«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը գրում է. «Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի ջրանջատումների գրաֆիկը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լռությունը: Սա արդեն բացահայտ երկակի ստանդարտների քաղաքականություն է, երբ հստակ և կանխատեսելի կանոնների փոխարեն գործում է ընտրովի մոտեցում։ Նման ընտրովի «սկզբունքայնությունը» լեգիտիմացնում է անհավասար վերաբերմունքը, խաթարում է կարգավորման ինստիտուտի հեղինակությունը։ Ինչպես բազմիցս նշել եմ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս իրավիճակում ևս, անկախ չէ։
Հանրության համար անհասկանալի է, թե ինչու է ջրամատակարարման գրաֆիկային ռեժիմին անցնելը փոքրիկ խմբակի և թղթի վրա անկախ, բայց իրականում նրանց կողմից կառավարվող հանձնաժողովի համար համարվում նորմալ և ընդունելի երևույթ, այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է ազգաբնակչության համար կենսական նշանակություն ունեցող ոլորտին, և այն դեպքում, երբ Հայաստանի էլեկտրական ցանցերում իրավիճակը անգամ մոտ չէր նման մասշտաբի խնդիրների, սակայն մոտեցումները էապես տարբեր էին․ ՀԷՑ-ը խլվեց և զրկվեց լիցենզիայից, իսկ Վեոլիան շարունակում է իր լիցենզավորված գործունեությունը։
Ինչ արած, մայիսի 1-ից ստիպված ենք հաշվի նստել այս իրականության հետ, սակայն Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալու հաջորդ օրվանից այս և նմանատիպ իրավիճակներ այլևս չեն լինի»։









