Foto

ՀՀ ԱԳՆ-ն չի հերքում, որ Միրզոյանը Բրյուսելին նամակ է հղել՝ խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկեն

ՀՀ ԱԳՆ-ն չի հերքում, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ փետրվարի 13-ին Բրյուսել հասցեագրված նամակը, որով Արարատ Միրզոյանը խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։

«Փաստինֆոյի» հետ զրույցում նախարարի մամլո խոսնակ Անի Բադալյանն հիշեցրեց նախորդ տարվա դեկտեմբերի 15-ին իր կողմից տրված մեկնաբանությունը։ «Այն լիովին վերաբերելի է նաև այս պահին: Հայաստանը շարունակում է փոխգործակցությունը ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ:
Առաջարկում եմ ուշադրություն դարձնեք նշածս մեկնաբանությանը, որտեղ տեղեկացրել ենք, որ կան համատեղ քննարկվող նախաձեռնություններ»,-ասաց Բադալյանը։

Խոսնակի հիշատակած հարցազրույցում, մեկնաբանելով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը ԵՄ-ից աջակցություն է խնդրել 2026 թվականին նախատեսվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նկատվող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով, Բադալյանը նշել էր, որ «Տարբեր ուղղություններով Հայաստանի դիմակայունության բարձրացման, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցությունը շարունակական է և նոր չի սկսվել։ Գործընկերության զարգացմանը զուգահեռ դիտարկվում, մշակվում, հաստատվում են ՀՀ ժողովրդավարական, տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված տարբեր նախաձեռնություններ։ Այդ սկզբունքով ընդունվեցին, օրինակ՝ այս պահին իրականացման ակտիվ փուլում գտնվող «Դիմակայունություն և աճ» ծրագիրը, Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման մասին որոշումը։

Բացառություն չէ ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին համահունչ ապահովելու ճանապարհին հնարավոր հիբրիդային սպառնալիքներին հակազդելու նպատակով փոխգործակցությունը, ԵՄ աջակցությունը՝ հաշվի առնելով այս ուղղությամբ ԵՄ ու անդամ երկրների փորձն ու գործիքակազմը։ Համապատասխանաբար, այո, կան այդ ուղղությամբ համատեղ քննարկումների արդյունքում ձևավորված նախաձեռնություններ, որոնց շուրջ որոշումների կայացման պարագայում հանրությունը պատշաճ կտեղեկացվի»,- ասել է Բադալյանը։