Մամուլը գրում է, իբր երեկ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ խմբակցության հանդիպմանը
շատ լուրջ խոսակցություն է ընթացել: Աղբյուրներևը հայտնում են նաև, որ պատգամավորների
մտահոգությունն առկա իրավիճակի վերաբերյալ ավելի է խորացել վարչապետի հետ հանդիպումից: Էհ, հետո՞:
Փաշինյանին հումանիտար միջանցք տալու թեզն արդեն 2 օր շրջանառվում
է: Դատելով հենց Փաշինյանի և նրա մերձավորագույն շրջապատի հռետորաբանությունից՝ նա
միջանցք չի էլ փնտրում: Ակնհայտ է, որ Նիկոլին անձնական անվտանգության երաշխիք պետք
չէ, որովհետև նա իր թուրք-ադրբեջանական վիզավիներից ավելի շատ է վախենում, քան ներքին
ընդդիմությունից: Վերջիններից էլ նրան բացառապես կապիտուլյացոն կոնսոլիդացիա է հարկավոր՝
«ժողջանին» ապացուցելու, որ կապիտուլյացիան անխուսափելի էր ու նույնիսկ ընդդիմությունը
դա ընդունեց: Վերջին հաշվով՝ կապիտուլյացիա ստորագրելու համար նրան ոչ մի ընդդիմություն
ու կոնսոլիդացիա էլ պետք չէ, դրա համար ինքը հլու հնազանդ մեծամասնություն ունի խորհրդարանում,
որն էլ կվավերացնի այդ խայտառակությունը: Բայց Նիկոլը նենգ ու խորամանկ է և փորձելու
է կապիտուլյացիայից հետո նաև իր իշխանությունը պահել: Դա նրա վերջին փրկօղակն է, որովհետև
ոչ մի երաշխիք չունի, որ ստորագրելուց հետո Էրդողանն ու Ալիևն իրեն դեն չեն նետի: Ի դեպ, դա մի անգամ նրան հաջողվել է 44-օրյա պատերազմից
հետո, իսկ ինչո՞ւ հիմա էլ չփորձել:
Սա Փաշինյանի ժամանակացույցն է, իսկ մե՞րը: Ըստ ամենայնի՝ ընդդիմությունը
չունի այն ռեսուրսները, որ վերջնաժամկետ դնի նրա առաջ, իսկ Հայաստանն էլ չունի այնքան
ռեսուրս, որ ամեն օր սահմանում զոհեր տանք, տարածքներ զիջենք: Եվ, եթե ճիշտ են այն
լուրերը, թե «պատգամավորների մտահոգությունն առկա իրավիճակի վերաբերյալ ավելի է խորացել»,
ժամանակն է, որ ակտիվ աշխատանք տարվի ՔՊ խորհրդարանական խմբակցության այն անդամների
հետ, որոնք դժգոհ են Փաշինյանի կառավարումից, բայց լռում են, որովհետև դեռ համարժեք
առաջարկ չեն ստացել: Եթե չկան «գաղափարական» պատգամավորներ, ապա երկար փնտրել պետք
չէ, պետք է զբաղվել դրանցից ամենաագահներով: Մանավանդ, որ ՔՊ-ականները լավ հասկանում
են, որ Նիկոլի տապանում բորով չեն տեղավորվելու:









