ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակի հետ կապված՝ տարբեր երկրներ իրենց դիրքորոշմամբ էին հանդես գալիս՝ իրավիճակին տալով համապատասխան գնահատականներ, բնականաբար սեփական շահերը հաշվի առնելով։ Այս առումով առանձնակի նշանակություն ուներ հատկապես Իրանի դիրքորոշումը, որով նա ուղղակիորեն հանդես եկավ ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմամբ։ Ավելին Գլխավոր ասամբլեայի շրջանակում իրանական կողմն իր հանդիպումների ժամանակ շարունակեց ուշադրության կենտրոնում պահել հարավկովկասյան զարգացումները: ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպում ունեցավ Ջեյհուն Բայրամովի հետ՝ անդրադառնալով ինչպես երկկողմ, այնպես էլ՝ տարածաշրջանային օրակարգերին:
Մասնավորապես իրանական կողմը նշում է, որ իրանցի դիվանագետը խոսել է հարավկովկասյան տարածաշրջանում փոփոխությունների մասին որոշ տեղեկությունների և ապացույցների մասին՝ վերահաստատելով Իրանի հստակ դիրքորոշումը՝ բացահայտ և վճռական ընդդիմանալով տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի և սահմանների ցանկացած փոփոխության։ Իրանական աղբյուրները նշում են նաև, որ նա հերքել է տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների մասին պնդումները և փորձել արդարացնել Ադրբեջանի քայլերը: Հավելենք, որ Արարատ Միրզոյանը ևս հանդիպում է ունեցել Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: «Հանդիպման ընթացքում կարևորվել է երկկողմ օրակարգը հարստացնելու նպատակով համատեղ ջանքերի իրականացումը, հատկապես էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում»,- ասված է հաղորդագրությունում։
Ի դեպ հավելենք նաև, որ Նյու Յորքում տեղի է ունեցել նաև Փաշինյան-Ռաիսի հանդիպում: ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Էբրահիմ Ռաիսին նշել է, որ Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին, և հավելել, որ տարածաշրջանում բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով:
Ըստ էության, գնահատելով Իրանի դիրքավորումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, կարող ենք արձանագրել, որ Իրանը դասեր է քաղել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո տարածաշրջանում ունեցած իր զրոյական դերակատարությունից, ու ներկայիս լարման փուլում Հայաստանի և Ադրբեջանի միջև որպես միջնորդ հանդես գալու կոնկրետ հայտեր է ներկայացնում:
Ակնհայտ է, որ Ադրբեջանը, օգտվելով ՌԴ շուրջ ստեղծված իրավիճակից և Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններից, այն թեմաներից, որոնք կարող են շահագրգռել Արևմուտքին, հրահրեց սահմանին նման իրավիճակ, որն ակնհայտորեն հակասում է Իրանի շահերին: Իրանն արդեն ուղիղ հռետորաբանությամբ ցույց է տալիս, որ առանց Իրանի ոչինչ չի կարող տեղի ունենալ տարածաշրջանում: Սա լուրջ հայտ է, դա անտեսել չի հաջողվի, իսկ թե ինչ տեսք այն կստանա առաջիկա ժամանակաշրջանում՝ բարդ է ասել: Սա, կարելի է ասել, նաև կախված է այն զարգացումներից, որոնք կլինեն հայ-թուրքական հարաբերություններում: Այն, թե ինչպիսի հաջողությամբ կլինի Իրանի նոր դիրքավորումը, վստահաբար, կախված է նաև Հայաստանից ու այս ամենին ՀՀ արձագանքից: Դեպքերի զարգացման ընթացքը հուշում է, որ Թուրքիան ու Ադրբեջանն ամեն ինչ անելու են, որպեսզի դա տեղի չունենա, և ձգտելու են, ինչպես նաև այս էսկալացիան ցույց տվեց, հնարավորինս շատ օգտվել դժվար փուլերից, որոնք առաջանում են ՌԴ համար:
Եթե ուշադիր հետևենք հայաստանյան իրադարձություններին և ներքին դիսկուրսին, ապա կարող ենք նշել, որ չնայած արտաքին քաղաքական վեկտորի փոփոխման թեման կրկին ակտիվորեն քննարկվում է, նման շրջադարձը քիչ հավանական է թվում, հաշվի առնելով այն, թե Հայաստանին կոնկրետ ինչ կարող է առաջարկել Արևմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն: Ի դեպ՝ այս օրերին ԱՄՆ հռետորաբանությունում նկատվում են ակնարկներ հնարավոր աջակցության մասին, սակայն դա ևս քիչ հավանական է թվում: Բացի այդ՝ տպավորություն է, որ սա ոչ թե ՀՀ խնդիրները պակասեցնելու, այլ ՌԴ-ի դեմ կոալիցիան ընդլայնելու և ՌԴ-ին թուլացնելու նպատակ ունի:
Այս ընթացքում հնչած հայտարարությունների ֆոնին կարող ենք փաստել, որ Իրանը փորձում է վերահսկել հնարավոր բոլոր պայմանավորվածությունները, որոնք անցնում են Սյունիքի մարզով, կամ բոլոր զարգացումները, որոնք կարող են վերաբերել Սյունիքին, քանի որ դա դեպի Եվրոպա Իրանի միակ ուղին է, դրա փակումն Իրանի համար կենսական նշանակություն ունեցող հարց է:
Արմեն Հովասափյան









