Foto

«Բռոննիկ-կասկա» օպերացիան հայտարարված է

«Երկրի պաշտպանությանը մասնակցել ցանկացողները կարող են զինվորագրվել»,- կառավարության նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանն ու դրանով ևս մեկ անգամ՝ 44-օրյա պատերազմից հետո, հայտարարեց «բռոննիկ-կասկա» օպերացիան: Թե ինչ վախճան ունեցավ նախկին օպերացիան, բոլորիս հայտնի է: Բայց հիմա դրա մասին չէ, որ ցանկանում եմ գրել, այլ մի շատ խորքային երևույթի, որը Նիկոլ Փաշինյանին թույլ է տալիս հերթական անգամ մանիպուլացնել հասարակական տրամադրություններն ու դրանք շեղել հիմնական օրակարգից՝ իր հրաժարականից:

Ինչպես 44-օրյա պատերազմի օրերին, այնպես էլ հիմա, առաջնագծի կամավորների մեծ մասը շատ նեղ անձնական նպատակ ունի՝ ժամկետային զինծառայողների հազարավոր հարազատներ սեփական միջոցներով հասել են իրենց զինվորների ստորաբաժանումների տեղակայման վայրեր և նրանց հետ հավասար կրում են բոլոր դժվարությունները, կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել, կիսում են նրանց դժվարությունները: Չեմ թերագնահատում կամ փնովում այս գործելաոճը, որովհետև հատկապես նախորդ պատեազմը ցույց տվեց, որ բանակը երկրի քաղաքական ղեկավարության կողմից դիտարկվում է որպես թնդանոթի մսացու, որի վրա կարելի է բարդել սեփական քաղաքական սխալներն ու հանցանքները: Իսկ թե ինչպե՞ս է զինվորը կռվում, ինչո՞վ և ո՞ւմ աջակցությամբ, իշխող խմբակին չի հետաքրքրում: Իրականությունն այն է, որ զինվորն ու զինվորի ծնողը կռվում են, որ չզոհվեն, իսկ Փաշինյանը դա ներկայացնում է որպես իր կառավարման ձեռքբերում՝ մանիպուլյացիայի ենթարկելով հասարակությանը:

Նրբությունը սակայն այն չէ, որ հայրը կամ եղբայրն այս օրերին իրենց ժամկետային զինվորի կողքին են, դա բնական է, այլ այն, որ նույն այդ հայրերի ու եղբայրների մեծ մասը սրանից օրեր առաջ անտարբեր էին երկրում տիրող ներքաղաքական վայրիվերումներին, Նիկոլի դուդուկի տակ խաղաղության օրակարգ ու «ապագակաապագա» էին սատարում ընտրություններում: Նրանք պատրաստ են պատերազմի դեպքում կայնքը զոհել հանուն բանակում ծառայող իրենց զավակի, ընդունել նրան ուղղված գնդակն ու ռումբի բեկորը, բայց այդ պատերազմն անխուսափելի դարձրած իշխանության դեմ ծպտուն չեն հանի, որովհետև՝ «քաղաքականությամբ չեմ զբաղվում», «ես հարկեր եմ տալիս, որ կառավարությունն ինձ ծառայի», «նախկինները թալանել են», «բա իմ վարկերն ո՞վ փակի», «գյուղապետը տեղեկանք չի տա» և այլն:

Նիկոլ Փաշինյանը շատ իրատես է. պետք չէ պատերազմական դրություն հայտարարել, մոբիլիզացիա կատարել և դրա համար պրեմիաների փողերից հատկացումներ անել, որովհետև առանց դրա էլ ժողովրդի մի ստվար հատվածն իր ծախսով, սննդով ու «բռոննիկ-կասկայով» մարտական գոծողությունների սկզբից արդեն առաջնագծում է, թիկունքը ինքնաբուխ սնունդ ու դեղորայք է ուղարկում, բանակային պահեստներից շուկայում հայտնված համազգեստները, զինվորական կոշիկներն ու քնապարկերը թանկ գնով վաճառվում են: Դրանից էլ լավ ու շահավետ մոբիլիզացիա՞:

Իսկ պատերազմից հետո այդ ինքնաբուխ միաբանությունը կրկին կփոշիանա, որովհետև կամավորների մի մասը, ցավոք սրտի, կդառնա վիավորի, զոհվածի, անհետ կորածի կամ գերու հարազատ՝ իր նոր վշտով ու դժվարություններով, իսկ մյուս մասը, Աստծուն փառք տալով, որ իր որդին ողջ ու առողջ է, նորից խաղաղության օրակարգ ու «ապագակաապագա» կծափահարի:

Կրկին շեշտում եմ, որ նկարագրածս ոչ բոլորին է վերաբերվում, բայց, ցավոք սրտի, դառն իրականության բնորոշ վարքագիծն է

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան