Foto

Պատերազմը՝ հակառուսական հիստերիայի առիթ

Վերջին երկու օրերին ՀՀ-ն գտնվում է փաստացի պատերազմի մեջ, չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները ոչինչ չեն նախաձեռնում երկրում ռազմական դրություն հայտարարելու մասին, թեև բոլոր հանգամանքներն առկա են։ Բացի դրանից՝ մի տեսակ անտարբերություն են դրսևորում ընթացող զարգացումներին։ Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը բավական լուրջ է տրամադրված և իր սադրիչ գործողություններով կոնկրետ թիրախային քայլեր են իրականցնում։

Արձանագրենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական հարձակումն ուղեկցվում է տարածաշրջանի նկատմամբ աննախադեպ դիվանագիտական ուշադրությամբ ու արձագանքներով: Ըստ էության՝ որքան ուշագրավ են միջազգային կառույցների, ՀՀ գործընկեր երկրների արձագանքները, այնքան էլ հայկական կողմի դիվանագիտական ձևակերպումները, որոնք ռեգիոնալ աշխարհաքաղաքականության առումով ուշագրավ ելևէջներ են պարունակում:

Ռազմական գործողությունների հենց սկզբից իշխանությունը զանգերի մեջ էր․ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից սկսած՝ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Վլադիմիր Պուտինի, Էմանուել Մակրոնի, Էնթոնի Բլինքենի, Շառլ Միշելի, Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Իր հերթին՝ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի, Սերգեյ Լավրովի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի հետ, ինչպես նաև երեկ ՀՀ ԱԳՆ-ում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Մինչ այս պահը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և Ադրբեջանի նախաձեռնած ռազմագործողությունների վերաբերյալ հայտարարություններ են տարածել ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Ֆրանսիան, ԵՄ-ն՝ մի քանի մակարդակով, ՆԱՏՕ-ն, ԻԻՀ-ն, ՀԱՊԿ-ը:

Հատկանշական է, որ չկա հասցեական որևէ հայտարարություն, կոչ Ադրբեջանին՝ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ ելման դիրքեր, այն դեպքում, երբ խոսքը ՀՀ տարածքի մասին է: Բոլոր հայտարարություններում կոչեր են ուղղված երկու կողմերին՝ Երևանին և Բաքվին: Միայն Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հայտարարության մեջ էր առկա կոնկրետ հստակություն. «Շատ անհանգստացած եմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով հարձակումների, այդ թվում՝ Հայաստանի բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածների կապակցությամբ»:

Ի դեպ՝ ՀՀ պաշտոնական բոլոր հաղորդագրություններում նկատվւմ է մի օրինաչափություն. երկկողմ շփումների, այս դեպքում՝ հեռախոսազրույցների մասին պաշտոնական բոլոր հաղորդագրություններում ներկայացվում է զրուցակից պաշտոնյայի կարծիքը, գնահատականը իրավիճակի վերաբերյալ, բացի Վլադիմիր Պուտինից, Սերգեյ Լավրովից ու Վալերի Սեմերիկովից: Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցի պաշտոնական հաղորդագրությունում, բացի Նիկոլ Փաշինյանի խոսքից, ներկայացված է, որ Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհրաժեշտությունը:

Կարևոր մի հանգամանքՓաշինյան-Բլինքեն հաղորդագրությունում նշվում է, որ ամերիկյան կողմը խոր մտահոգությունն է արտահայտել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և անթույլատրելի համարել իրադրության հետագա լարումը, իսկ Փաշինյան-Միշել հաղորդագրությունում նշվում է, որ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք գոյություն չունի, և պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել՝ հետագա էսկալացիան կանխելու համար: Ինչ վերաբերվում է Ռայիսի հետ ունեցած հեռախոսազրույցի բովանդակությանը, ապա, ըստ հայկական կողմի հաղորդագրության, Իրանի նախագահը հստակ փաստել է, որ հարավկովկասյան տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է, և Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին: Ավելին, նա ընդգծել է, որ տարածաշրջանում բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, իսկ պետությունների տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է:

Փաստենք, որ չնայած ՌԴ ԱԳՆ-ն, ՀԱՊԿ-ը տարածել են հաղորդագրություններ, միայն հայ-ռուսական պաշտոնական շփումների տեքստերում չկա ՌԴ վերաբերմունքը տեղի ունեցողի վերաբերյալ՝ թեկուզ չեզոք ու անհասցե, ինչպես գրեթե բոլոր այլ գործիչների հեռախոսազրույցների դեպքում: Ըստ էության՝ նորություն չի լինի, եթե նշենք, որ ՌԴ-ն ևս չի անում հասցեական հայտարարություններ՝ լինելով ՀՀ անվտանգության երաշխավորը և ՀՀ ՀԱՊԿ գործընկերը, փորձելով պահպանել հայկական կողմի համար անհասկանալի հավասարակշռություն ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև՝ նույնիսկ ադրբեջանական ագրեսիայի դեպքում: Սակայն հանգամանքը, որ ՀՀ պաշտոնական ձևակերպումներում կա միայն ՀՀ դիրքորոշում, մեղմ ասած, տարօրինակ դիվանագիտական «պահվածք» է, որով փորձ է արվում ընդգծել ՌԴ չեզոք և իբրև թե անտարբեր դիրքորոշումը: Այսինքն հայկական կողմը փորձում է հանգամանալից հանրությանը ներկայացնել Արևմուտքի «սրտացավությունը»՝ այդ ֆոնին ընգծելով ռուսական «անտարբերությունը»։ Սա հերթական հակառուսական քողարկված ակցիան է, որն իրականացնում է անհայրենիքների կառավարությունը։  

Այս ամենի հետ մեկտեղ ընդգծենք նաև, որ հակառուսականության այս ալիքը տեղի է ունենում Վլադիվոստոկում Նիկոլ Փաշինյանը շնորհակալությունների ու գովեստի խոսքերից ու Պուտինին ուղղված դիֆերամբներից հետո:

Արմեն Հովասափյան