Foto

Եվ թող, որ ես սխալված լինեմ

Որքան էլ Լևոն Տեր–Պետրոսյանը չքմեղանա, թե ինքն ընդամենը կոլխոզում տրակտոր քշող է ու ոչ մի բանից տեղյակ չէ, ամենևին էլ այդպես չէ։ Երեկվա հարցազրույցում Լևոն Տեր–Պետրոսյանը ոչ թե ազնիվ էր, այլ՝ անզգույշ, որպիսին չի եղել ոչ մի անգամ։

Պատմական էքսկուրս անելիս, խոսելով կադրերի մասին՝ առաջին նախագահը կարծես շրջանցեց այն փաստը, որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև նրան շրջապատող քաղաքական և տնտեսական գրեթե ամբողջ բանակը իր բնից դուրս եկած «բազեներն» են։ Նրանք էին, որ 2008–ի մարտի 1–ին հեղեղել էին փողոցները, իսկ դրան հաջորդած ժամանակաշրջանում ցույցեր էին անում ու «հի–մա, հի–մա» վանկարկում, Տեր–Պետրոսյանը բազմանշանակ լռում է այն մասին, որ 2008–ի իր էլեկտորատն էր 2018–ի հեղաշրջման լոկոմոտիվը՝ անկախ նրանից, թե ում թողտվությամբ կամ լռության պարագայում էլ որ այն կատարվեց։ Եվ ամենակարևորը՝ առաջին նախագահը վախվորած լռում է, թե ո՞ւմ քաղաքական թեզերն է մինչև հիմա առաջ տանում Նիկոլ Փաշինյանը Արցախյան հակամարտության կարգավորման, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաշտության ուղղությամբ։ Նա մոլորության մեջ է գցում բոլորիս, թե աշխարհում չկան հարևան երկրներ, որոնց միջև հաշտության պայմանագիր գոյություն չունի։ Այդպիսի երկրներ կան և նրանցից շատերն առանց այդ հաշտության պայմանագրի էլ խաղաղ գոյակցում են, առևտուր են անում և չեն պատերազմում։ Դրա ամենացայտուն օրինակը Ճապոնիան և Ռուսաստանն են, որոնք 2–րդ համաշխարհայինից հետո նման պայմանագիր չունեն, տարածքային վեճ ունեն, բայց չեն պատերազմում։

Տեր–Պետրոսյանի խոսքերում չարություն և չարախնդություն կա, որովհետև ինքը, խոսելով համազգային հաշտեցումից ու միաբանությունից, անընդհատ ակնարկում է, որ մինչև հիմա չի հաշտվել 1998–ին իրեն պարտադրված հրաժարականի հետ, որովհետև նրան մեղադրում էին պարտվողականության, հանձնողականության մեջ, որովհետև ինքը, լինելով հաղթած երկրի ղեկավար, ոչ թե մինչև վերջ պատժեց թշնամուն իր կատարած բարբարոսությունների համար, այլ փորձեց խաղեր տալ Հայաստանի ու Արցախի թիկունքում։ Հիմա Ալիև կրտսերը հենց ի՛ր սխալներից քաղած դասերն է կիրառում, որովհետև պարզագույն ճշմարտությունը հուշում է, որ թշնամու հետ կարելի է հաշտվել միմիայն նրան մինչև վերջ պատժելուց հետո, ինչն ոչ ինքը արեց, ոչ թույլ տվեց դա անել մյուսներին։

Իսկ ի՞նչ կարգավիճակում է այսօր Լևոն Տեր–Պետրոսյանը, արդյո՞ք նա ընդամենը Հայաստանի երեք նախագահներից մեկն է, թե՞ մեկ այլ առաքելություն ունի։ Այս հարցի պատասխանը շատ փակագծեր կբացի, բայց Տեր– Պետրոսյանն ուղիղ այնքան է «անկեղծ», որքան սպասում է Նիկոլ Փաշինյանից։ Նա եկել է տաղավար, որպեսզի ներկայացնի Նիկոլ Փաշինյանի վախերն ու ակնկալիքները։ Նա և իր հոգեզավակն իսկապես հասկանում են իրավիճակի օրհասականությունը, բայց դա ոչ թե երկրին է վերաբերվում, այլ իրենց անձնականին։ Ի՞նչ է ասում Տեր–Պետրոսյանը․ Փաշինյանը հասկացել է, որ իրեն թույլ չեն տալու ստորագրել այն փաստաթուղթը, որի դրույթները մինչև հիմա համաձայնեցվել են տարբեր գաղտնի բանավոր պայմանավորվածություններով, ավելին  ստորագրել արդեն ինքը չի համարձակվում, որովհետև դե՝ «դավաճան, հողատու ․․․»։ Բայց կրկին Տեր–Պետրոսյանը կեղծում է, որովհետև դավաճանի և հողատուի պիտակը Նիկոլի ճակատին խարանված է առհավետ։ Նա հայ ժողովրդի համար Արցախի հարցը թաղել է գրեթե վերջնականապես և նույն այդ ժողովրդին դրա մասին,  իբրև օբյեկտիվ իրականություն, գուժում է Տեր–Պետրոսյանի բերանով։ Լևոն–Նիկոլ տանդեմին ամենաշատը հուզում է այն հանգամանքը, որ ավելին զիջել իրենց թույլ չեն տալիս տարածաշրջանային մյուս ուժերը, որոնք նկատել են այդ հնարավոր հաշտության ստորջրյա ականները և պատկերացնում են թուրքական «մեծ խաղի» վտանգավորությունը։ Միակ բանը, որ հիմա պատրաստ է անել այս զույգը, դա սահմանազատումն է և կապ չունի, թե ի՞նչ սահմաններով և քարտեզներով։ Ե՛վ Տեր–Պետրոսյանը, և՛ Փաշինյանը հասկանում են, որ դա Հայաստանին նոր պատերազմից փրկել չի կարող և փորձում են դրա պատասխանատվության մի,  եթե ոչ մեծագույն, մասը պարտադրել ընդդիմությանը և Վեհափառին, որովհետև Տեր–Պետրոսյանի ամբողջ քաղաքական կոնցեպցիան կառուցվում է Փաշինյանի անկեղծության կանխավարկածի վրա, որին ինքն էլ չի հավատում։

Մի «աննշան» նկատառում․ Լևոն Տեր–Պետրոսյանը ոչ մի բառ, նույնիսկ ակնարկ չհնչեցրեց Փաշինյանի հնարավոր իշխանազրկման մասին։ Նա, նույնիսկ իր հռչակած համերաշխության ենթատեքստում, չի տեսնում այլ իշխանություն, բացի փաշինյանականից։ Հասկանո՞ւմ եք, նա համառորեն պնդում է, որ ոչ մի նոր բանակցող և ոչ մի նոր իշխանություն այկս պահին չի կարող անել ավելին, քան այս իշխանությունը։ Իսկ թե ինչպե՞ս է իրեն «անգրագետ» և անտեղյակ համարող մարդը համարձակվում այդպես պնդել, մեղմ ասած, այլ բժշկի կոմպետենցիայի տակ է, որովհետև Տեր–Պետրոսյանը դժվար թե մոռացած լինի ջաղջախված Էլչիբեյին և վերադարձած Հեյդար Ալիևին։

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան