Երևանի ավագանին այսօրվա նիստում քննարկում է ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Երևանի փոխքաղաքապետ նշանակելու հարցը:
Մինչ ելույթ ունենալը՝ Տիգրան Ավինյանը նախ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Հայաստանի ինքնիշխանության համար մղվող մարտերում զոհված հերոսների հիշատակը.
«Նախորդ շաբաթ Հայաստանը ենթարկվեց ադրբեջանական հերթական ագրեսիային, և մենք ստիպված եղանք կրկին մարտի դաշտում պաշտպանել մեր ինքնիշխանությունն ու սահմանները, այդ ագրեսիան, սակայն, մեզ ոչ թե պետք է ընկճի, այլ սթափության և քրտնաջան աշխատանքի կարևորության մասին հիշեցում լինի: Մեր զինվորների հերոսությունը պետք է պարտավորեցնի մեզ՝ շարունակել ապրել ու արարել, ուժեղացնել մեր պետությունը, զինել բանակը: Հիմա մեզ համար դիմադրությունն ու պայքարը պարզապես այլընտրանք չունեն, սրանք իրողություններ են, որոնց հետ պետք է հաշվի նստենք: Հետևապես, մենք բոլորս ունենք մեկ անելիք՝ աշխատել ավելի մեծ եռանդով:
Յուրաքանչյուր պաշտոն միջոց է՝ նպատակների ու գաղափարների իրականացման և խնդիրների լուծման համար: Ինձ հաճախ են հարցրել, այդ թվում «Իմ քայլը» խմբակցության մե գործընկերները, արդյո՞ք խնդրահարույց չէ փոխվարչապետի պաշտոնից հետո նշանակվել Երևանի փոխքաղաքապետ, բայց ես վստահորեն ուզում եմ ասել, որ, անկախ նախկինում ստանձնած բարձր պաշտոնից ու առաջիկա ընտրությունների հետ կապված քննարկումներից, ինձ համար մեզ պատիվ է լինել իմ ծննդավայր Երևանի փոխքաղաքապետ ու ծառայել Երևանին, երևանցիների »,-իր ելույթում ասաց Ավինյանը:









