Foto

«Սիրեք երաժշտությունը, առանց երաժշտության չի լինի». Առնո Բաբաջանյանի երեկոն՝ Երևանում

Նրա ամեն մի երգ գլուխգործոց է, որին անմիջապես ձայնակցում է հանդիսատեսը և դառնում բազմաձայն կատարում։ Այսպիսի աշխույժ, ստեղծագործական մթնոլորտ էր տիրում Երևանում  «Դոմ Մոսկվի» կենտրոնի համերգասրահում՝ «Սիրեք երաժշտությունը, առանց երաժշտության չի լինի» ​​երեկոյի ընթացքում, որը նվիրված էր ականավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 105-ամյակին։

Ողջունելով հյուրերին՝ Երևանում  «Դոմ Մոսկվի» կենտրոնի միջոցառումների կազմակերպման բաժնի ղեկավար Ծովինար Ամիրյանը ընդգծեց Բաբաջանյանի ստեղծագործության հանճարեղությունը, որը դարձել է Հայաստանի և Ռուսաստանի մշակութային ժառանգության անբաժանելի մասը։ «Այստեղ՝ Մոսկվայի տանը, Առնո Արությունովիչի հիշատակը հատուկ նշանակություն ունի, քանի որ նա յուրային էր և՛ Երևանում, և՛ Մոսկվայում՝ միավորելով միլիոնավոր մարդկանց սրտերը իսկական, սահմաններից ազատ արվեստով։ Եվ այսօր այն մեզ բոլորիս կհամակի իր լույսով և ջերմությամբ», – նշեց նա։

Երեկոն սկսվեց «Բավարար չէր ո՜չ երկինքը, ո՜չ երկիրը» վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ, որը պատմում է մեծանուն կոմպոզիտորի կյանքի և գործունեության մասին։

Ծրագրի երկրորդ մասում կոմպոզիտորի երգացանկից իրենց կատարումներով ելույթ ունեցան միջազգային մրցույթների դափնեկիր դարձած երիտասարդ արտիստները՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատարներ Ռոման Խնկոյանը և Արտակ Կուլիջանյանը, Երևանի պետական ​​կամերային երգչախմբի մենակատարներ Գուրգեն Պողոսյանը և Ժաննա Դավթյանը և «Արցախ» ջազ նվագախմբի մենակատար Ալենա Բալույանը։ Հայտնի դաշնակահարուհի Ռուզաննա Գրիգորյանն էլ կատարեց Բաբաջանյանի «Էլեգիա» և «Վաղարշապատի պար» ստեղծագործությունները։

«Ես ծնվել և մեծացել եմ Ռուսաստանում, ավարտել եմ Մոսկվայի կոնսերվատորիան, ուստի Առնո Բաբաջանյանի երգերը կատարելը Երևանում  «Դոմ Մոսկվի» կենտրոնում նշանակալի իրադարձություն է ինձ համար», – մեզ հետ զրույցում նշեց երգիչ Արտակ Կուլիջանյանը։

«Խոստովանեմ, որ շատ կցանկանայի անձամբ հանդիպել Առնո Բաբաջանյանի հետ։ Բայց ես ինձ փարատում եմ նրանով, որ նրա ստեղծագործության մեջ սերն այնքան վառ է արտահայտված, որ չնայած նրան չեմ ճանաչում, լավ պատկերացնում եմ այն զգացմունքները, որոնք նա ցանկացել է արտահայտել իր ստեղծագործություններում, և ես դրանք կատարում եմ մեծ հաճույքով», – խոստովանեց երգչուհի Ալենա Բալույանը։

Երեկոյին ներկա էին Բելառուսի և Թուրքմենստանի դեսպանատների, ռուսաստանյան կազմակերպությունների և մշակութային գործիչների ներկայացուցիչներ։

«Այս երեկոն մեծ հաջողություն էր բոլորիս համար. այսօր մենք կրկին լսեցինք Առնո Հարությունովիչի երգերը: Ուրախ եմ, որ այս միջոցառումը տեղի ունեցավ հենց Երևանում  «Դոմ Մոսկվի» կենտրոնում. չէ՞ որ ապրելով Մոսկվայում, նա իր ստեղծագործությունների մեծ մասը գրել է Երևանում և Դիլիջանում՝ Կոմպոզիտորների տանը: Հիշում եմ, թե ինչպես դեռ վաղ հասակում տղաներով հավաքվում էինք նրա կոթեջի պատուհանների տակ և լսում, թե ինչպես է նա ստեղծագործում», – իր տպավորություններով կիսվեց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը։

Երեկոն, որը տեղի ունեցավ «Ռուսաստանի և Հայաստանի մեծ անունները» միջոցառումների շարքի շրջանակներում, կազմակերպել էին Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչության, Մոսկվայի հայրենակիցների տան և Երևանի Մոսկվայի տան կողմից։