Եթե մինչև տարվա վերջ ընդդիմադիր պատգամավորները չվերադառնան, և նրանց բացակայությունների թիվն անցնի թույլատրելիի սահմանը, ՍԴ-ն համապատասխան որոշում կկայացնի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք այժմ պետք է սկսել ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու գործընթաց, Սիմոնյանը նշեց, որ այդ հարցին կարող են անդրադառնալ դեկտեմբերին, երբ նստաշրջանը կավարտվի։
«Մենք կառուցողական ենք եղել և չենք զրկել նրանց մանդատներից, թեև կարող էինք ՍԴ դիմել»,- նշեց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ այդ հարցի վերբերյալ տարբեր կարծիքներ են հնչել կուսակցությունում․ «Նաև կարծիք է եղել նրանց վերադառնալու հնարավորություն տալ, որին ես դեմ եմ եղել։ Ես կարող եմ միայն մի բան ասել․ մեջներից երևի ավելի ճիշտ և արժանապատիվ իրեն պահեց Արթուր Վանեցյանը, որը քաղաքական պատասխանատվությունը վերցրեց իր վրա, ինչպես, օրինակ, մենք, վարչության ընտրություններ նշանակեցինք Լոռու մարզում ընտրություններում պարտվելուց հետո»:









