծարվեց։ Բիզնես էլիտան վստահաբար արդեն տնավորվում է դուբայներում և կապիտալը հանում։ Այլ էլիտաներ երևի թե չունենք, դրանք վաղուց են զրոյացվել։ Բայց, այնուհանդերձ, որոշակի ռեսուրս կա, որի մասին՝ վերջում։
Ի՞նչ է կատարվում մեր շուրջ
Իսրայելի ՊՆ-ը այցելում է Բաքու, Ադրբեջանի ՊՆ-ը քննարկումներ է անում Իրանի շտաբի պետի հետ, Թուրքիայի ՊՆ-ը Բաքվում է, Էրդողանը պատրաստվում է գնալ Ադրբեջան։
Ի՞նչ ենք անում մենք. գոյատևում ենք հայկական ակվարիումում, որտեղից ոչ միայն աշխարհը, այլև մեր անմիջական տարածաշրջանը չի երևում։ Ալենի (!!) շուրթերով` հաթաթա ռուսներին, և «հավաստի աղբյուրի» ճիշտ և կեղծ արտահոսքեր` սեփական թերթում, քաղաքական մյուս համակարգերի ամլություն։ Սա է մեր մասնակցությունը Հարավային Կովկասի նոր ճարտարապետությանը։
ՈՉ ՄԻ կտրուկ արձագանք։ 2 օրում երկու հարյուրից ավել զոհ տվեց այս ժողովուրդը, 1.5 օր հետո շարունակեց խաղաղ ապրել։ Թուրքը հասավ Ջերմուկ։ Ասում է` չի ստացվում խաղաղություն, բան դուրս չի գալիս, վատ է լինելու. չե'ն լսում։ Ո'չ իր թիմակիցներն են լսում, ոչ՝ ընդդիմությունը, ոչ՝ հանրությունը։
Ի՞նչ է ասում ընդդիմությունը
Ոչ մի բան։ Սպասում է։ Ինչի՞ն՝ չի հասկացվում։ Այս ընդդիմությունը պատրաստ չէ ո'չ արտահերթ, ո'չ հերթական ընտրություններին։ Սա շատ լավ հասկանում են։ Գուցե սպասում են ֆորս-մաժորի՞։ Բայց դա իշխանության սովորական ֆորս-մաժոր չի լինելու։ Դա լինելու է մեր պետության և մեր ընտանիքների անվտանգության ֆորս-մաժորը։ Իսկ սա լրիվ այլ պատմություն է, որը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից։
Ո՞ր քարտեզով է սահմանվելու Հայաստանի սահմանը
Այս վիճակում՝ Ալիևի ցանկությունների քարտեզով։ Դա նույնիսկ «հավաստի աղբյուրի» 1919-20-ը չէ։ Դա բառիս բուն իմաստով` Ալիևի ցանկությունների քարտեզն է։ Իսկ իրական բանակցային քարտեզները գտնվում են Մոսկվայի արխիվներում` շատ պարզ պատճառով. այն նախկին ԽՍՀՄ մայրաքաղաքն է, իսկ մենք «սահմաններ ենք գծում» Բրյուսելում։
Քանի՞ գերի ունենք մենք
Այլ թիվ մի փնտրեք. 3 մլն։ Մենք` Հայաստանում և Արցախում ապրող 3 մլն հայ, գերի ենք «հավաստի աղբյուրի» և Ալիևի ձեռքին։
Ի՞նչ է մեզ սպասում` ոչինչ չանելու դեպքում
Կա'մ Սինջարի եզդիների ճակատագիրը, կա'մ մուրալու ենք АНР (Армянская народная республика) ու խիստ հարց է՝ ստանալո՞ւ ենք, թե՝ ոչ։
Երբ մի հարմար պահի Ադրբեջանը անցնի լայնածավալ հարձակման՝ արևմուտքի դատապարտող հայտարարությունների և կոչերի ֆոնին, ոմանք հասցնելու ենք երկրից փախչել, իսկ 99 տոկոսը կանգնելու է աղետի առաջ։ Ռուսները մի պահից կանգնեցնելու են թուրքերին. թե ո՞ր մարզի սահմանին՝ Աստված գիտի։ Դա կլինի մոտավորապես Արցախյան պատերազմի նման մի պատմություն։ Ու ռուսները ՀՀ նոր իշխանություններին կասեն մոտավորապես նույն տեքստը. ընդունեիք Լավրովի պլանը՝ կլիներ ուրիշ վիճակ, հոկտեմբերի 19-ին կանգնեցնեիք պատերազմը՝ ուրիշ վիճակ կունենայիք։ Դուք էիք մերժում, ու ստացաք նոյեմբերի 9-ի թուղթը։ Իհարկե, հիմա փաստաթղթերի անունները և ժամկետները այլ են լինելու։
Ո՞վ է մեղավորը։ Հայ ժողովուրդը և նրա վերանախավերը ոչնչից հետևություն չեն անում։
Կա՞ հնարավորություն` կանգնեցնելու անդունդ սլացող գնացքը
Միանշանակ կա։ Միջին սերունդը պետք է վերցնի պատասխանատվություն։ Զգա իր մեջ այդ առաքելությունը և գործի ինքնուրույն։ Հերիք է նայենք այլոց ֆորմատներին։
Կա երևանյան և մարզային հանրային գործիչների մի պատկառելի ցանկ` մարդկանց, որոնք հասկանում են իրավիճակը, որոնց համար այս ամենը ողբերգություն է, և որոնք պատրաստ են աշխատանքի։ Հայաստանում շատ արագ, հընթացս պետք է ձևավորվի նոր ծանրակշիռ ընդդիմություն՝ առկա ընդդիմադիր ռեսուրսի և նոր շրջանակների համատեղությամբ։
Այդ ձևաչափը պետք է այս պահին լուծի երեք կոնկրետ խնդիր.
- Դադարեցնել իշխանության կողմից տարվող՝ Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի բախման նոր կենտրոն դարձնելու ավանտյուրան և առաջ քաշել Ռուսաստանի, Իրանի և Արևմուտքի հետ սոլիդ, կշռադատված օրակարգ` ի շահ Հայաստանի և ի բացառում նոր պատերազմի։ Ռուսաստանը, Իրանը և Արևմուտքը պետք է տեսնեն, որ հայ ժողովուրդը «հավաստի աղբյուրի» մորթվելուն սպասող հոտ չէ, այլ՝ պետությունն պահելու ունակ ռեսուրս։
- Արթնացնել ժողովրդին, և պետություն պահելու շուրջ կոնսոլիդացնել հանրության բոլոր ակտիվ ու առողջ շրջանակներին։
- Սկսել հստակ խոսել խորհրդարանական մեծամասնության և պետական ինստիտուտների հետ։