Foto

Մարդու իրավունքների խորհրդին ՀՀ-ն կներկայացնի «Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ» բանաձևը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան հատվածին և հանդես է եկել ելույթով։

«Հայաստանի տեսլականն ու մտադրությունները միանշանակորեն խարսխված են այն համոզման վրա, որ Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հենասյունը պետք է առավել ամրապնդվի և պատշաճ կերպով ապահովվի անհրաժեշտ ռեսուրսներով՝ երաշխավորելու մարդու իրավունքների միջազգային իրավունքի և հումանիտար իրավունքի խախտումների ու չարաշահումների կանխարգելումը, պատասխանատվությունը և դրանց կրկնության բացառումը։

Ինչպես մեր օրերի շատ այլ ժողովրդավարություններ, մեր հասարակությունը ևս առերեսվում է հիբրիդային սպառնալիքների հզոր ալիքին՝ այդ թվում՝ ապատեղեկատվության, մանիպուլյացիաների և արտաքին միջամտության։ Դրանք թիրախային, համակարգված և ոչ բարեկամական արշավներ են, որոնք միտված են հասնելու հստակ նպատակների, այդ թվում՝ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների արդյունավետ իրացման նկատմամբ մեր քաղաքացիների վստահության խաթարմանը։ Այս մարտահրավերներին դիմակայելը դարձել է մեր ամենօրյա աշխատանքը՝ ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդման միջոցով։

Տարիների ընթացքում իրականացված նշանակալի բարեփոխումները, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների վրա հիմնված քաղաքականության առավել բարձր մակարդակը, ինչպես նաև թափանցիկ ու հաշվետու ինստիտուտներն ապահովել են զարգացման շոշափելի արդյունքներ, որոնք արտացոլված են նաև միջազգայնորեն ճանաչված ինդեքսներում։

1️⃣ «Freedom House»-ի «Ազատությունն աշխարհում 2025» զեկույցում Հայաստանը ստացել է 100-ից 54 միավոր՝ բարձր ցուցանիշներ արձանագրելով քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ոլորտներում։

2️⃣ Նշանակալի արդյունք է նաև այն, որ 2025թ. Հայաստանը զբաղեցնել է 34-րդ հորիզոնականը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս – 2025» զեկույցում՝ արձանագրելով զգալի առաջընթաց նախորդ տարվա 43-րդ տեղի համեմատ։

3️⃣ Համաշխարհային տնտեսական ֆորումի «Գլոբալ գենդերային խզման 2025թ.» զեկույցի համաձայն՝ Հայաստանն առաջատար երկրների շարքում է կանանց կրթական մակարդակի ցուցանիշով և արձանագրել է կանանց ներկայացվածության կայուն աճ քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում։

Մարդու իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների համակարգված և արդյունավետ իրականացմանն ուղղված Հայաստանի հանձնառությանը համահունչ՝ անցյալ տարի գործարկվել է մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման ազգային մեխանիզմի թվային գործիքը՝ Հայաստանի մոնիտորինգային թվային հարթակը (AI-NEMRA)։ Այն կենտրոնացված համակարգ է, որը միավորում է մարդու իրավունքների ոլորտում միջազգային և տարածաշրջանային մեխանիզմների կողմից ներկայացված առաջարկությունները։

Մենք ձգտում ենք էական ներդրում ունենալ միջազգային իրավունքի ամենածանր խախտումների դեմ ուղղված համաշխարհային պաշտպանական մեխանիզմների ամրապնդման գործում։ Այս համատեքստում, Մարդու իրավունքների խորհրդի ընթացիկ նստաշրջանում Հայաստանը ևս մեկ անգամ կներկայացնի «Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ» բանաձևը»։