Foto

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործություն թույլ տված ադրբեջանցի զինծառայողներին

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին:

«Ադրբեջանական բանակի կողմից հայ գերիների կամայական մահապատիժները ներկայացնող տեսանյութերը խորապես ցնցող են: Ֆրանսիան ի գիտություն է ընդունում Ադրբեջանի կողմից հայտարարված գործողությունների վերաբերյալ հետաքննությունը և կոչ է անում պատասխանատվության ենթարկել դրանց մեղավորներին։ Ֆրանսիան կոչ է անում ազատ արձակել դեռևս անազատության մեջ գտնվող բոլոր հայ գերիներին»,- ասված է հայտարարության մեջ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հոկտեմբերի 2-ին համացանցում տեսանյութ է տարածվել ադրբեջանցիների կողմից պատերազմական՝ զարհուրելու հանցագործության մասին առ այն, թե ինչպես նաեւ ադրբեջանցի զինվորականները գնդակահարում գերեվարված հայ զինծառայողներին։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի ընթացքում, ՊՆ-ից ևս հաստատել էին տեղեկությունը՝ արձանագրելով, որ դա ադրբեջանական ձեռագիրն է։ Տեղանքի նույնականացում արդեն կատարվել է, ամենայն հավանականությամբ դեպքը տեղի է ունեցել Իշխանասարում։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ սպանված զինծառայողներից մի քանիսն արդեն նույնականացվել է, նրանք համարվում էին անհետ կորած։ Ադրբեջանցիների կողմից գերեվարված հայ զինծառայողներին գնդակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ (միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքով հովանավորվող անձի սպանության) և ՀՀ քրեական օրենսգրքի 148-րդ հոդվածի 3-րդ մասով ( միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ կամ օկուպացված տարածքում պետի, հրամանատարի, վերադասի կամ պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների սահմաններում բոլոր հնարավոր միջոցները չձեռնարկելը՝ ենթակայի կողմից ռազմագերու սպանությունը կանխելու համար):